Երեւանում հերթական գրախանո՞ւթն է փակվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հայ ընթերցասերների եւ գրողների շրջանում առկա է մտահոգություն` կապված քաղաքի հայտնի գրախանութներից մեկի` «Բյուրոկրատ»-ի հետ, որին, պետք է նկատել, հաջողվել է վեց տարիների ընթացքում վերածվել նաեւ մշակութային միջավայրի: Խոսակցություններ են պտտվում, թե հերթական գրախանութը կանգնած է փակման եզրին:

Բանն այն է, որ «Բյուրոկրատ»-ը վերջին շրջանում աչքի է ընկնում աննախադեպ զեղչերով, որոնք հասնում են նույնիսկ 50 տոկոսի, եւ բացի այդ` գրախանութի տնօրինությունը իրենց մոտ ներկայացված հայ հեղինակներին խնդրել է հետ վերցնել գրքերը:

Մենք կապ հաստատեցինք «Բյուրոկրատ»-ի տնօրեն Շուշան Արզաքանյանի հետ, ով տեղեկացրեց, որ գրախանութը չի փակվում, այն վերանորոգման մեջ է. «Մեր գրախանութը տեղակայված է իմ երկու սենյականոց բնակարանում: Հարեւանի բնակարանից դեպի մեզ հոսող ջրերի խնդիր կար, որի հետեւանքով կարող էին տուժել գրքերը, դա ենք լուծում: Բացի այդ` մտադիր ենք սրճարանի հատվածն ավելի ակտիվացնել` դիմելով վերափոխումների: Թե որքանով դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հայ հեղինակների` հետ վերադարձված գրքերին, տիկին Արզաքանյանի խոսքով` քանի որ իրենք պահեստային տնտեսություն չունեն, այդ գրքերը դնելու տեղ պարզապես չկա. «Վերանորոգումից հետո դրանք բոլորը, թերեւս բացի չվաճառվող գրքերից, հետ ենք վերցնելու»,-նշեց տնօրենը:
Անդրադառնալով ընթերցասերների անհանգստությանը՝ գրախանութի տնօրենը շեշտեց, որ ամենից մտահոգվածն իրենք են. «Հասկանո՞ւմ եք` այդ ընթերցասերները չեն գալիս գիրք գնելու, մեզ համար շատ դժվար է գրախանութը պահելը:

Ապրիլի 1-ից գրախանութ մարդ չի մտնում: Ամիս ու կես առաջ որոշեցինք գնային նոր քաղաքականություն մշակել. գրքերի ամբողջ ֆոնդի համար 50 տոկոս զեղչ արեցինք` դրանց գները հասցնելով ինքնարժեքին, երբեմն էլ` իջեցնելով նույնիսկ դրանից: Ասացինք` թող մենք տուժենք, բայց գրքերը վաճառվեն: Մեռանք հայտարարություններ անելով. ո՛չ մի փոփոխություն, ո՛չ մի արձագանք: Այնպես որ ես գրախանութը փակելու բարոյական բոլոր իրավունքներն ունեմ»,-մեկնաբանեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս