ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԱՅՏԱՌԱԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
 «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունն արդեն սկսել է Երեւան քաղաքում ավտոկայանատեղիների համար սահմանված վճարների գանձումը: Ընկերության ծառայությունները շարունակում են առաջացնել վարորդների զայրույթը, մասնավորապես այն, որ չվճարած վարորդների ավտոմեքենաները 48 ժամից կտեղափոխվեն տուգանային հրապարակ: Բացի այդ, վարորդները ստիպված կլինեն վճարել նաեւ քարշակ ծառայության համար սահմանված 10000 դրամը: Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը MediaMall.am-ին ասել է, որ ոստիկանության տուգանային հրապարակներ են տեղափոխվում միայն կարգազանց վարորդների ավտոմեքենաները, իսկ կարմիր գծանշումով տարածքներում կայանված մեքենաների տեղափոխման հետ իրենք կապ չունեն: Այսպիսով, «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունն իր գործունեությունը սկսել է առանց օրենսդրական դաշտի կարգավորման եւ իրեն է վերապահել ՀՀ օրենսդրությամբ բոլորովին այլ մարմնի վերապահված գործառույթներ: Իսկ քաղաքապետարանը շարունակում է դա չնկատել:

ՆՎԻՐԵՑԻՆ ՀԱՊԿ-ԻՆ
ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի որոշմամբ Երեւանի Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 հիմնական դպրոցը լուծարվել է, եւ կրթօջախի գործունեությունն աշակերտների թվաքանակի շեշտակի նվազման պատճառով նպատակահարմար չի համարվել: Ըստ նույն որոշման, դպրոցի շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ակադեմիա» հիմնադրամին: Հերթական անգամ ՀՀ պետական ունեցվածքը նվիրաբերվում է ռուսական շրջանակներին. մի՞թե հիմնադրամը միջոցներ չուներ, որ պետությունն այդ շենքը նվիրել է:

ՀԱՍՏԱՏԵՑ
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հաստատել է, որ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ է ստացել: «Սա կուսակցության հետ համագործակցելու կամ ինչ-որ նոր դաշինք կազմելու առաջարկ չէ: Առաջարկն արված է ինձ անձնապես, եւ իմ կողմից եղել է ընդունելի: Բնականաբար, սակայն հարցը ներկայացրել եմ կուսակցությանը, եւ կուսակցությունը եւս տվել է իր համաձայնությունը»,-Yerkir.am-ին ասել է Հովհաննիսյանը:




Լրահոս