Քառօրյա պատերազմից քաղած դասերի մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց ԼՂՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի հետ:
-Պարո՛ն Մնացականյան, ի՞նչ դասեր քաղեցինք մենք քառօրյա պատերազմից:
-Մենք ամեն պատերազմից հետո վերլուծում ենք եւ այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում: Դասեր քաղելու անհրաժեշտություն չկա: Անհրաժեշտ է հետեւություն անել, ավելի արդյունավետ կիրառել ամեն ինչ:
-Հիմա պաշտպանվողական տակտիկա ենք վարում, եւ գրեթե ամեն օր լսում զոհերի մասին: Հասարակական-քաղաքական շրջանակներում այդ դիրքորոշման արդյունավետությունը բարձր չի գնահատվում:
-Մենք, երբ պետք է՝ պաշտպանում ենք, երբ պետք է՝ հարձակվում ենք: Այդպիսի բան չկա:
-Պարո՛ն Մնացականյան, խոսվեց այն մասին, որ մենք տարածքներ ենք կորցրել, որոնք թեեւ այդքան էլ նշանակալից տարածքներ չեն, բայց, այնուամենայնիվ, կորուստ ունենք, ե՞րբ ենք վերադարձնելու այդ տարածքները:
-Երբ որ դրա անհրաժեշտությունը լինի: Մենք տարածքներ չենք կորցրել:
-Իսկ հիմա չկա՞ անհրաժեշտությունը:
-(Չի պատասխանում) Ք.Մ
Մայիսի 9-ին ԼՂՀ ՊԲ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանը քառօրյա պատերազմի ընթացքում կատարած աշխատանքի համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Նրա հրամանատարությամբ գործող տանկային ստորաբաժանումները կարճ ժամանակահատվածում, հրետակոծության ներքո կարողացել են հարավարեւելյան ուղղությամբ կանխել հակառակորդի առաջխաղացումը:
«Ժողովուրդ»-ը հենց առաջնագծում զրուցեց ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ գտնվող N զորամասի հրամանատար Մարտին Ջհանգիրյանի հետ` պարզելու, թե հրամանատարական շրջանակները քառօրյա պատերազմից ինչ դասեր քաղեցին:
-Նախ մենք ինչ պատրաստում էինք, քառօրյա պատերազմում դա իրականացավ: Մենք տեսանք մեր պատրաստվածության աստիճանը: Այս ընթացքում մենք համոզվեցինք, որ այսօրվա մեր զորամասը պատրաստ է ցանկացած խնդիր կատարելու եւ այդ խնդիրը փայլուն կերպով իրականացրեց: Նախ ամեն ինչ սկսեց հանկարծակի, իսկ հանկարծակի իրավիճակում մեր զորքը, ստորաբաժանումները եւ զինծառայողները կարողացան առանց խուճապի մատնվելու իրենց առջեւ դրված խնդիրը բարեհաջող իրականացնել:
-Դուք մարտական խաչ շքանշանի եք արժանացել, կասեք՝ կոնկրետ Ձեր ո՞ր քայլի համար այդ բարձր պարգեւին արժանացաք:
-Առաջինը այն բարձր կոչումը, որին մենք արժանացանք, դա բոլորիս գնահատականն է: Կոչում ստացած զինծառայողների մեջ կան ե՛ւ ժամկետային զինծառայողներ, ե՛ւ սպաներ: Ես գտնում եմ այդ խաչը ոչ միայն իմն է, այլ այդ խաչի մեջ ամփոփված են մեր բոլոր ենթակաների սխրանքները: Նրանք փայլուն կերպով իրենց առաջադրանքը կատարեցին, կարողացան կարճ ժամանակահատվածում, իրավիճակում կողմնորոշվել, ստեղծված իրավիճակի մեջ իրենց փայլուն ներգրավվածությամբ հակառակորդին համապատասխան հարված հասցնել:
-Ձեր ենթակայությամբ գործող զորամասից երկու զինվոր զոհվել է եւ հետմահու արժանացել «Մարտական խաչ» շքանշանի:
-Իրենք երեւի մեր բոլորից լավն էին: Իրենց համեստությամբ, խիզախությամբ, մարտական բարձր ոգով կարողացան իրենց խնդիրը կատարել եւ առաջինը նետվեցին մարտի դաշտ: Հենց իրենք առաջինը կարողացան հակառակորդի թեկուզ մեկ մետր առաջ անցած խրամատը, որտեղ հակառակորդը մի քանի րոպե իր դրոշը բարձրացնելով՝ ցանկանում էր նշել, որ այդ խրամատը իրենցն է, մեր զինվորները կարողացան իրենց զինտեխնիկայով ջախջախել հակառակորդին եւ հետ շպրտել: Իրենք մեր միջի ամենից լավն էին, ամենից խիզախն էին եւ բոլորի կողմից ամենից հարգվածը: Մենք միշտ հիշելու ենք իրենց:
-Այս պահին ինչպիսի՞ն է իրավիճակը առաջնագծում:
-Ես միանշանակ կարող եմ ասել, որ հենց առաջին օրն էլ մեզ մոտ խուճապի նախանշաներ ընդհանրապես չկար: Բոլորը կարծես թե բարձր տրամադրությամբ եւ փայլուն կերպով նետվեցին մարտի դաշտ, եւ յուրաքանչյուր զինծառայող հենց ինքն էր ուզում առաջինը լինել խնդիրի կատարման շրջանում՝ մարտի դաշտում: Խուճապի մասին խոսել չի կարելի, որովհետեւ ես նման իրավիճակ չեմ տեսել: Ընդհանրապես զինծառայողները բարձր տրամադրությամբ, բարձր ոգով կարողացան իրենց առաքելությունը կատարել: Եվ այսօր էլ բոլորը համախմբված, մեկ մարդու նման, բարձր տրամադրությամբ պատրաստ են կանխել որեւէ ոտնձգություն:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ
Արթիկի ՔԿՀ քրեակատարողական հիմնարկում լարված իրավիճակ է: «Ժողովուրդ»-ը մայիսի 4-ին գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրանք ինֆորմացիա Էին ստացել, որ հաճախ արգելված սնունդ Է մտնում կալանավայր, դրա համար որոշել Էին հերթական «սապոգային» ստուգումն իրականացնել: Արդյունքում դադարեցվեցին «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները:
Եվ, ահա, երեկ «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ, որ Արթիկի քրեակատարողական հիմնարկում կալանավայրի ղեկավարների եւ դատապարտյալների միջեւ միջադեպ է տեղի ունեցել: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Արթիկի ՔԿՀ պետ Արտյոմ Մխոյանը, նրա տեղակալը, անվտանգության աշխատակիցը վիճաբանել են ՔԿՀ-ի դատապարտյալներ Արման Խալաթյանի, Գարիկ Սապոյանի, Գեւորգ Մկրտչյանի հետ: ՔԿՀ-ում խոսակցություններ կան, որ միջադեպը սկսվել է այն բանից, որ ՔԿՀ ղեկավարությունը նրանց հանձնարարական է տվել, ինչը հրաժարվել են կատարել տղաները:
Իրավիճակն այն աստիճանի է բարդացել, որ նշյալ դատապարտյալները, փակվելով խցում, փորձել են ինքնավնասել իրենց: Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ ՔԿՀ դատապարտյալների պատմելով՝ միջադեպին խառնվել է Արթիկի ՔԿՀ-ի, այսպես ասած, «զոն նայող» ոմն Նարեկը: Ըստ դատապարտյալների՝ վերջինս ոչ թե պաշտպանել է դատապարտյալների իրավունքը, այլ ճիշտ հակառակը՝ ՔԿՀ պետ Մխոյանի հետ փորձել են ճնշել տղաներին: Լուրեր են շրջանառվում, որ դատապարտյալների եւ ՔԿՀ ղեկավարության միջադեպը սկսվել է թղթախաղ խաղալու հարցից: Չի բացառվում, որ նշված դատապարտյալներին խցակիցները փորձել են ներքաշել թղթախաղի մեջ, սակայն մերժվել են: Ու անհասկանալի է այս իրավիճակում ՔԿՀ ղեկավարության դժգոհ դիրքորոշումը: Արտյոմ Մխոյանի հրահանգով միջադեպից հետո տղաները տեղափոխվել են դատապարտյալների համար նախատեսված պատժախուց:
Դատապարտյալները պահանջում են Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նա լսի իրենց եւ վերականգնի իրենց ոտնահարված իրավունքները:
Տեղեկացնենք, որ Գարիկ Սապոյանը ազատազրկման է դատապարտվել սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, իսկ Գեւորգ Մկրտչյանը եւ Արման Խալաթյանը ազատազրկման են դատապարտվել գողություն կատարելու մեղադրանքով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ
Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:
ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄ
Մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արեւմտյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Թոմաս Լենկը /Գերմանիա/: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցելու դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում ավարտվել է «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել բժշկական կենտրոնի 2 մանկաբարձ-գինեկոլոգի՝ մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ եւ անբարեխիճ վերաբերմունք դրսեւորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծննդկանի մահը: Ապացույցների համակցությամբ՝ մանկաբարձ-գինեկոլոգներ Շ. Բախշյանին եւ Ա. Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԿՈՉՈՎ
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է Շուշի եւ հանդիպել ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով Մարտակերտի շրջանի տարբեր բնակավայրերից տարհանված եւ բերդաքաղաքում ապաստանած մի խումբ բնակիչների հետ: «Բացի Թալիշ եւ Մատաղիս գյուղերից՝ մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները, քանի որ նոր վտանգների հիմքեր չկան, եւ իրավիճակը մեր վերահսկողության տակ է: Ուզում եմ հավաստիացնել, որ ձեր խնդիրները գտնվում են կառավարության ամենօրյա հոգածության ներքո, եւ ձեր վերադարձից հետո նույնպես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել»,- ասել է Ա. Հարությունյանը: