Ո՞ւմ է ակնարկում Սերժ Սարգսյանը՝ կորցրած տարածքները վերադարձնելու առաջարկ անելով. նախագահի հայտարարության հնարավոր վտանգները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գոյություն ունի քարտեզ, եթե դու մի բան կորցրել ես, ի՞նչ տարբերություն՝ դա ռազմավարակա՞ն նշանակություն ունի, մարտավարակա՞ն, թե՞ ընդամենը կարող է ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն: Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում է հայտնել Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հայկական կողմի կորցրած տարածքներին:

Ս. Սարգսյանի այս հայտարարությանը հաջորդել է հետևյալ միտքը, թե անվտանգության գոտի համարվող 800 հազար հեկտարից կորցրած 800-ը մեկ հազարերորդն էլ չկա, և այն ռազմավարական կամ մարտավարական առումով որևէ նշանակություն չունի. «Զուտ հոգեբանական առումով, այո՛, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ արդյունքի հասել են… 800 հեկտարի համար արժե՞ր մենք զոհեր տայինք… Երևանի սրճարաններում նստած՝ քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս. ես այդպիսի մարդկանց առաջարկում եմ՝ իրենք գնան վերցնեն, ոչ թե ուրիշներին խորհուրդ տան, հասկանան իրավիճակը և գնահատեն մետրի և մարդու արժեքը: Ինձ համար շատ ավելի կարևոր են մեր զինվորներն ու սպաները…»,- հավելել է Սերժ Սարգսյանը:

Երկրի գերագույն գլխավոր հրամանատարն, ըստ երևույթին, կորցրած տարածքները վերադարձնելու հրահանգ չի տալիս, ավելին, այն վերադարձնել ցանկացողներին է դիմում առաջարկով՝ թե գնացե՛ք, վերցրե՛ք, ոչ թե ուրիշներին խորհուրդներ տվեք:

Թե որքանով է առաջին դեմքի կողմից արված նմանատիպ հայտարարությունը անվտանգ և տրամաբանության սահմաններում, բարդ չէ կռահել, իսկ թե ում է նա խորհուրդ տալիս և տողատակերով ինչ-որ բան հասկացնում, դժվար է ասել:

ArmLur.am-ը փորձեց ազատամարտիկներից հետաքրքրվել՝ որպես նվիրյալ հայրենասերներ՝ պատրա՞ստ են արդյոք կորցրած տարածքները վերադարձնելու փորձ անել՝ այդպիսով հետևելով Սերժ Սարգսյանի առաջարկին:

«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ որևէ զինվորական իրավունք չունի ինքնուրույն ռազմական գործունեություն ծավալել, զինվորականը պետք է կատարի վերադասի հրամանները. «Չկա ինքնություն որոշել և ինչ-որ բան անել հասկացություն: Եթե գործողություններ կատարելու հրաման կտրվի, ուրեմն՝ կանենք, չի տրվի՝ չենք անի: Որևէ մեկն իրավունք չունի ինչ-որ բան անելու: Ինքս էլ երբեք չեմ անի»:

Մեր դիտարկմանը՝ եթե գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարում է, որ 800 հեկտարի համար չարժի վտանգել զինվորի կյանքը, իսկ ցանկացողները կարող են գնալ, այդ դեպքում և՞ս կամավորները չեն կարող ինքնուրույն ռազմական գործողություններ ծավալել, Ռազմիկ Պետրոսյանը պատասխանեց. «Ցանկացած դեպքում զինվորական գործը, ի տարբերություն մյուս գործերի, կամայական որոշումների վրա չի հիմնվում»:

Հ.Գ. Ի դեպ, իր խոսքում Սերժ Սարգսյանն ասել է. «Միշտ կարելի է ժողովրդահաճո հայտարարություններ անել և ասել՝ ա՛յ, եթե ինձ թույլատրեին, ապա ես կհասնեի՝ չգիտեմ որտեղ, ա՛յ, եթե էս սխալը չանեին, ապա մենք սա կանեինք: Սա ասում են մարդիկ, ովքեր կյանքում վառոդի հոտ չեն զգացել, մարդիկ, ովքեր շատ հեռու են ռազմական գործից: Կամ ասում են մարդիկ, ովքեր, միգուցե, ինչ-որ տեղ վառոդի հոտ զգացել են, բայց երբեք դրանից հետո հաղթական զեկույցներ չեն տվել, իսկ հիմա ուրիշների հաշվին ուզում են երևալ շա՜տ մեծ հայրենասերներ և հավերժ պատերազմի կոչեր են անում: Մեզ հավերժ պատերազմ պետք չէ… Բոլոր նրանք, ովքեր այս պահին փորձում են ինչ-որ թերություններ տեսնել, գործին չեն աջակցում, նրանց նպատակը գործին աջակցելը չէ… նրանց նպատակը նախկինում իրենց արած անպատասխանատու հայտարարությունները իրականությանը մոտ բերելն է»:

Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-­ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Տաթև Հարությունյան




Լրահոս