ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից անցած տարի բավարար միջոցներ չեն ձեռնարկվել հանրային սննդի օբյեկտներում սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի չափանիշների պահպանման ուղղությամբ:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը բազմաթիվ քաղաքացիներից եւ հասարակական կազմակերպություններից բողոքներ է ստանում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իր տարեկան՝ 2015 թվականի զեկույցում նույնպես անդրադարձել է այս խնդրին: Ըստ ՄԻՊ զեկույցի` հանրային սննդի օբյեկտներում չեն պահպանվում սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի չափանիշները, ինչն էապես ավելացնում է թունավորումների հավանականությունը, քանի որ նման հաստատություններում պատրաստվող սննդամթերքում բարձր է երկրորդային աղտոտվածության ռիսկը:
«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանից տեղեկացավ, որ անցած տարի ծառայությունը հասցրել է իրականացնել 591 ստուգում: Ըստ ՍԱՊԾ մասնագետի՝ 2015 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված է եղել իրականացնել 1162 ստուգում բարձր, միջին եւ ցածր ռիսկայնությամբ տնտեսվարող սուբյեկտների մոտ, սակայն ծրագրված ստուգումների մի մասը կասեցվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության՝ հուլիսի 30-ի որոշումը.«Դրանց մի մասը ստուգել ենք անցած տարվա առաջին կիսամյակի ավարտը, երբ այդ որոշումը չի եղել: Դրանից հետո մի մասը ստուգել ենք արդեն վարչապետի համաձայնությամբ»:
Այսինքն՝ 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ 2016 թվականի հունիսի 1-ի օրենքով սահմանված պետական մարմինների կողմից, բացառությամբ հարկային եւ մաքսային մարմինների, ստուգումները կարող են իրականացվել միայն հանրային անվտանգության, անձանց իրավունքների, կյանքի եւ առողջության պաշտպանության, պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովման դեպքերում (համապատասխան հիմնավորումներով) միայն ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ: Բացի այս՝ նույն որոշմամբ նախատեսվում է, որ ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությունը ստանալու նպատակով համապատասխան պետական մարմինները ՀՀ կառավարության աշխատակազմ են ներկայացնում ստուգման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկատվությունը:
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպասարկման ոլորտում ծառայություններ մատուցողների կողմից թույլ են տրվում բազմաթիվ խախտումներ, եւ այդ տնտեսվարողների անորակ ու ոչ անվտանգ սննդամթերքի մատակարարումն ուղղակիորեն կապված է մարդկանց ֆիզիկական առողջության պահպանման հետ, ՍԱՊԾ-ի կողմից պետք է հետեւողական քայլեր ձեռնարկվեին՝ կառավարության աշխատակազմ ներկայացնելով համապատասխան հաստատություններում ստուգումներ իրականացնելու անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկատվություն:
Այս խնդրի շուրջ Վահե Դանիելյանն ասաց հետեւյալը. «Ճիշտ է՝ ստուգումները ամբողջությամբ տարեկան ծրագրով չեն իրականացվել՝ հաշվի առնելով կառավարության որոշումը: Բայց եթե եղել է անհրաժեշտություն, ապա մենք դիմել ենք ՀՀ վարչապետին եւ ստացել ենք ստուգում իրականացնելու թույլտվություն: Բայց մենք չէինք կարող դիմել եւ ամբողջ տարեկան ծրագրի մասով ստուգումներ իրականացնելու համար թույլտվություն վերցնեինք: Այսինքն՝ մեր աշխատանքների ոչ բավարար կատարելը նաեւ օբյեկտիվ կողմ ունի: Եւ չենք կարող ասել, որ միայն ՍԱՊԾ-ի թերացումն է, որ ոլորտում անվերահսկելի վիճակ է: Նաեւ նշեմ, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն մեծ լծակ այս ոլորտում վերահսկողություն իրականացնելու»:
Պարզվում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ ՏԻՄ-երն են թույլտվություն տալիս հանրային սննդի եւ առեւտրի ծառայություններ իրականացնելու համար: Այսինքն՝ մի մարմին տալիս է թույլտվություն՝ առանց համապատասխան պայմանների հանրային սննդի ծառայություն իրականացնելու, իսկ մյուս մարմինը պետք է այնտեղ ստուգում իրականացնի:
«Օրինակ՝ հանրային սննդի տաղավարների մասով մենք պետք է հայտնաբերենք խախտումներ, տանք հանձնարարականներ՝ մշտական տաք, սառը ջուր չունենալու, անբավարար պայմանների հետ կապված: Բայց հետո, պարզվում է, որ տնտեսվարող սուբյեկտն ունի թույլտվություն, այլապես առանց ՏԻՄ թույլտվության իրենց կարգելվեր նմանատիպ ծառայություն մատուցել»,- ներկայացրեց մասնագետը:
Նրա խոսքերով՝ հանրային սննդի ծառայություններում հիմնականում խախտումները կապված են հիգիենայի հետ: Իսկ փոքր եւ միջին տնտեսվարող սուբյեկտների մոտ խնդիրներն ավելի ակնառու են: Դանիելյանը բարձրաձայնում է՝ փոքր հանրային սննդի տաղավարներում թերացումները բազմաթիվ են. «Մշտական հոսող սառը եւ տաք ջրի առկայությունը, տարրական նորմերը չեն ապահովում: Խնդիր է նաեւ աշխատակիցների հիգիենային հետեւելու հարցը, պատշաճ պահպանման պայմանները, պատրաստած խոհարարական արտադրանքի ցուցադրումը՝ ոչ պատշաճ պայմաններում», թվարկեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, խախտումներ հայտնաբերելու դեպքում, բացի հանձնարարական տալուց, տնտեսվարողների նկատմամբ կիրառվում է նաեւ վարչական պատասխանատվություն: Շատ են դեպքերը, երբ ՍԱՊԾ-ն կասեցնում է հանրային սննդի կազմակերպման գործընթացը մինչեւ խախտումների վերացումը: Իսկ վարչական պատասխանատվություն կիրառվում է ըստ խախտման. օրինակ՝ կենդանական ծագման մթերքը առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկելու օգտագործելը նախատեսում է 100 հազար դրամի տուգանք, մակնշման խախտումների անհամապատասխանությունով սննդամթերք իրացնելը նախատեսում է 50-100 հազար դրամի տուգանք եւ այլն:
Զրույցի ընթացքում Դանիելյանը եւս մեկ խնդրի շուրջ խոսեց. տարիներ առաջ ՀՀ-ում մի գործընթաց կար, որը կոչվում էր համապատասխանության գնահատում՝ հանրային սննդի ոլորտում ծառայություններ մատուցելու հետ կապված:
Սակայն այն 2009 թվականից հանվել է: Այսինքն՝ նախկինում հենց այս ոլորտում գործունեություն իրականացնողները պետք է ունենային համապատասխան սերտիֆիկատ, ինչը վերացել է: Եվ արդյունքում` ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի այսօր հանգիստ կարող է մեկ օրում բացել հանրային սննդի օբյեկտ կամ, այսպես կոչված, տաղավարներ: Իսկ այն բացելու համար անհրաժեշտ է միայն տեղական ինքնակառավարման մարմնի թույլտվությունը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ