Դեռեւս սույն թվականի օգոստոսին Դարակերտի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Գեւորգ Սարուխանյանի մայրը՝ տիկին Գայանեն, մամուլում հայտարարեց, թե ուսուցչուհին հանձնարարությունը չկատարելու համար հարվածել է իր որդուն, ինչի հետեւանքով երեխայի աջ աչքի տեսողությունը տուժել է 90 տոկոսով: Ըստ նույն այդ տիկնոջ, ինքն այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ էլ բժշկուհին ասել է, թե հարվածի հետեւանքով մահացել է աչքը սնուցող նյարդը, ինչը հնարավոր չէ վերականգնել: Սակայն ուսուցչուհին՝ Սուսաննա Գալոյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը:
Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ երեխայի տեսողության կորուստը կապ չունի իր հետ: Վերջինս նշեց, որ իր ամուսինը խոսել է նաեւ Գեւորգ Սարուխանյանի բժշկուհու հետ, ով, նրա փոխանցմամբ, հերքել է, թե Գեւորգի ծնողներին ասել է, որ երեխայի տեսողության կորուստը կապված է հարվածի հետ: Նրա ներկայացմամբ՝ բժիշկները երեխայի տեսողության անկումը կապում են մի շարք հանգամանքների հետ՝ վիրուսային, ալերգիկ հիվանդություններ, գենետիկ խնդիր եւ այլն:
«Սա ընդամենը շանտաժ է իմ ընտանիքի նկատմամբ, շանտաժ, որպեսզի իրենք կարողանան ինչ-որ ձեւով ինչ-որ գումար կորզեն: Եթե երեխայի 100 տոկոսանոց տեսողությունն իջել է 10 տոկոսի, երեխան պետք է ծնողներին ասեր, որ տեսողությունը վատացել է, հենց այդ պահին ծնողները կարող էին գալ ու մեզ ասել, ոչ թե բժշկուհու ստուգումից հետո՝ մեկ ամիս անց, գցում-բռնում են եւ հիշում, որ մարտին Գալոյան Սուսաննան ապտակել է: Եթե ապտակած լինեի, թող նույն օրը դիմեին ուսմասվարին, դպրոցի տնօրենին»,- ասաց ուսուցչուհին:
Իսկ Ս. Գալոյանի ամուսինը՝ Ազատ Խաչատրյանն էլ ասաց, թե իր կինը ծնողական ժողովի ժամանակ Գեւորգի մորն ասել է. «Տիկին Գոհար, երեխան վատ է սովորում, ուշադրություն դարձրեք ձեր երեխային, չեմ կարող ամեն քառորդ նրան գնահատական դնել, լավ կլինի՝ ավելի շատ ուշադրություն դարձնեք ձեր երեխայի ուսման վրա, քան թե ամեն օր «աղոթեք»: Այս խոսքերն են պատճառ դարձել, որ Գեւորգի ծնողը նման պահվածք դրսեւորի»:
Ս. Գալոյանն էլ հավելեց, որ Գեւորգը համադասարանցիներ ունի, եւ հնարավոր չէր, որ որեւէ մեկը նկատած չլիներ, որ Գեւորգի աչքը նման վնասվածք է ստացել: «Այդ օրը երեխան նստել է նաեւ հաջորդ դասաժամերին, ակտիվ մասնակցել է քննարկումներին, եւ եթե ուժեղ հարված ստանար, ինչպե՞ս կարող էր մասնակցել դասերին»: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ ի սկզբանե դպրոցի աշակերտները հերքել էին, թե տեսել են, որ Գեւորգի աչքը կապտած է եղել: Եվ ահա երեկ երեխաներից մի քանիսը, որոնք Գեւորգի բարեկամներն են, հանկարծ ասել են, թե իրենք հիշել են, որ իրականում Գեւորգի աչքը կապտած է եղել: Ս. Գալոյանի ամուսինը վստահ է, որ ուղղակի այդ երեխաներին ուղղորդել են, որպեսզի նրանք իրենց տեսակետները փոխեն ու այժմ էլ այլ բան ներկայացնեն:
Ինչեւէ, դեպքից հետո Սուսաննա Գալոյանը դեռ շարունակում է աշխատել դպրոցում: Նա կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կհեռանա դպրոցից: Իսկ մինչ այդ հարվածի գործով քննությունն ընթանում է, հարցաքննվել է դասարանի աշակերտների մեծ մասը: Ուսուցչուհու ամուսինը վստահ է, որ շուտով պարզ կլինի ամեն ինչ, ի հայտ կգան եւ մեղավորները, եւ անմեղները:
ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՄԵՂՔ ՉՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ