Քաղաքական վերնախավը կատարեց իր առաջին քայլը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ զիջումների գնալու գործընթացի սկիզբը դրվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին հատուկ քննչական ծառայությունը որոշել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետի թիկնապահների մասնակցությամբ ծեծի գործով քրեական գործ չհարուցել:
Ապրիլի 17-ին տեղեկություններ տարածվեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան-Փարիզ չվերթ իրականացնող «Էյր ֆրանս» ավիաընկերությունով արտերկիր են պատրաստվել մեկնել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի երեխաները:
Տոմսարկղի մոտ հասնելուն պես թիկնապահների եւ օդանավակայանի աշխատակցի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի արդյունքում թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին: Ի դեպ, այս միջադեպի մասին ոստիկաններին հաղորդում էր ներկայացրել հենց օդանավակայանի աշխատակիցը, ինչի արդյունքում ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում:
Սակայն տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ արտերկիր են ցանկացել մեկնել ոչ թե ԴԱՀԿ նախկին պետի երեխաները, այլ հենց ինքը` Միհրան Պողոսյանը, որին թույլ չեն տվել, ինչից էլ սկսվել է վիճաբանությունը: Ինչեւէ, միջադեպի մասով իրահավապահներին էր դիմել օդանավակայանի աշխատակիցը եւ հաղորդում ներկայացրել, որից հետո ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում:
Կարճ ժամանակ անց պարզեցինք, որ ոստիկանությունն այս գործը ուղարկել է հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը որոշելու համար, թե արդյոք հիմքեր կան քրեական գործ հարուցելու: Թեեւ արդեն պարզ էին հիմքերը. պաշտոնյայի թիկնապահները ծեծել էին օդանավակայանի աշխատակցին, եւ ՀՔԾ-ին ոչինչ չէր մնում պարզելու, քան ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի` ծեծ հատկանիշներով քրեական գործ հարուցելը: Սակայն իրադարձություններն այլ կերպ զարգացան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի արդյունքում որոշվել է քրեական գործ չհարուցել: Իսկ հիմքը, ըստ ամենայնի, հանցակազմի բացակայությունն է: Ինչո՞ւ, այս հարցը ունի մեկ բացատրություն. ըստ էության Հայաստանի քաղաքական վերնախավը որոշել է ԴԱՀԿ նախկին պետին չպատժել մինչեւ վերջ, այլ մասով զիջումների գնալ: Եւ որպես այդ գործընթացի սկիզբ նրա թիկնապահների մասնակցությամբ ծեծի գործով քրեական գործ չհարուցվեց:
Ու երբ համադրում ենք արդեն հրապարակված լուրերը, ամեն ինչ հասկանալի է դառնում: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 4-ին «Հետք» պարբերականը հրապարակեց Միհրան Պողոսյանի բիզնեսների եւ, մասնավորապես, օֆշորային տարածքներում գրանցված ընկերությունների ու դրանց գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները: Այդ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկեց ՀՔԾ՝ ուսումնասիրելու համար, որից հետո օֆշորային գործարքների նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց ՀՀ քր. օրենսգքրի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):
Եվ, ահա, Միհրան Պողոսյանը հասկանալով, որ փակուղու առաջ է հայտնվել, եւ քաղաքական վերնախավը արդեն լուրջ հիմքեր ունի իրեն պատժելու համար, որոշել է զիջումների գնալ: Իսկ ինչ զիջումների մասին է խոսքը: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Պողոսյանին «օֆշորային սկանդալից» չոր դուրս բերելու համար իշխանության բուրգի վերնախավը ակնկալում է նրանից ստանալ Լոնդոնում իրեն պատկանող շենքը, որը նա գնել է մի քանի տարի առաջ։ Ի դեպ, ըստ լուրերի, Միհրան Պողոսյանի կարողությունը՝ ընկերությունները, անշարժ գույքը, ֆինանսական միջոցները, գնահատվում Է ընդհանուր հաշվով մոտ 800 մլն դոլար:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՀ գլխավոր դատախազությունը ցույց է տալիս, թե երկրում անպատժելիության մթնոլորտ չկա, եւ օրենքի առաջ հավասար են բոլորը՝ անկախ սեռից տարիքից եւ զբաղեցրած դիրքից, բայց իրականում մինչեւ վերջ չի կարողանում ապացուցել իր գործունեության արդյունավետությունը: Քաղաքական վերնախավը հերթական անգամ ցույց է տալիս իր առավելությունը ՀՀ իրավական համակարգի նկատմամբ: Արդյունքում շատ գործընթացներ հիշեցնում են պարզապես փոթորիկ մի բաժակ ջրում, կամ Սերժ Սարգսյանի խոսքերով ասած՝ քամու տատանում:
Հ.Գ. Այսօր Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ իրենց կողմից շվեյցարական բանկին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան` փոխանցվել է, որ բանկային հաշիվ չի բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ։ Նշյալ փաստաթուղթը, մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի հետ տրամադրվել է պատկան մարմիններին։
Քնար Մանուկյան