Մայիսի 14-ին հայտնի դարձավ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի 21-ամյա որդուն՝ Գուրգեն Արսենյանին, երկու ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել: Ըստ պաշտոնական տեղեկության՝ 21-ամյա Գուրգենը կասկածվում է խուլիգանություն կատարելու մեջ, ինչի համար նրան ծանր մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ):
Իսկ ինչ է տեղի ունեցել: Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. ապրիլի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Աբովյան փողոցի 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել, որին մասնակցել են Գուրգեն Գրիգորյանը, Արմեն Ներսիսյանը, Գուրգեն Արսենյանը, Ռաֆիկ Թումանյանն ու Վարդան Վարդանյանը: Նրանցից մեկը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է: Ըստ նույն աղբյուրի՝ նշված 5 անձինք, անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, շուրջ 5 րոպե տեւողությամբ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկաներով` քարերով եւ փայտերով, բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Ժողովուրդ»-ը իրավապահ համակարգին մոտ կանգնած իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց՝ կողմերից որեւէ մեկը որեւէ մեկի դեմ բողոք չի ներկայացրել, գործում անգամ տուժող չկա: Ասել է, թե փորձ է արվել կռվի հետեւանքները ներողության մակարդակում «փակել» եւ ավարտել:
Սակայն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը Ռաֆիկ Թումանյանի ու Վարդան Վարդանյանի նկատմամբ առաջադրել է դարձյալ ծանր մեղադրանք ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան ապրիլի 29-ին ձերբակալվածներին կալանավորելու վերաբերյալ, սակայն հսկող դատախազի կողմից միջնորդությունը հետ է վերցվել, եւ մայիսի 2-ին նրանք ազատ են արձակվել: 2 մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ահա այստեղ է ողջ պատմությունը: Ստացվում է, որ քննիչները «մի կաթիլ մեղրի» պատմությունը հիշեցնող տեսարանի առիթով ծանրագույն մեղադրանքներ են առաջադրել վիճաբանող կողմերին, բայց միաժամանակ կողմնապահություն են արել: Ու հենց այս մասին ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացվել է, անմիջապես նոր ցուցումներ է տվել: Ըստ այդմ, ապրիլի 27-ին նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում է տրվել Գուրգեն Գրիգորյանին ձերբակալելու մասին, սակայն ցուցումը չի կատարվել, Գրիգորյանը չի ներկայացել: Նույնը եղել է նաեւ գործով մյուս անձանց՝ Արմեն Ներսիսյանի եւ Գուրգեն Արսենյանի դեպքում:
Ինչպես արդեն հրապարակվել է՝ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին, ենթադրվում է նաեւ՝ նրա երկու ընկերները եւս, իրավապահներին ներկայանալու ծանուցում չեն ստացել, հետեւաբար, չեն ներկայացել՝ կարծելով, որ իրենց արած կռվի թեման փակ է:
Եւ, ինչպես պատգամավորի գրասենյակը պարզաբանեց «ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանը, երբեւէ չի խուսափել վարույթն իրականացնող մարմնից, պարզապես վերջինս գտնվել է արտերկրում, ինչի մասին զանգահարել եւ ֆաքսի միջոցով տեղեկացրել է համապատասխան քննչական մարմիններին, ինչպես նաեւ հստակ տեղեկություն է տվել, որ սույն թվականի մայիսի 11-ին վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն, ինչը որ տեղի է ունեցել: 2016թ.-ի մայիսի 11-ին` ժամը 16:10-ի սահմաններում, Գուրգեն Գուրգենի Արսենյանը հատել է Վրաստան-Հայաստան սահմանը եւ «Բագրատաշեն» սահմանային անցակետում ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին»:
Սակայն ՀՀ քննչական կոմիտեից պնդում են, որ «2016թ. մայիսի 11-ին` ժամը 16:10-ին, Գ. Արսենյանը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» սահմանային անցակետում եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին»:
Ահա այսպես՝ ՀՀ գլխավոր դատախազության եւ քննչական կոմիտեի միջեւ առկա միջգերատեսչական լարվածության արդյունքում իսկական մի շիլաշփոթ է ստեղծվել, եւ գործը գլխիվայր շուռ եկել: Քննիչների ու դատախազի կռվի արդյունքում պատգամավորի որդին կալանավորված է, նրա ընկերները հետախուզման մեջ են, իսկ հակամարտող մյուս կողմը, որտեղ նաեւ ՊՆ աշխատակից կա, արդեն ազատության մեջ է:
«Ժողովուրդ»-ը իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ վարույթն իրականացնող քննիչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք պահանջներ է խախտել, որի հետեւանքով դատախազը մայիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Վ. Ասատրյանին հեռացրել է նշված գործով քրեական դատավարությանը մասնակցելուց:
Հավանաբար, կբարձրացվի նաեւ քննիչին պատժելու հարցը, քանի որ նրա գործունեության կամ անգործության շնորհիվ է, որ երիտասարդներից մեկը հայտնվեց ճաղերի հետեւում, իսկ մյուս երկուսն էլ հետախուզվում են եւ հայտնաբերվելուց հետո դարձյալ կկալանավորվեն: Իսկ եթե ի սկզբանե այս գործը օբյեկտիվ քննվեր, դժվար թե խուլիգանության ծանր մեղադրանք առաջադրվեր կողմերին, եւ բանը հասներ կալանքին: Ի վերջո, այդպիսի խուլիգանական դրսեւորումներ օրումեջ մայրաքաղաքում տեղի են ունենում, բայց ոչ բոլոր դեպքերում է պատմությունն ավարտվում ծանրագույն մեղադրանքներով ու կալանավորմամբ:
Թամարա Միքայելյան