Բանակցության սեղանի տեղերի ուշագրավ տեղաբաշխումը. Սարգսյան-Ալիև հանդիպմանը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ Հայաստանի ժամանակով կեսգիշերին մոտ, Վիեննայում տեղի ունեցավ Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Հանդիպումը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների միջնորդությամբ եւ անմիջական մասնակցությամբ: Երեկ ողջ օրը՝ մինչ հանդիպման մեկնարկը, դեռ հայտնի չէր՝ Սարգսյան-Ալիեւ դեմ առ դեմ հանդիպում տեղի կունենա՞, թե՞ ոչ: Սակայն Երեւանի ժամանակով 23.00-ին հանդիպումն, այնուամենայնիվ, մեկնարկեց:

Միջնորդների նման ներկայացուցչական մասնակցությունը արդեն իսկ փաստում էր, որ աշխարհաքաղաքական կենտրոնները որոշել են միահամուռ կերպով կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ: Եւ ուշագրավը բանակցության սեղանի տեղերի բաշխումն էր: Սերժ Սարգսյանի կողքին նստած էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը: Նրանց դիմաց նստած էին Իլհամ Ալիեւը, որի մի կողմում նստած էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, մյուսում՝ Ֆրանսիայի պետնախարար Հարլեմ Դեզիրը:

Սեղանի վերին մասում նստած էր ԱՄՆ պետ քարտուղար Ջոն Քերրին, որի ձախ կողմում նստած էր իր տեղակալը՝ Վիկտորիա Նուլանդը, եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերչիկը, իսկ աջում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Հանդիպումը տեւեց ավելի քան մեկուկես ժամ: Հանդիպումից հետո, սակայն, կողմերը հրաժարվել էին որեւէ հայտարարություն անել:

Սերժ Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այն հարցին, թե ինչպես է անցել հանդիպումը, պատասխանել էր՝ նորմալ: Նա նաեւ ասել էր, որ համանախագահները շուտով հայտարարություն կտարածեն: Մեկ բան ակնհայտ էր, որ հանդիպման արդյունքում, կարծես թե, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, իսկ թե ինչ են պայմանավորվել կողմերը, առաջիկա օրերին պարզ կդառնա: Թեեւ ի սկզբանե նախատեսվում էր, որ լինելու է հանդիպում զրոյական արդյունքով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս