ԳՐՔԻ ԳՈՎԱԶԴԸ ՇԱՀԱՎԵՏ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր օրերում մի տեսակ ավանդույթ է դարձել. այն, ինչը գովազդի կարիք ունի, երբեւէ չի գովազդվում։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է գրքի գովազդին։ Ինչպես նշում են «Ժողովուրդ»-ի՝ հեռուստաոլորտին մոտ կանգնած աղբյուրները, հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները, գովազդային գործակալությունները շահագրգռված չեն գիրքը որպես ապրանք գովազդելու հարցում։ Եթե մի քիչ ետ գնանք, կհիշենք միայն Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք»-ը եւ Վահրամ Սահակյանի գրքերի գովազդը:
«Անտարես» մեդիա-հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով այդ հարցին, մասնավորապես նշել է, որ գրքի ոլորտը այն քիչ բնագավառներից մեկն է, որն անտեսված է թե մեր հասարակության եւ թե պետության կողմից՝ սկսած օրենսդիրից, վերջացրած գործադիրով: Նա պարզ հարց էր տվել՝ ինչպե՞ս գովազդել գիրքը, եթե գովազդն արժե մի քանի անգամ թանկ, քան հեղինակային հոնորարն ու գրքի տպագրության արժեքը միասին վերցրած: Ապա հավելել էր. «Մենք հաշվարկ էինք արել, որ, եթե Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» 20 րոպե գովազդեինք TV-ով, ապա գրքի արժեքը պետք է 5000-ից դառնար 21000 դրամ: Այսինքն՝ գիրքն այն բնագավառն է, որ չի արդարացնում գովազդի համար ծախսված միջոցները… Ու եթե պետությունն իսկապես շահագրգռված է մտավոր եւ հոգեւոր արժեքների տարածմամբ, ապա կառաջարկեի, որ սուբսիդավորեր գրքի գովազդը: Կամ, ասենք, եթե որեւէ հրատարակչություն 500.000 դրամի գովազդ է տեղադրում TV-ում, ապա պետությունը նույն գումարի չափով արտոնություն տա տվյալ հրատարակչությանը իր գործունեության մեջ»:
Թվում էր, որ գիտելիքահեն հասարակության մասին իր ամենօրյա ելույթներից բացի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նաեւ կոնկրետ քայլեր կձեռնարկեր՝ գրքերի վերացման դեմ պայքարելու համար: Սակայն, ինչպես երեւում է, վարչապետի համար կարեւորը գեղեցիկ խոսելն է, իսկ գործ անելիս նա ակտիվ է միայն օֆշորային գոտիներում:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս