ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Վիեննայում մայիսի 16ին կայացած հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, հայտարարությունում ասվում է. «ԱՄՆի պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը, ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, մայիսի 16-ին հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` առաջ մղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Նրանք վերահաստատել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի և պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Նախագահները վերահաստատել են հանձնառությունը հրադադարի պահպանմանն ու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հետագա բռնությունների ռիսկը կրճատելու համար նրանք համաձայնել են հնարավորինս կարճ ժամանակում ամբողջացնել հետաքննության մեխանիզմների ներդրումը: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ:
Նրանք համաձայնել են նաև անհայտ կորած անձանց տվյալների փոխանակմանը Կարմիր խաչի հովանու ներքո, որի շուրջ նախագահները համաձայնություն էին ձեռք բերել նաև 2014թ. հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ: Նախագահները համաձայնել են հակամարտության բազմակողմանի լուծման հասնելու բանակցությունների վերսկսման նպատակով անցկացնել քննարկումների հաջորդ փուլը, որը կկայանա հունիսին, վայրը դեռևս պետք է համաձայնեցվի»: