
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխզիջումները հնարավոր են, սակայն հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ դրա ձեռքբերումը փուլային կլինի: Այս մասին ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների միջնորդությամբ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակացություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Փոխզիջումը հնարավոր է միշտ: Համենայնդեպս, եթե նման հնարավորություն չլիներ, ապա ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան կդադարեին զբաղվել այդ հարցով: Մենք նպատակ ունենք գործն ավարտին հասցնել, որպեսզի հասնենք հակամարտության լիարժեք կարգավորմանը»,-նշել է նա:
«Հավանաբար, հաշվի առնելով երկու կողմերի միջև լարված վիճակը, ստիպված կլինենք դրան հասնել փուլային ճանապարհով: Եվ կարգավորման առաջին փուլի պարամետրերի համաձայնեցումն արդեն կա: Դրանք ձևավորվել են ռուսական միջնորդությամբ, որն աջակցվեց ֆրանսիացի և ամերիկացի մեր գործընկերների կողմից»,-շարունակել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով՝ կան հիմքեր կարծելու, որ «հայ և ադրբեջանցի բանակցողները տրամադրված են, որպեսզի փոխզիջումները ձևավորվեն»: «Եվ մենք ամեն կերպ դրան կնպաստենք»,-ընդգծել է Լավրովը: