ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ու կինս ամուսնալուծված ենք եւ ունենք մեկ տղա: Արդեն երեք ամիս է՝ ալիմենտ չեմ վճարել: Խնդրում եմ տեղեկացնել, թե ինչպիսի պատասխանատվություն է սահմանված ալիմենտը ժամանակին չվճարելու դեպքում: Կա՞ որեւէ տուգանք կամ տույժ վճարումը չկատարելու համար:

Ալբերտ Բադալյան (37 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Բադալյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ՝
1. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձը պատասխանատվություն է կրում այդ համաձայնությամբ նախատեսված կարգով:
2. Դատարանի վճռով ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձը ալիմենտ ստացողին ուշացրած յուրաքանչյուր օրվա համար տուգանք է վճարում չվճարված ալիմենտի գումարի 0,05 տոկոսի չափով: Ալիմենտ ստացողը կարող է ալիմենտ վճարելու պարտավոր եւ ալիմենտը ժամանակին չվճարելու համար մեղավոր անձից բռնագանձելու պահանջ ներկայացնել նաեւ ալիմենտային պարտավորությունների կատարման ուշացմամբ պատճառված վնասների այն մասով, որ չեն ծածկվում տուգանքով:

«Լեգալ Էքսպերտ» իրավաբանական
 խորհրդատվական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչ խոսք, որեւէ ծնողի համար անպատվաբեր է իր զավակին հասանելիք ալիմենտի չնչին գումարը վճարելուց խուսափելը, սակայն չի բացառվում, որ մեզ դիմած քաղաքացին չի կարողացել կատարել իր պարտավորությունները, քանի որ ժամանակին չի ստացել իր աշխատավարձը, ինչը հաճախ է պատահում մեր իրականությունում: Ամեն դեպքում, յուրաքանչյուր ծնող մշտապես պետք է հիշի իր ծնողական պարտավորությունների մասին եւ ելքեր գտնի ալիմենտի վճարման համար:




Լրահոս