Ծնունդով Նոյեմբերյանից, ներկայումս Կողբ գյուղում բնակվող, 1988թ. ծնված Անուշավան Մաճկալյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով («Անչափահասի նկատմամբ բռնաբարությունը») մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Միստրեստ» հանդամասում, օգտագործելով Բերդավանի բնակչուհի, 1999թ. ծնված աղջկա անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Ա. Մաճկալյանը նախկինում դատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»), նրա դատվածությունը մարված չէր: Ա. Մաճկալյանն ամուսնացած է, ունի անչափահաս երկու երեխա՝ երկու եւ մեկ տարեկան: Սույն դատավարությունն ընթանում էր դռնփակ ռեժիմով: Մայիսի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Անուշավան Մաճկալյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտել 8 տարի եւ 9 ամիս ազատազրկման: Այս ժամկետից 3 ամիսը Ա. Մաճկալյանի կողմից նախկինում կատարված հանցագործության պատժի չկրած մասն է: Քրեական գործով մեղադրող Սպարտակ Անտոնյանը պահանջել էր Անուշավան Մաճկալյանին դատապարտել 10 տարի եւ 3 ամիս ազատազրկման: Ա. Մաճկալյանն իրեն մեղավոր չի համարել, դատարանում ցուցմունք չի տվել: Նա բողոքարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը՝ պահանջելով ճանաչել եւ հռչակել իր անպարտությունն առաջադրված մեղադրանքում: Հուլիսի 31-ին վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան), վճռաբեկության կարգով քննելով վերաքննիչ բողոքը, համարել է, որ քրեական գործի քննության նախորդ փուլում թույլ չեն տրվել նյութական եւ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի: Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է Ա. Մաճկալյանի վերաքննիչ բողոքը մերժել: Օգոստոսի 29-ին Ա. Մաճկալյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել: Քանի որ վերաքննիչ քրեական դատարանը ոչ թե վերաքննիչ, այլ վճռաբեկության կարգով է քննել Անուշավան Մաճկալյանի բողոքը, ապա դժվար է ակնկալել, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը կարող է փոխել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը:
Տավուշ