«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ լրագրողները ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել են, թե ճիշտ է, որ N զորամասի հրամանատար Սերյոժա Գեւորգյանը, որին գործարար Սամվել Ալեքսանյանն իր վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան էր նվիրել, աշխատանքից ազատվել է: Խոսնակն առանց որեւէ ճշտման պատասխանել է. «Հնարավոր է, ես էդպես ամեն մի ազատումն ու նշանակումը չեմ կարող մեկնաբանել եւ ճիշտ էլ չեմ գտնում մեկնաբանելը»: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ իրականում Գեւորգյանը պաշտոնանկ չի արվել եւ շարունակում է իր ծառայությունն իրականացնել: Իսկ նվիրված ամենագնացը գրանցել են զորամսի հաշվեկշռում եւ օգտագործվում է որպես ծառայողական ավտոմեքենա:
Իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Չկա նման բան, ինչ հեռացնել, դրանք խոսակցություններ են: Այդ մարդը լավ բան է արել, իր անձնական մեքենան է նվիրել, դա մեր գործունեության համար ենք օգտագործում, ինչի համար ինձ պետք է գործից հանեն»: Ներկա պայմաններում ավելի լավ կլինի, որ Հովհաննիսյանը նման դեպքերում խնդիրը ճշտելուց հետո իրեն իրավունք վերապահի պատասխան տալ, այլ ոչ թե որոշել` չեղած փաստը մեկնաբանե՞լ, թե՞ ոչ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: