ԱՀԱԶԱՆԳ
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել 63-ամյա Հենրիկ Սահակյանը եւ հայտնեց, որ պատրաստվում է հանցավոր ճանապարհով պաշտպանել իր ընտանիքը: Ըստ քաղաքացու, Երեւանի փոխքաղաքպետ Կամո Արեյանի հորեղբորորդին՝ Աշոտ Արեյանը, անօրինական կերպով իրեն եւ իր ընտանիքին վտարում է սեփական բնակարանից: «Խնդրում եմ օգնեք, ՀՀ արդարադատության նախարարին իմ խնդիրն ասեք, թող ընդունի ինձ, թե չէ ավելի վատ հետեւանքներ կլինեն: Երկու օր է մնացել: Գալու են, ինձ իմ տնից հանեն: Թող մի քիչ արդար գտնվեն, ես ամբողջությամբ կպատմեմ, թե ինչ կեղծիքի են դիմել քաղաքապետարանի աշխատակիցները, եւ ինչ կերպ են դատարաններն այդ կեղծիքը շարունակում: Զենքով եմ կռվելու, թույլ չեմ տալու»,- ահազանգեց անելանելի վիճակում հայտնված քաղաքացին:
Իսկ թե ինչ անօրինական գործողություններ են արել Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները փոխքաղաքապետ Կամո Արեյանի հովանու ներքո, կմանրամասնենք «Ժողովուրդ»-ի վաղվա համարում:
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՎԱԶԴԸ
Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո էլեկտրոնային լրատվամիջոցներում կայծակնային արագությամբ լուրեր տարածվեցին այն մասին, որ իշխանական կուլիսներում ակտիվորեն սկսել են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Ըստ այդմ, Մոսկվան պահանջելու է կառավարության ղեկավարի պաշտոնից հեռացնել արեւմտամետ համբավ ունեցող Տիգրան Սարգսյանին եւ եվրոպամետ դիրքորոշումներով աչքի ընկած նախարարներին: Վարչապետի առավել հավանական թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:
Սակայն Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես մամուլից եմ իմացել: Եվ իրականում առաջին անգամ եմ լսում այդ մասին»:
ԽՈՒՍԱՓԵՑ
Անցած ուրբաթ օրը Արմավիրի մարզում էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), ԱԺ մի քանի պատգամավորներ, որոնց ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Վերջիններս մարզ էին գնացել դեռեւս մայիսի 12-ի տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով Արմավիրի մարզում տուժած 46 համայնքի բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար: Սակայն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ հրապարակավ խոստացել էր փոխհատուցում տալ բնակիչներին, չէր էլ գնացել Արմավիր: ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վարչապետի՝ Արմավիրի մարզ չայցելելու պատճառը այսպես մեկնաբանեց. «Վարչապետը շաբաթ օրը առավոտյան մասնակցել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի միջնակարգ դպրոցի բացմանը, այնուհետեւ ուղեւորվել է ԼՂՀ»: Փաստորեն, ՀՀ վարչապետն առավել կարեւորել է Սերժ Սարգսյանի գյուղի միջնակարգ դպրոցի բացման արարողությանը մասնակցելը, քան տուժած 46 համայնքի բնակիչների հետ հանդիպումը: