Այս բռնարարքը կարող է դիտվել նաեւ որպես անուղղակի նախազգուշացում մեզ եւ մեր գործընկեր այլ հասարակական կազմակերպություններին՝ զերծ մնալ իշխանությունների կողմից տարբեր ոլորտներում տարվող քաղաքականության քննադատությունից: Այս մասին հայտարարություն է տարածել “Թրանսփարենսի Ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնն՝ անդրադառնալով սեպտեմբերի 5-ի երեկոյան քաղաքացիական երկու ակտիվիստների դեմ հարձակման փաստին:
Հայտարարությունում ասվում է.
“2013 թ. սեպտեմբերի 5-ի երեկոյան 22:10-ի սահմաններում 6-7 անհայտ անձանց կողմից Երեւանում դաժան ծեծի են ենթարկվել “Թրանսփարենսի Ինթերնեշնլ” միջազգային հակակոռուպցիոն հասարակական շարժման հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ “Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն” հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը եւ կազմակերպության անդամ Հայկակ Արշամյանը: Հանցագործությունը տեղի է ունեցել Հ. Արշամյանի տան մոտ՝ քաղաքի կենտրոնում գտնվող փողոցներից մեկի բակում: Երկու մեր գործընկերներն էլ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ, մասնավորապես, Հայկակի մոտ եղել են պատռվածքներ քթի մոտ եւ բերանի խոռոչում, իսկ Սուրենի մոտ՝ գլխի խոր վնասվածք, ինչպես նաեւ քթի եւ մատների կոտրվածքներ:
Կազմակերպության երկու անդամներն էլ, չհարելով որեւէ քաղաքական կուսակցության, երկար տարիներ հանդիսանում են հասարակական ակտիվիստներ եւ իրենց հասարակական գործունեության ընթացքում երբեք դուրս չեն եկել օրինականության շրջանակներից:
Դժբախտաբար, այս բռնարարքը վերջին մի քանի շաբաթների ընթացքում իշխանությունների մի շարք քայլերի եւ որոշումների դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստների դեմ կատարված նմանատիպ ոչ առաջին բռնարարքն է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ իրականացվում են բավականին համակարգված գործողություններ, որոնց նպատակն է կասեցնել անարդարությունների եւ ապօրինությունների դեմ թափ հավաքող բողոքի շարժումները: Այս բռնարարքը կարող է դիտվել նաեւ որպես անուղղակի նախազգուշացում մեզ եւ մեր գործընկեր այլ հասարակական կազմակերպություններին՝ զերծ մնալ իշխանությունների կողմից տարբեր ոլորտներում տարվող քաղաքականության քննադատությունից:
Այս եւ նմանատիպ մյուս բռնարարքները գնահատելով որպես ահաբեկչություն հասարակական ակտիվիստների նկատմամբ՝ հայտարարում ենք, որ եթե հնարավորինս արագ չբացահայտվեն եւ չպատժվեն իրականացնողները, դրանք կարող են կրկնվել ապագայում, եւ ըստ այդմ՝ հետեւանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է գործող վարչակարգի վրա”: