Լևոն Զուրաբյանը` Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը նախօրեին Վիեննայից վերադառնալու ճանապարհին՝ ինքնաթիռում, հարցազրույց է տվել իրեն ուղեկցող լրագրողներին:

Երեկ ժողովուրդ-ը զրուցեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ` նրա ուշադրությունը հրավիրելով հարցազրուցում հնչած որոշ մտքերի վրա:

-Պարո՛ն Զուրաբյան, Սերժ Սարգսյանը նախօրեին լրագրողներին ասաց, որ եթե կարիք լինի ժողովրդին դիմելու, կդիմի: Ըստ Ձեզ՝ հատկապես այս օրերին նման անհրաժեշտություն չկա՞ր:

-Որոշել կամ ենթադրել, թե երբ է պետք դիմել ժողովրդին ,դա մեր գործը չի: Եթե ինչ-որ բան կա ժողովրդին դիմելու համար, ուրեմն ինքը կորոշի, կասի: Ես չեմ կարծում, որ մենք բավարար չափով տիրապետում ենք տեղեկություններին, որ ասենք՝ ժողովրդին դիմելու պահը եկել է, թե ոչ:

-Սերժ Սարգսյանը նշել է, որ մենք ունենք 800 հազար հեկտար անվտանգության գոտի, որից կորցրել ենք 8 հազար հեկտարը: Ինչպե՞ս եք գնահատում նման համեմատականը, ի վերջո, արդյո՞ք այդ 800 հեկտարի կորուստը եւս մեզ համար անթույլատրելի չպետք է լիներ: Դրա արդյունքում այսօր Ադրբեջանում տարփողում են իրենց հաղթանակի մասին:

-Կարծում եմ, որ պարտության, հաղթանակի մասին այդ բոլոր խոսակցությունները այս պահին բացարձակ անիմաստ են: Կա ռազմական վտանգ ի դեմս Ադրբեջանի, նրանք ռազմական գործողությունների են դիմել, ստացել են պատասխան: Վտանգը սպառված չի, կախված է: Եւ մեզ համար ամենակարեւորը պետք է լինի այն, թե այս գործընթացի հետեւանքով մենք այդ վտանգը վերացնելու ենք, թե ոչ:

-Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից ի՞նչ տպավորություն ունեք:

-Ընդհանուր առմամբ կարելի է հասկանալ որ միջազգային հանրությունը եւս անհանգստացած է, որ ԼՂՀ հակամարտությունը կարող է էսկալացվել եւ դառնալ միջազգային հանրության համար այնքան մեծ գլխացավանք, ինչքան Լիբիայի, Սիրիայի կոնֆլիկնտն է կամ ԻՊ տերոռիզմը, ուստի նրանք վճռական գործողություններ են փորձում կատարել հակամարտության էսկալացիայի կանխման եւ կարգավորման ուղղությամբ:

Այդ ջանքերը կարելի է ողջունել, առավել եւս երբ հայտարարվել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել 1994 թվականի կնքված զինադադարի ուղղությամբ, մշտադիտարկման, ԵԱՀԿ-ի առաքելության ընդլայնման մասին: Բոլորը դրական զարգացումներ են, եթե իրագործվեն:

Արփինե Թովմասյան




Լրահոս