Երբեք չէի պատկերացնի, որ կյանքս կկապեմ ամերիկյան քաղաքում ծնված և մեծացած տղամարդու հետ. Հասմիկ Կարապետյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարքը հայտնիների հետ` բացահայտելով նրանց էության առանձնահատկությունը, միայն իրենց բնորոշ հատկանիշները: Ձեզ արդեն ծանոթ դեմքերը կերեւան նոր ռակուրսից: Նրանք կբացեն իրենց սրտերը, կկիսվեն իրենց մտահոգություններով: Այս անգամ մենք զրուցել ենք երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ:

13239476_1058762844204781_5784841722803607219_n

-Հասմի՛կ, եթե նորից աշխարհ գայիք, կնախընտրեիք ապրել…

-Եթե հարցին թեթեւ մոտեցում ցուցաբերեմ, ապա` ինչ-որ ծովափնյա երկրում: Իմ ողջ գիտակցական կյանքում ես հասկացել եմ, որ ինձ ձգում են ծովային երկրները, որտեղ մարդիկ շատ առողջ են, կանայք հրաշալի մաշկ ունեն, կյանքն էլ շատ ավելի ուրախ է: Այդ մարդիկ ինչ-որ ներքին ազատություն ունեն, որը մենք չունենք: Իսկ, առհասարակ, ես հակված եմ կարծելու, որ յուրաքանչյուրս գալիս ենք աշխարհ ինչ-որ փոքրիկ առաքելությամբ: Եթե ես Հայաստանում եմ ծնվել, ուրեմն այդպես է պետք:

-Ձեզ կարող է ոգեշնչել անգամ…

-Մի հայացք, անգամ մի ձայն, օրինակ` անձրեւինը: Ինձ կարող է ոգեշնչել նույնիսկ հիշողությունը:

-Պետք չէ սպասել, որ Դուք…

-Կհարվածեմ ինչ-որ մեկի մեջքից: Կյանքը ցույց է տալիս, որ մարդն ընդունակ է ամեն ինչի: Բայց ուղեղի համապատասխան աշխատանքն է, որ կառավարում է լուսավորը զարգացնելու եւ խավարը ոչնչացնելու միտումը:

-Տղամարդը երբեք չպետք է…

-Չպետք է մոռանա, որ ինքն է կնոջն ուժեղացնողը եւ լավատեսություն հաղորդողը, ապրելու ցանկություն պարգեւողը: Տղամարդը երբեք չպետք է մոռանա, որ կինն իր արտացոլանքն է. ինչպիսին ինքն է, այնպիսի կին էլ կտեսնի իր կողքին:

-Այդպես էլ չսովորեցիք…

-Արժանի կերպով կոպիտ պատասխան տալ, տեղին պատասխան …

-Մինչեւ հիմա վախենում եք…

-Մենակ մնալ մթության մեջ: Պետք է անպայման մի լույս վառված լինի:

13221109_1058762977538101_8673410403690224612_n

-Միշտ ասում են, թե Դուք…

-Չափից դուրս անկեղծ եմ անգամ այնպիսի մարդկանց հետ, որոնք դրան արժանի չեն: Չնայած տարիների ընթացքում ես համեմատաբար փոխվել եմ, բայց ընկերներս միշտ ասում են ինձ այդ մասին:

-Ձեզ Ձեր մասնագիտության մեջ ամենաշատը նյարդայնացնում է…

-Այն, որ հաճախ անշնորհակալ աշխատանք ենք անում: Դա ես ասում եմ` ելնելով իմ ազգակիցների ճնշող մասի երաժշտական ճաշակից եւ մենթալիտետից: Վերջերս հասկացել եմ, որ որակյալ երաժշտությունը մեր երկրում չի գնահատվում: Ռաբիսը եւ պրիմիտիվ երաժշտությունը, կլկլոցը այնպես են գրավել եթերն ու բեմական հարթակները, որ մենք դարձել ենք անշնորհակալ աշխատանք կատարողներ:

-Ձեր կյանքի ամենաանսպասելի հանդիպումը:

-Այդ անսպասելի, միեւնույն ժամանակ սպասված հանդիպումը եղել է իմ ամուսնու` Շանթի հետ: Ես երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ իմ կյանքը կապել ամերիկյան քաղաքում ծնված եւ մեծացած տղամարդու հետ, որն ունի մյուսներից 180 աստիճանով տարբեր մտածելակերպ. դա շատ իմաստներով վախենալու հանգամանք էր: Բայց ես միշտ համոզված եմ եղել, որ իմ կյանքում լինելու է անսպասելի այդ շրջադարձը:

-Երբեք չեք համաձայնի ժամանակ անցկացնել…

-Թուրքիայի որեւէ մասում, օրինակ` Անթալիայում: Վստահ եմ, որ շատ կան հայեր, որոնք գնում են այնտեղ հանգստանալու, բայց ես ժամանակ չեմ անցկացնի այդ երկրի որեւէ կետում:

-Կյանքը հազիվ էլ բավականացնի, որպեսզի…

-Կարողանամ զգալ այն, ինչ ուզում եմ զգալ, ի կատար ածեմ իմ փոքրիկ երազանքները, ապագայում ըմբոշխնեմ իմ ամեն վայրկյանը երեխայիս կամ երեխաներիս հետ:

-Ամեն դեպքում, փորձում եք կյանքից վերցնել…

-Լուսավորը եւ իմաստունը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս