Իհարկե, պաշտոնական վիճակագիրներն ամեն ինչ անում են՝ Հայաստանի տնտեսությունում տիրող վիճակը վարդագույն ներկայացնելու համար, սակայն իրականությունը զուտ թվեր նկարելով հնարավոր չէ փոխել: Մյուս կողմից կան պաշտոնական թվեր, որոնք պաշտոնական վիճակագիրները չեն կարող փոխել, եւ դրանք փաստում է Հայաստանի տնտեսության ծանր կացությունը:
Այսպես՝ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 252 միլիոն 200 հազար դոլար: Մեկ ամսում` ապրիլի ընթացքում, պետական պարտքն աճել է 56 մլն 100 հազար դոլարով: Իսկ այս տարվա չորս ամիսներին պետական պարտքը, կրկին պաշտոնական տվյալներով, աճել է 173 միլիոն 400 հազար դոլարով: Իսկ վերջին մեկ տարի չորս ամսվա կտրվածքով, այսինքն՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի պետական պարտքն աճել է, ոչ ավել եւ ոչ պակաս, 810 միլիոն 700 հազար դոլարի չափով:
Պետական պարտք լինում է երկու տեսակ` արտաքին եւ ներքին, իսկ պետության անունից պարտք վերցնող սուբյեկտները երկուսն են՝ ՀՀ կառավարությունը եւ ՀՀ կենտրոնական բանկը: ՀՀ կառավարության պարտքը այս տարվա ապրիլի վերջի դրությամբ կազմել է 4 միլիարդ 761 մլն 300 հազար դոլար: Մեկ ամսում գործադիրին բաժին հասնող պարտքն աճել է 53 միլիոն 100 հազար դոլարով: Գործադիրի պարտքերից 3 միլիարդ 968 մլն 200 հազար դոլարը արտաքին պարտքն է, այսինքն՝ այդ գումարը վարկի տեսքով վերցվել է միջազգային ֆինասնական կազմակերպություններից եւ բանկերից: Ի դեպ, վերջին մեկ ամսում կառավարության պարտքի աճի 50 միլիոն 300 հազար դոլարը բաժին է հասնում հենց արտաքին պարտքին: Գործադիրի ներքին պարտքը, այսինքն՝ պարտատոմսերով թողարկված պարտքերը, կազմում են 793 միլիոն 100 հազար դոլար, որը վերջին մեկ ամսում աճել է ընդամենը 2,7 մլն դոլարով:
Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ այս տարվա չորս ամիսներին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու նպատակով օգտագործվել է 27 միլիարդ 400 մլն դրամ փոխառու միջոց, կամ այլ կերպ ասած՝ պարտքով վերցված գումար: Եթե նշված գումարը վերածում ենք դոլարի, ապա այն կազմում է մոտ 56 մլն 300 հազար դոլար, այսինքն՝ այնքան, որքան մեկ ամսում աճել է պետական պարտքը: Այս տարվա անցած չորս ամիսներին պետական բյուջեից 38 միլիարդ 900 մլն դրամ կամ ավելի քան 80 մլն դոլար ծախսվել է պետական պարտքի տոկոսավճարների վրա:
Երեկ ՀՀ կենտրոնական բանկն իր հերթին հրապարակել է Հայաստանի միջազգային պահուստների վերաբերյալ տվյալները: Ըստ այդմ, ապրիլի վերջի դրությամբ պետական միջազգային պահուստները կազմել են 1 միլիարդ 568 մլն 100 հազար դոլար: Այսինքն՝ ստացվում է, որ միայն ապրիլ ամսվա ընթացքում պետական միջազգային պահուստները նվազել են 53 միլիոն 800 հազար դոլարով: Իսկ այս տարվա չորս ամիսների արդյունքներով միջազգային պահուստները նվազել են 172 մլն 100 հազար դոլարով: Ստացվում է, որ ՀՀ կառավարությունն այս տարվա չորս ամիսներին բյուջեի կարիքները հոգալու նպատակով հավելյալ, այսինքն՝ բյուջետային մուտքերից բացի` նոր պետական պարտքեր ներգրավելու եւ միջազգային պահուստները նվազեցնելու ձեւով ծախսել է 345 մլն 500 հազար դոլար:
Եթե այս դինամիկան շարունակվի, ապա տարվա վերջին այդ ցուցանիշը կարող է 800 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլար կազմել: Այսինքն՝ գործնականում կրկնվելու է անցած տարվա ցուցանիշը` Հայաստանի պետական բյուջեն գոյատեւելու է նորանոր պարտքեր վերցնելու եւ նեղ օրվա համար ետ գցած գումարները ծախսելու հաշվին: Մինչեւ երբ կարող է այսպես շարունակվել: Այս հարցի պատասխանն անհայտ է: ՀՀ կառավարությունն ինքն ի վիճակի չէ լուծելու Հայաստանի տնտեսության զարգացման խնդիրը, որովհետեւ հիմնական արգելակը հենց նույն գործադիրի պաշտոնյաներն ու մնացած իշխանավորներն են, որոնց մի մասն էլ տաքուկ տեղավորվել է խորհրդարանում կամ որեւէ գերատեսչության ղեկավարի աշխատասենյակում: Իսկ ամբողջությամբ կոռումպացված իշխանությունների պաշտոնավարման արդյունքում տնտեսությունը չի կարող զարգանալ, առավելագույնը, որ կարող է տեղի ունենալ, այն է, ինչ կատարվում է՝ պետական պարտքի ծավալներն ավելացնելով՝ տնտեսությունում արհեստական պահպանում են կյանքի նշանները:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՍԵՐ ՔԱՂԵՆ
Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձին Ստեփանակերտում կարելի էր հանդիպել Հայաստանի բազմաթիվ հանրային դեմքերի, որոնց սովորաբար շատ դժվար է «բռնացնել»: «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նույն ինքը՝ Ֆլեշ Բարսեղը, որն արցախյան արմատներ ունի, եւս այնտեղ էր: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե նրա գնահատմամբ քառօրյա պատերազմից ինչ դասեր պետք է քաղի հայ հանրությունը: «Նախ մենք, իրոք, մեծ դասեր պետք է քաղենք քառօրյա պատերազմից, ճիշտ է՝ շատ թանկ գնով, բայց… Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ զոհվածների ու վիրավորների ընտանիքների վիշտը մի փոքր սփոփենք: Դա մեր սուրբ պարտքն է: Թե ինչ եմ արել ես, Աստծուն է հայտնի եւ մի քանիսին: Չպետք է աղաղակել արածների մասին: Դասեր պետք է քաղեն իշխանությունները, զինվորականները: Պետք է արագ շտկենք սխալները եւ նայենք դեպի դաշտ՝ դեպի ճակատամարտ»,- պատասխանեց Հայաստանի ամենահայտնի օլիգարխներից մեկը:
ՌԵԳԻՈՆԱԼ ՉԻ ԼԻՆԻ
Երեկ «Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից փորձեց պարզել, թե ինչ փուլում են գտնվում ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերջնական տեսքի բերման աշխատանքները, ԱԺ-ում փաստաթուղթը առաջին ընթերցմամբ ընդունելուց ինչ էական փոփոխություններ են կատարվել դրանում: «Քննարկումները շարունակվում են: Հանձնաժողովում մեկ շաբաթից ավել է՝ կազմակերպվում են աշխատանքային քննարկումները, որից հետո մենք կարող ենք ամբողջացնել եւ այդ «լավաշ» կոչված առաջարկությունների փաթեթը կուղարկենք կառավարություն: Կառավարությունն էլ կընդգրկի, ու կփորձենք տանել առաջ: Էական փոփոխություններ էլ կան, օրինակ՝ ռեգիոնալ կուսակցությունների խնդիրը դուրս է գալիս: Հիմա կոնկրետ որեւէ բան չնշեմ, բայց բավականին լուրջ եւ ծավալուն փոփոխություններ կան»,- պարզաբանեց Սահակյանը:
ՄԵՐ ԱՎԾ-Ն ԷԼ ՈՒՐԻՇ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը շարունակում է նորանոր ռեկորդներ սահմանել: Այս տարվա առաջին չորս ամիսների արդյունքներով ԱՎԾ-ն 1,5 տոկոս գնանկում է արձանագրել: Ավելին՝ պարզվում է՝ գնանկումը արձանագրել են գրեթե բոլոր ապրանքային խմբերում, եւ միայն ծառայությունների մատուցման ոլորտում է, որ պաշտոնական վիճակագիրները 3 տոկոսանոց գնաճ են արձանագրել: Իհարկե, դժվար է ասել, թե ԱՎԾ-ի մասնագետները Հայաստանի այդ որ մասում են նման կտրուկ գնանկում նկատել, բայց, դե, փաստն այն է, որ գրել են: Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ միեւնույն է՝ իրենց գրածները իրականության հետ կապ չունեն, որոշել են մի անգամ էլ «լավ» թիվ գրել, որ մարդիկ ընթերցեն եւ մինչեւ մոտակա խանութը հասնելը մի փոքր ուրախանան:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԿՄԵԿՆԻ ՖՐԱՆՍԻԱ
Մայիսի 12-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ հանդիպումներ կունենա Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոյի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
ԴԺԳՈՀԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլյան իրադարձությունների ժամանակ իրականացված ռազմական հանցագործությունների փաստերին՝ Սարգսյանն ընդգծել է նման անթույլատրելի եւ դատապարտելի երեւույթներին միջազգային հանրության եւ մասնագիտացված կառույցների կողմից համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում նշվել է հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ներդրման եւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Կողմերը երկուստեք ընդգծել են, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
ԿԱՅՑԵԼԵՆ
ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլը եւ Ջուզեպպե Գալատին մայիսի 11-13-ը կայցելեն Հայաստան: ԵԽԽՎ պաշտոնական կայքի փոխանցմամբ` «Այցի նպատակն է Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման մոնիթորինգը: Կքննարկվեն նաեւ Սահմանադրական բարեփոխումների շրջանակում իրականացվող քայլերին, ընտրական համակարգի բարեփոխումներին եւ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր»: Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ղեկավար Սիրանուշ Սահակյանի, ինչպես նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ Ազգային ժողովի խմբակցությունների, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
ԷԼԻ ՄԵԿՆԵՑ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատեւ արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում: Այդ ընթացքում Աժ նախագահին կփոխարինի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԵՐԿԱՐԱՁԳԵՑԻՆ
Երեկ դատարանի որոշմամբ երկու ամսով երկարաձգվել է «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի կալանքի ժամկետը: Հիշեցնենք, որ Մարգարյանը ձերբակալվել էր հունվարի 16-ին` Նորք-Մարաշում վնասազերծված զինված հանցախմբի հետ համագործակցելու, խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու կասկածանքով:
ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
«Ոչ մի երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Հակամարտության երկարատեւ կարգավորման համար մենք շարունակում ենք կոչ անել կողմերին ցուցաբերել բարի կամք եւ նստել բանակցային սեղանի շուրջ»,- երեկ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է հակամարտության բազմակողմ կարգավորման համատեքստում»:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: