ԳՅՈՒՂԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐ ՓԱԿՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սովորաբար սեպտեմբերն ուսումնական տարվա սկիզբն է խորհրդանշում ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ ՀՀ բոլոր քաղաքներում եւ գյուղերում: Սակայն, ինչպես ցույց տվեցին «Ժողովուրդ»-ի հարցումները, մեկ տասնյակից ավելի գյուղերում սեպտեմբերի մեկը սովորական, ոչնչով չտարբերվող օր է եղել, քանի որ որոշ գյուղերում դպրոց, որոշներում էլ գրեթե աշակերտ չկա:
Սյունիքի մարզի 35 բնակիչ ունեցող Շրվենանց համայնքն արդեն չորս տարի է, ինչ դպրոց չունի: Անկուսակցական համայնքապետ Արմինե Մանուկյանի խոսքով, գյուղում երեխա չկա: «Փոքր համայնք է, երեխաներ չկան, ուրիշ ի՞նչ պատճառ կարող էր լինել: Ցավում եմ, բայց այս պահին գյուղի միակ երեխան իմն է: Նա էլ Կապանի դպրոց է հաճախում: Դե գյուղերը դատարկվել են, բնակչություն չկա, հեռացել են ու չեն եկել, վերաբնակեցում չի եղել, դրա համար էլ այսօր այս պատկերն ունենք»,- ներկայացրեց համայնքապետը:
Տիկին Արմինեն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նշեց, որ ձմռանը Շրվենանցում ընդամենը 14 տան լույս է վառվում: Նա մեծ ափսոսանքով նկատեց, որ տարիներ առաջ դպրոցն ունեցել է 400 աշակերտ. «Բայց վերջին տարին, որ դպրոցը փակվեց, ուներ ընդամենը երկու շրջանավարտ: Ի դեպ, մեր դպրոցը գիտնականներ է տվել, ազգի հերոսներ: Նույնիսկ հարեւան գյուղերից, Գորիսի շրջանի գյուղերից էին աշակերտներ գալիս»:
Համայնքապետից տեղեկացանք, որ նա դպրոցի շենքն անգամ մարզպետարանի ենթակայությունից չի կարողանում հանել եւ օգտագործել որպես գյուղապետարանի ենթակառուցվածք: Համայնքապետը հույս ունի, որ մի բարերար կգտնվի եւ կվերանորոգի շենքի տանիքը: Զրույցի ավարտին տիկին Արմինեն հպարտությամբ նշեց, որ Շրվենանցի դպրոցն է ավարտել նաեւ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրադ Սարգսյանը:
Արագածոտնի մարզի 60 բնակիչ ունեցող եզդիաբնակ Օթեւան համայնքում էլ երկու տարի է, ինչ աշակերտների բացակայության պատճառով դպրոցը փակվել է: «Երեք-չորս երեխա էր, եւ ծնողներն էլ դպրոցի բացակայության պատճառով ստիպված տեղափոխվեցին հարեւան համայնքներ՝ ապրելու: Այս պահին աշակերտ չունենք: Անցյալ տարի էլ չենք ունեցել, նախորդ տարի էլ: Հեռանում են մարդիկ, գնում են աշխատելու, սպասում ենք, որ գան, բայց չեն գալիս: Հույս ունենք, որ մի օր կծռվեն ու հետ կգան»,- հուսահատված նկատեց Օթեւանի համայնքապետը:
Նույն մարզի 183 բնակիչ ունեցող Գետափ համայնքի դպրոցն այս տարի ընդունել է երեք առաջին դասարանցի: Նշենք, որ դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը կազմում է 18՝ նախկին 70-80-ի փոխարեն: Գետափի համայնքապետ Մուրադ Մանուկյանի կարծիքով, բնակչության աճ չկա, ծնելիությունը նվազել է. «Մարդիկ հեռանում են գյուղից, իսկ մնացող երիտասարդները չեն ամուսնանում: Այս երկու պրոբլեմն էլ կա: Աշխատատեղ չկա, իրենց չեն կարողանում նորմալ պահել, ուր մնաց՝ ընտանիքը»:
Արմավիրի մարզի 90 բնակիչ ունեցող Կողբավան համայնքն այս տարի ընդհանրապես չունի առաջին դասարանցի: Ավելին՝ այս համայնքը չունի նաեւ դպրոց: Համայնքապետ Հովհաննես Քոչարյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ գյուղն ունի ընդամենը 4 աշակերտ, որոնք հաճախում են հարեւան՝ Վանանդ համայնքի դպրոց: Նրա խոսքով, պատճառն արտագաղթն է:
Լոռու մարզի Արդվի համայնքի դպրոցն էլ է այս տարի ընդունել առաջին դասարանի երեք աշակերտ: Իսկ դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը 16 է: Համայնքապետ Սամվել Կիրակոսյանի խոսքով, պատճառը ծնելիության նվազումն է:
Նշենք, որ 2011-2012 ուսումնական տարում ՀՀ hանրակրթական ուսումնական հաստատությունների քանակը մարզերում կազմել է ընդամենը 1441, քաղաքային բնակավայրերում՝ 573, իսկ գյուղական բնակավայրերում՝ 868: 2011-2012 ուստարում աշակերտների թվաքանակը ՀՀ մարզերի hանրակրթական ուսումնական պետական հաստատություններում կազմում է 380696, որից 197310-ը տղաներ են, 183386-ը՝ աղջիկներ: Ոչ պետական հանրակրթական հաստատությունների աշակերտների թվաքանակը կազմում է ընդամենը 5743, որից 3176-ը տղաներ են, 2567-ը՝ աղջիկներ: Այսինքն՝ մարզերի հանրակրթական ուսումնական պետական հաստատությունների աշակերտների թվաքանակը կազմում է ընդամենը 386439: Ուշագրավ է, որ 2011-2012 ուստարում ՀՀ-ից աշակերտների արտահոսքի թիվը աճել է:
Եթե արտագաղթը նման տեմպերով շարունակվի, ապա հաջորդ տարվա սեպտեմբերին այլ գյուղերում նույնպես դպրոցները կփակվեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս