Նորություն չէ, որ Հայաստանում մսխվում են ոչ միայն պետական բյուջեի, այլեւ դրամաշնորհային եւ վարկային միջոցները: Այսպես մսխվել են նաեւ գյուղատնտեսության ոլորտին անցած տարի հատկացված վարկային միջոցները: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի շրջանակներում վարկեր են տրվել այնպիսի ընկերությունների, որոնք պաշտոնապես սնանկ են ճանաչվել:
2014 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2015 թվականի նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից ֆինանսավորվել են թվով 169 հայտեր` 865.7 մլն դրամ եւ 1 մլն 168 հազար 900 դոլար գումարով: Ֆինանսավորված ենթավարկերի գերակշիռ մասը` շուրջ 91 տոկոս, տեղաբաշխվել է ունիվերսալ վարկային կազմակերպությունների միջոցով, դրանցից շուրջ 92 տոկոսը տրամադրվել են անհատ ձեռներեց չհանդիսացող ֆիզիկական անձանց: Ի դեպ, ֆինանսավորված ենթավարկերի շուրջ 59 տոկոսը տրամադրվել է անասնաբուծության նպատակով:
Նշված ժամանակաշրջանում Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի կողմից ենթավարկերը բանկերին եւ ունիվերսալ վարկային կազմակերպություններին տրամադրվել են դրամայինը՝ 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով, իսկ դոլարայինը` 4 տոկոսով: Վերջիններս դրանք վարկառուներին են տրամադրել` դրամայինը մինչեւ 16 տոկոս տարեկան տոկոսադրույքով, իսկ դոլարայինը` մինչեւ 12 տոկոսով: Ստացվում է, որ այդ վարկերը քաղաքացիներին տրվել են կրկնակի, նույնիսկ՝ եռակի ավել տոկոսադրույքով: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ վերահսկիչ պալատը ինչպես անցած տարի, այնպես էլ 2014 թվականին վերահսկողություն է իրականացրել այս ոլորտում: Նախորդ ստուգումների արդյունքում պարզվել է, որ վարկերը տրամադրվել են վարկառուներին դոլարը մինչեւ 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով, դրամը` մինչեւ 17.7 տոկոսով: Այսինքն՝ անցած տարի դրամը 1.7, իսկ դոլարը 2 տոկոսով է պակաս տրվել մարդկանց:
Բացի այս, 2014 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2015 թվականի նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում հատկացված վարկային եւ դրամաշնորհային միջոցներից թվով երկու ընկերություններում կատարվել է 61 մլն դրամի ներդրում եւ թվով չորս ընկերությունների տրամադրվել է 175 մլն դրամի փոխառություն: Թվով 10 ընկերություններում կատարվել է 1 մլրդ 436 մլն դրամի ներդրում, որից վեցին տրամադրվել է նաեւ 671 մլն դրամի փոխառություններ: Նշվածներից մեկ ընկերության բաժնետոմսերը դեռեւս 2014 թվականի հունիսին վաճառվել են, եւ ներդրված 200 մլն դրամը հետ է վերադարձվել:
Սակայն ՎՊ ստուգմամբ պարզվել է, որ ծրագիրն իրականացնողների կողմից չեն ապահովվել բաժանորդագրման պայմանագրով հիմնադրամի եւ ընկերությունների կողմից երաշխավորված նվազագույն հիմնական գործառնական եւ ֆինանսական ցուցանիշները: Բացի այդ՝ ընկերությունների կողմից պետք է կատարվեին 1 մլրդ դրամ շահութաբաժնի եւ փոխառության գումարի վճարում, սակայն վճարման ժամանակացույցերի փոփոխման արդյունքում 252 մլն դրամի վճարումը հետաձգվել է, եւ վճարվելիք գումարի չափը սահմանվել է 748 մլն դրամ, որից վճարվել է ընդամենը 409 մլն դրամ: Պարտքը կազմել է 339 մլն դրամ, իսկ ժամկետանց օրերի տույժը` 53 մլն դրամ:
Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը մշակել է ներդրումների իրականացման եւ վերակառուցման գծով իրականացվելիք գործողությունների ծրագիր, ըստ որի՝ ընկերությունները բաժանվել են երեք խմբի: Առաջինը` անհույս ընկերություններն են, որոնց պարտավորությունները հիմնադրամի եւ այլ ֆինանսական կառույցների հանդեպ գերազանցել են առկա ակտիվները:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս խմբում ներառվել են չորս ընկերություններ, որոնցից երկուսը պաշտոնապես սնանկ են ճանաչված, իսկ մյուս երկուսը մի քանի տարի է՝ չեն գործում եւ փաստացի սնանկ են: Այդ ընկերություններում կատարվել է 595 մլն դրամի ներդրում, եւ տրամադրվել են փոխառություններ: Պարտավորությունները հիմնադրամի նկատմամբ կազմում են 810.6 մլն դրամ: Հիմա ձեռնարկվում են միջոցներ բանակցությունների, վաճառքի, դատական մարմիններին դիմելով եւ այլ միջոցներով վերը նշված վնասը վերականգնելու ուղղությամբ: Ի դեպ, արդեն մեկ ընկերության նախկին բաժնետերը զիջել է ակտիվները հիմնադրամին եւ հիմնադրամը տարաժամկետ վճարման պայմանով բաժնետոմսերը վաճառել է ֆիզիկական անձանց:
Իսկ, ահա, ռիսկային ընկերությունների խմբում ներառվել են թվով երկուսը, որտեղ կատարվել է ներդրում եւ տրամադրվել փոխառություններ 420 մլն դրամի չափով: Անցած տարվա ապրիլի 22-ի դրությամբ դրանց պարտավորությունները հիմնադրամի նկատմամբ կազմել են 538.2 մլն դրամ:
Ծրագրով նախատեսվել է դուրս գալ այդ ընկերություններից, քանի որ այդ ընկերությունները չեն ցանկանում հիմնադրամին ընդունել որպես գործընկեր, չունեն հաշվապահական ընդունելի համակարգ, չեն անցնում աուդիտ եւ չեն ապահովում հաշվետվությունները: Իսկ 3-րդ՝ պոտենցիալ համագործակցող ընկերությունների խմբում ներառվել են երեք ընկերություն, որոնց տրամադրվել է 105 մլն դրամի անտոկոս ստորադաս փոխառություններ: Դրանցից մեկում կատարվել է եւս 46.8 մլն դրամի ներդրում՝ չսահմանելով նվազագույն եկամտաբերություն եւ նվազագույն շահութաբաժին, մեկում փոխառությունների մարման համար սահմանվել է 3 տարի արտոնյալ ժամկետ, եւ հետաձգվել է լրիվ մարման ժամկետը:
Կարծում ենք՝ ներկայացվածը բավարար է` պատկերացում կազմելու համար այս համակարգում տիրող վիճակի մասին: ՎՊ կողմից արված այս եւ բազմաթիվ այլ բացահայտումները, սակայն, ցավոք այդպես էլ որեւէ հետագա ընթացք չեն ունենում իրավապահ մարմիններում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ