ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏՂԱՆԵՐԸ
Ուելսցի 24-ամյա ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի տրանսֆերային արժեքը, ոչ պաշտոնական տվյալներով, 91 միլիոն եվրո է, որը ֆուտբոլի պատմության մեջ զիջում է միայն Կրիշտիանո Ռոնալդուին:
Իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 27,5 միլիոն եվրոյի դիմաց «Շախտյոր»-ից տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», որը ռեկորդային էր ինչպես գերմանական ակումբի, այնպես էլ հայկական ֆուտբոլի պատմության մեջ:
Ներկայացնում ենք ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք տրանսֆերները. Գարեթ Բեյլ՝ «Տոտենհեմ»-ից «Ռեալ»՝ 91 միլիոն եվրո (ոչ պաշտոնական), Էդիսոն Կավանի՝ «Նապոլի»-ից՝ ՊՍԺ՝ 64.5, Ռադամել Ֆալկաո՝ «Ատլետիկո»-ից «Մոնակո»՝ 60, Նեյմար՝ «Սանթոս»-ից «Բարսելոնա»՝ 57, Գեյմս Ռոդրիգես՝ «Պորտու»-ից «Մոնակո»՝ 45, Ֆերնանդինյո՝ «Շախտյոր»-ից «Մանչեսթեր Սիթի»՝ 40, Վիլիան՝ «Անժի»-ից «Չելսի»՝ 38, Մարիո Գյոտցե՝ Դ. «Բորուսիա»-ից «Բավարիա»՝ 37, Գոնսալո Իգուաին՝ «Ռեալ»-ից «Նապոլի»՝ 37, Մարկինյոս՝ «Ռոմա»-ից ՊՍԺ՝ 31.4, Ռոբերտո Սոլդադո՝ «Վալենսիա»-ից «Տոտենհեմ»՝ 30, Ասիեր Իլյարամենդի՝ «Ռեալ Սոսիեդադ»-ից «Ռեալ»՝ 30, Հենրիխ Մխիթարյան՝ «Շախտյոր»-ից Դ. «Բորուսիա»՝ 27.5 միլիոն եվրո:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ

«ՀՈՂ ԲՌՆԵՔ,
ՈՍԿԻ ԴԱՌՆԱ»

Երանի այն մարդուն, ում հաջողվում է ծնողին կենդանության օրոք ինչ-որ չափով հատուցել, ու լսում է հոր օրհնանքը. «Հող բռնես, ոսկի դառնա, որդի՛ս»։
Այսօր կարող ես լսել մարզիկների, ովքեր պատեհ առիթով խոստովանում են, որ մարզիչն իր համար ծնող է եղել։ Դե, իսկ մարզչի աշխատավարձը, էլ չասած՝ թոշակը լավագույն դեպքում միայն կոմունալ վճարումների, չոր հացի ու ծխախոտի է բավարարում։ Իսկ եթե նա հիվանդ է… Դեղ ներկրող հայ բիզնեսմեններ, ազգային գործ կատարեք, դեղերը մի՛ թանկացրեք, ուրիշի ցավով հարստանալը հանցանք է։ Ու երբ արդեն պապ դարձած պատանիները, ում կրթելու, մարզելու համար քրտինք ես թափել, կիսել ես հաղթանակի քաղցրությունն ու պարտության դառնությունը, կանգնում են կողքիդ, ճիշտ ես համարում ապրածդ կյանքը։ Բռնցքամարտիկը կարիերայի ընթացքում բառի բուն իմաստով ցավ է ապրում, որը հետեւանքներ է թողնում, ու վայ նրան, ով մենակ պետք է այդ ցավը տանի։ Քիչ թե շատ հատուցման արժանացած մարզիչներից են Վազգեն Հովհաննիսյանը, Վալտեր Աթանեսյանը, Շավարշ Երթեւցյանը, Ժիրայր Հովհաննիսյանը, Դիկուլ Դավթյանը, ես… Նախկին սաներս զավակներիս հետ օգնության ձեռք են մեկնում, սիրով կիսում են առօրյա հոգսերը։ Սիրելի Արտուշա Գյուլումյան, Կորյուն Հարթինյան, Վարուժան Զաքարյան, Արտավազդ Հովհաննիսյան, Գեղամ Մանասյան, Արթուր Հայրապետյան, դուք նաեւ աջակցում եք, որ մեր ազատ ու անկախ հայրենիքը տա նոր Ենգիբարյաններ, Հակոբքյոխյաններ, Խաչատրյաններ, Թորոսյաններ, պրոֆեսիոնալ Դարչինյաններ ու Աբրահամյաններ։ Եվ օրհնանքս հղում եմ ձեզ. «Հող բռնեք, ոսկի դառնա»։

ՄԵԼՔՈՆ ՊԱՊՅԱՆ
Արաբկիր համայնքի թիվ 1
մանկապատանեկան մարզադպրոցի
 բռնցքամարտի մարզիչ,

սպորտի վարպետ




Լրահոս