Ինչպես հայտնի է՝ 2013 թ. մայիսի 1-ից Երեւանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը չի գործում. այս ողջ ընթացքում մշակութային օջախը հիմնանորոգվում էր: Ծրագրվում է, որ մեծանուն նկարչի տուն-թանգարանը հիմնանորոգումից հետո վերաբացվելու է այս տարվա սեպտեմբերին: Արդեն սկսվել է ցուցադրության կազմակերպման գործընթացը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` հիմնանորոգումից հետո ցուցասրահներից մեկի պատի տարածքը, որի վրա տեղադրված է եղել Սարյանի «Հայաստան» պաննոն (1964), մի քանի սանտիմետրով նեղացել է, եւ նկարն իր նախկին տեղում այլեւս հնարավոր չի եղել կախել: Բայց քանի որ թանգարանի տնօրինությունը ցանկություն է ունեցել հենց այդ նույն պատին ցուցադրել կտավը, ներսում քննարկվել է կտավի եզրերից մի փոքր կտրելու հարցը:
Մենք կապ հաստատեցինք Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի հետ, ով լսեց մեր տեղեկությունը, սակայն ոչ մինչեւ վերջ: Մինչ մենք անդրադարձանք պատի նեղացման վերաբերյալ տեղեկությանը, տիկին Սարյանը ընդհատեց մեզ. «Չէ, այդ ամենը ասեկոսեներ են, նկարն իր տեղում կախված է, կարող եք գալ եւ տեսնել Ձեր աչքով, եթե ուզում եք` համեցեք: Ցտեսություն»,-եզրափակեց նա:
Նախ` տարօրինակ էր, որ տիկին Սարյանը ակնհայտորեն խուսափեց լսել մեզ մինչեւ վերջ, երկրորդ` եթե, ինչպես տնօրենն է նշում, նկարն իր տեղում կախված է, դա դեռ չի վկայում այն մասին, որ այն չեն կտրել եւ աննկատ կերպով տեղավորել իր նախկին տեղում: Իսկ եթե նույնիսկ տնօրինությունն այդ քայլին որոշել է, այնուամենայնիվ, չգնալ, դա չի նշանակում, որ այն կտրելու հարցը չի քննարկվել:
«Ժողովուրդ»-ը հետեւողական կլինի եւ կփորձի թեման պահել ուշադրության կենտրոնում:
Անի Ստեփանյան