3,5 ՄԻԼԻՈՆԻ ՎՆԱՍ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզում պետությանը հասցվել է 3 մլն 557 հզ դրամի վնաս, որը մինչեւ դեկտեմբերի 15-ը ենթակա է վերականգնման պետական բյուջե:
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2013թ. հունիս-հուլիս ամիսներին Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում կատարվել են ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզում 3 մլն 557 հզ դրամ ավել նպաստ է վճարվել: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, թե որոնք են նշված եւ արձանագրված այլ խախտումների պատճառները: Այդ մասին օգոստոսի 30-ին Վանաձորում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ խոսեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը: Նա նշեց, որ այդ ժամանակահատվածում ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը Լոռու մարզի Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի եւ Տաշիրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում ուսումնասիրել է 2010-2012թթ. եւ 2013թ. առաջին կիսամյակում պետական նպաստների եւ դրամական օգնությունների նշանակման ու վճարման գործընթացը, եւ պարզվել է, որ մարզի 61 համայնքներում, այդ թվում՝ Սպիտակի տարածաշրջանի 15, Ստեփանավանի 14, Թումանյանի 16 եւ Տաշիրի տարածաշրջանի 16 համայնքներում անապահովության սահմանային միավորից ցածր միավոր ունեցող նպաստառուներին անօրինական վճարվել է 3 մլն 557 հզ դրամ: Լոռու մարզպետարանի կողմից այս խնդրի կապակցությամբ արվել է վերլուծություն, որից պարզ է դարձել, որ խախտումները գրեթե ամբողջությամբ առնչվում են համայնք-անասնաբույժ օղակին: Համայնքներում քաղաքացու անասնագլխաքանակի օտարման մասին տվյալները չեն ամրագրում տնտեսական գրքերում, որից էլ առաջանում է անհամապատասխանությունը: Մասնավորապես, գերավճար առաջացրած 55 խախտումներից 44-ը (կամ դրանց 80 տոկոսը) թաքցված անասնագլխաքանակի հետեւանք են: «Անասնաբույժների նման աշխատելաոճը, կարծում եմ, պետք է քննարկման առարկա դառնա համապատասխան ատյաններում»,- նիստի ընթացքում կարծիք հայտնեց Վ. Ջաղինյանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբադնյանն էլ, անդրադառնալով հարցին, անհրաժեշտություն համարեց մարզում գործող անասնաբույժների մասնակցությամբ հրավիրել խորհրդակցություն, իրազեկել նրանց խնդրի կարեւորության մասին՝ հետագա նմանօրինակ խախտումներից խուսափելու համար:
Լոռու մարզպետի հանձնարարականի համաձայն` մինչեւ 2013թ. դեկտեմբերի 15-ը պետք է ամբողջությամբ վերականգնվի պետությանը պատճառված վնասը: Օգոստոսի 30-ի դրությամբ ետ է գանձվել գերավճարի ընդամենը 40 տոկոսը:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս