Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով անցնողները կրկին հարցաքննվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ մայիսի 20-ին լրանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով քննության մեկ տարին, արդեն տասն ամսից ավել է՝ անմիջական կատարողը կալանավորված է, նրա հետ եւս երեք անձինք են կալանավորված, սակայն այդպես էլ գործը դեռ չի ուղարկվել դատարան:

Այս գործով կալանավորված են Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը: Նրանցից Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:

Իսկ, ահա, Հենրիկ Ավագյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ-ի քննիչները օրերս կրկին հարցաքնել են Հենրիկ Ավագյանին, եւ նա նորից պնդել է, որ Արա Բուդաղյանն այս դեպքի հետ որեւէ կապ չունի եւ չի էլ ունեցել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հենրիկ Ավագյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ իր պաշտպանյալին լրացուցիչ են հարցաքննել, եւ նա կրկնել է նախորդ ցուցմունքները:




Լրահոս