ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՉԵՆ ՃԱՇԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում արտագնա նիստ է անցկացրել: Նիստի օրակարգում, ըստ ԱԺ պաշտոնական կայքի, եղել է ընդամենը մեկ հարց` 2013 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն: Զեկուցողները եղել են ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ու ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հանձնաժողովի ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Նիկոյանը, Սուքիաս Ավետիսյանը եւ հանձնաժողովի մյուս անդամները «բուռն» նիստ են անցկացրել:
Մեր տեղեկություններով, պատգամավորները զվարճացել են հյուրանոցի լողավազանում, խմել եւ օգտվել հյուրանոցի բոլոր «բարիքներից»: Այս «հույժ կարեւոր» նիստի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին:
-Պարոն Մինասյան, Ձեր ղեկավարած հանձնաժողովը օրերս արտագնա նիստ է անցկացրել: Խնդրում եմ նշեք, թե ինչո՞ւ է որոշվել նիստն անցկացնել Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում:
-Ոչ միայն օգոստոսի 30-ին ենք եղել նիստի, այլ նաեւ 31-ին եւ սեպտեմբերի 1-ին: Շուրջ մեկ տարի առաջ մենք սկսեցինք համագործակցությունը գերմանական JIZ կազմակերպության հետ՝ նպատակ ունենալով ուժեղացնել ԱԺ վերահսկողական գործառույթները: Մեկ տարվա ընթացքում երեք ուղղություններով բավականին լուրջ աշխատանքներ կատարվեցին: Առաջինը՝ ՎՊ-ի գործառույթների հետ կապված. փաթեթով առաջարկվում է, որ խորհրդարանում քննարկվի ոչ միայն ՎՊ-ի տարեկան հաշվետվությունը, այլ նաեւ ընթացիկ հաշվետվությունները` վերահսկվող կառույցի ղեկավարի մասնակցությամբ: Երկրորդը ֆինանսների նախարարության հետ է կապված, եւ առաջարկվում է, որ խորհրդարանում քննարկման առարկա դառնան ոչ միայն բյուջեի տարեկան հաշվետվությունը, այլ նաեւ կատարողականի եռամսյակային հաշվետվությունները: Երրորդն էլ առաջարկում ենք ԱԺ-ում ստեղծել բյուջետային գրասենյակ, որը պետք է պատգամավորներին օժանդակի բյուջետային քննարկումների եւ բյուջեի վերահսկողության հարցերում: Անհրաժեշտություն առաջացավ շուրջ մեկ տարվա կատարված աշխատանքը ամփոփել, որպեսզի հնարավոր սեղմ ժամկետներում ներկայացվի օրենսդրական նախաձեռնություն: Փաթեթը բավականին ծավալուն է: Եվ, որպեսզի այս ամենը հնարավոր լիներ իրականացնել, մենք որոշեցինք, որ անհրաժեշտ է առանձնանալ եւ իրականացնել ինտենսիվ աշխատանք:
-Իսկ ովքե՞ր են Ձեր գլխավորած հանձնաժողովին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի կարողանաք այդ նիստն անցկացնել Ծաղկաձորի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում:
-Մենք խնդրեցինք, ու մեր գերմանական գործընկերները ֆինանսավորեցին մեր հանդիպումը: Շուրջ մեկ տարի է, ինչ մենք համագործակցում են գերմանական JIZ կազմակերպության հետ այս ծրագրի շրջանակներում, դա Գերմանիայի կառավարության միջազգային համագործակցության ընկերությունն է:
-Հնարավոր չէ՞ր այդ քննարկումներն անցկացնել Ազգային ժողովում: Գուցե հրաժարվել են Ձեր հանձնաժողովին սենյակ տրամադրել, որպեսզի քննարկեիք այդ հարցե՞րը:
-Չէ, հիմարություն է. մեզ ոչ ոք չի կարող սենյակ չտրամադրել, հանձնաժողովն ունի իրեն կցված նիստերի սենյակ:
-Տեղեկություններ կան, որ Ձեր գլխավորած հանձնաժողովի անդամները շատ բուռն հանգիստ են անցկացրել այդ օրերին ու հիմնականում զվարճացել են լողավազանի մոտ: Այդ մասին ի՞նչ կասեք:
-Չէ, չէ, մենք այնտեղ չենք հանգստացել, երեւի դուք ուշադիր չէիք. մենք այնտեղ միայն աշխատել ենք: Ուրեմն, առաջին օրը մենք արել ենք երեք նիստ, իսկ այնուհետեւ 6 նիստ ենք ունեցել: Անգամ մի բան նշեմ, որ ավելի հստակ լինի. երբ ավտոբուսը կանգնած էր, որ մենք պետք է գայինք Երեւան, մենք դեռ նիստ էինք անում: Մենք այնտեղ ամբողջ օրը աշխատել ենք, քննարկումները շարունակվում էին նաեւ նիստերից հետո: Անգամ հրաժարվում էինք ճաշին ժամանակ տրամադրել:
-Իսկ մտավախություն չունե՞ք, որ այսուհետ բոլոր պատգամավորները ցանկություն կունենան ԱԺ լիագումար նիստն այս օրերին անցկացնել, ասենք, Սեւանի ափին, քանի որ այս տապին դժվար է ԱԺ դահլիճում նիստեր անցկացնել: Ասում են` այդպես հնարավոր կլինի ոչ միայն քվորում ապահովել, այլեւ քննարկումների ժամանակ պատգամավորները ներկա կլինեն:
-Ինձ համար ցավալի է, որ մեր կատարած աշխատանքին նման կերպ են արձագանքում: Եթե այն մյուս պատգամավորները կարողանան միջազգային կազմակերպությունների հետ ծրագրի շրջանակներում իրականացնել նման արդյունավետ աշխատանք ու նրանց ֆինասավորմամբ կարողանան ամփոփել իրենց նախագծերը Ծաղկաձորում, ապա բոլորի համար էլ շատ լավ կլինի:
Հ.Գ. Ծաղկաձորում կայացած նիստի ժամանակ քվորումը ոչ միայն ապահովվել է, այլեւ «գերակատարվել»: Ու սա այն դեպքում, երբ ԱԺ հանձնաժողովների նիստերում պատգամավորների ներկայությունը սովորաբար խնդիր է. հիշենք, թեկուզ, 2012թ. բյուջեի կատարողականի քննարկումները, երբ դահլիճում միայն զեկուցողն էր, նիստը վարող Գագիկ Մինասյանն ու Սամվել Նիկոյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս