Հողեր հանձնած նախագահի արդարացումները. ինչ վտանգավոր հայտարարություններ արեց Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ Վիեննայից Երեւան վերադարձի ճանապարհին` հենց ինքնաթիռում, իրեն ուղեկցող հայկական հեռուստաընկերությունների լրագրողներին հարցազրույց է տվել, որում ոչ միայն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները, այլ նաեւ ուշագրավ հայտարարություններ է արել, որոնցից մի քանիսը, մեղմ ասած, լուրջ վտանգ են իրենց մեջ պարունակում: Անդրադառնալով քառօրյա պատերազմի արդյունքում հողեր կորցնելու խնդրին՝ նա ասել է. «Նախ` եթե զուտ մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետեւյալը. հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ, դա մեկ հազարերորդն էլ չկա»: Սա նույնն է, եթե Սերժ Սարգսյանն ասեր, որ մենք մի 800 հազար հեկտար տարածք ունենք, որը նախատեսում ենք հարմար պահին տալ Ադրբեջանին, եւ որի մեկ հազարերորդ մասն արդեն նրանք գրավել են: Տարածքներ կորցնելու թեման շարունակելով՝ Սերժ Սարգսյանը նաեւ ասել է. «Մեր զինված ուժերն իրենց խնդիրը կատարեցին… ընտրության խնդիր էր` արդյո՞ք արժեր այդ ութ հարյուր հեկտարի համար զոհել երեսուն, քառասուն կամ ութսուն հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռեւս շատ ենք ունենալու: Երեւանում՝ սրճարանում նստած, քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Ես այդպիսի մարդկանց առաջարկում եմ իրենք գնան, վերցնեն, ոչ թե ուրիշներին խորհուրդ տան: Հասկանան իրավիճակը եւ գնահատեն արժեքը մետրի եւ մարդու. ինձ համար շատ ավելի կարեւոր են մեր զինվորներն ու սպաները»: Նախ՝ իրավական առումով անթույլատրելի է ասել՝ ովքեր ցանկանում են, թող գնան, վերցնեն: Եթե անգամ մարդիկ հավաքվեն եւ գնան ճակատ` կորցրած դիրքերը ետ բերելու, նրանց ոչ ոք թույլ չի տա դա անել, քանի որ մենք ունենք կանոնավոր բանակ եւ հրամկազմ:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն իր ձախողումը` թշնամուն հողեր գրավելու հնարավորություն տալը եւ արտաքին ուժերից վախեցած դրանք վերադարձնելուց հրաժարվելը, փորձում է ներկայացնել իբրեւ զինվորի կյանքով մտահոգվածություն: Նա մոռանում է, որ այդ տարածքների համար արդեն շուրջ յոթ հազար հայորդի է զոհվել: Հողը արյունով են պահում կամ նվաճում: Բայց ամենավտանգավորն այն է, որ եթե Սարգսյանն իր առաջ քաշած մոտեցմամբ առաջնորդվի, ապա նա Արցախը կտոր-կտոր կարող է հանձնել թշնամուն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս