ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հերոս, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը մշտապես համարվել է այն գեներալներից, որին ոչինչ երբեւէ չի կաշկանդել իրերն իրենց անունով կոչել: Գեներալը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց քառօրյա պատերազմի վեր հանած խնդիրները: «Ես՝ որպես զինվորականի մտածելակերպ ունեցող, կարծում եմ, որ չպետք է թույլ տայինք Ադրբեջանն այդքան վեր-վեր թռներ: Թող ինձ բոլորը ճիշտ հասկանան, ռազմական եւ քաղաքական իշխանությունը լուրջ պրոբլեմներ ունի: Պետք է բեկումնային փոփոխություններ անել: Պետք է մենք տեխնիկապես հագեցնենք մեր պետության սահմանները: Նախ պետք է մեր սահմանների ֆիզիկական անվտանգության հարցը լուծենք, եթե մեր սահմաններն ամրացված չեն, նոր մանկապարտեզներ ունենալն անիմաստ է»,- ասել է Արցախի Հերոսը: Նրա կարծիքով երկարատեւ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է թշնամուն լռեցնել: «Եթե մենք չենք հարձակվել, ուրեմն մեկ ամսից նորից են կրակելու: Նորից էլի մի թիզ հող կվերցնի, նորից Պուտինը կզանգի, կասի՝ մի երկու օր սպասեցեք, նորից ինքը կուժեղանա, եւ այսպես թիզ-թիզ հողերը գրավելով՝ կգա, կհասնի Երեւան: Սա սխալ է ու շատ վտանգավոր: Պետք է համարժեք պատասխան տալ»,- հավելել է Բալասանյանը: Իսկ ինչ վերաբերում է կոռումպացված պաշտոնյաներին, ապա նրանց վերաբերյալ գեներալի գնահատականն այսպիսինն է. «Եթե էդ մարդիկ իսկապես զինվորի արյունով հաց կամ գումար են վաստակել, դրանք մարդ չեն, դրանք առարկա են կամ իր են: Մենք պետք է համապատասխան օրենքով պատժենք, ոչ թե կաբինետից ազատենք, հետո գնանք, ասենք, որ պաշտպանության նախարարը լրատվամիջոցներով հայտարարում է, որ կադրային ռեֆորմներ են ուզում անել եւ այլն: Ինձ համար դրանք անընդունելի են»:

 

 
ԱԺ պատգամավորների եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ մայիսի 4-ին տեղի ունեցած փակ հանդիպումից տեղեկությունների «արտահոսքի» շուրջ բարձրացած աղմուկը շարունակում է նոր երանգներ ստանալ: Բանն այն է, որ ՀՀ իշխանությունների վերնախավին զայրացրել է այն փաստը, որ պատգամավորներից ոմանք համարձակվել են փակ հանդիպումից լրագրողներին, այդ թվում մեզ՝ «Ժողովուրդ» օրաթերթին, տեղեկություններ հաղորդել: Իհարկե, լրագրողներին փոխանցված տեղեկություններում ոչ մի պետական գաղտնիք չի եղել, բայց, միեւնույն է, իշխանական վերնախավը որոշել է «պատժել» հանդուգն պատգամավորներին: Արդյունքում, բոլոր այն պատգամավորները, որոնք կասկածվում են, որ կարող էին լրատվական արտահոսքի հեղինակ լինել, այս օրերին հայտնվել են նախագահականի տեսադաշտում: Ըստ լուրերի՝ նախագահականում դեռ չեն որոշել պատգամավորներին կոնկրետ ինչպես պատժել: Առավել հավանական է, որ ամենացավոտ զենքը կկիրառեն` օրենսդիրների հետ կապվող ընկերություններին ֆինանսական տույժի ենթարկելու ձեւով:

 

 
Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձի տոնակատարությունների օրերին Հայաստանից Արցախ այցելած հյուրերի մեջ ներկա պաշտոնյաներից բացի՝ նաեւ բազմաթիվ այլեւս նախկին պաշտոնյաներ եւ գեներալներ են եղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ի թիվս այլոց այդ օրերին Արցախ է այցելել նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը: Ինչպես հայտնի է՝ վերջինս 2012-ին ազատվեց իր պաշտոնից: Նրա պաշտոնանկությունը կապվում էր «Գոմեշի մսի գործ» անվանումը ստացած հանրահայտ կոռուպցիոն պատմության հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ գործիչների հետ հանդիպման ժամանակ Արշալույս Փայտյանը տհաճ իրավճակում է հայտնվել: Բանն այն է, որ Արցախում նրան ուղղակի հասկացրել են, որ իր պես գեներալների պատճառով է նաեւ, որ տարիներ շարունակ պետբյուջեից հայկական բանակին հատկացված միջոցները «տեղ չեն հասել»:

 

 

 
ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանը այսօրվանից սկսում է մայիսի ընթացքում թողարկվելիք պարտատոմսերի վաճառքը: Ըստ այդմ, նախատեսվում է, որ այսօր վաճառքի է հանվելու 3-ից մինչեւ 5 միլիարդ դրամի պարտատոմս` տարեկան 11 տոկոս եկամտաբերությամբ: Մայիսի 16-ին նախատեսվում է վաճառքի հանել եւս մեկուկես միլիարդ դրամի պարտատոմս, իսկ մայիսի 17-ին վաճառքի կհանվի 4-ից 6 միլիարդ դրամի պարտատոմս՝ տարեկան 9 տոկոս եկամտաբերությամբ: Ամսվա վերջին նախատեսվում է թողարկել եւ վաճառքի հանել մեկուկես եւ կես միլիարդ դրամի երկարաժամկետ պարտատոմսեր: Բացի այդ՝ գանձապետարանը նախատեսում է մայիսին թողարկել նաեւ կարճաժամկետ եւ բարձր տոկոսադրուքով չորս խումբ պարտատոմս` ընդհանուր 220 մլն դրամի չափով, որոնց տարեկան եկամտաբերությունը կազմելու է 13-ից մինչեւ 15 տոկոս: Այն, որ ՀՀ կառավարությունը շարունակում է արագ տեմպերով ավելացնել պետական ներքին պարտքը, վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում արտոնյալ պայմաններով վարկեր ստանալ:

 

 

 
ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բոլորը խոսում են դասեր քաղելու եւ կարեւոր վերանայումներ անելու հրամայականի մասին: Թվում էր, թե երեկ էր, որ պարզ երկնքում ամպրոպի նման ճայթեց բոթը այն մասին, որ թշնամին հարձակվել է Արցախի սահմանների վրա: Մինչդեռ արդեն ամբողջ 40 օր է անցել: Մեր ազգային կացութակարգում 40 օրը` քառասունքը, կարեւոր ժամանակահատված է` որեւէ գործընթացի հանգրվանի գալու առումով: Պատահական չէ, որ քառասունքը նշանավորվում է թե՛ մարդու ծնվելու, թե՛ մահվան դեպքում: Արդ, ինչ քայլեր, ինչ վերանայումներ են կատարվել ապրիլյան պատերազմի մեկնարկից քառասուն օր անց: Եթե գլոբալ հայացքով փորձենք դիտարկել, ապա գրեթե ոչինչ:
Չանդրադառնալով ներքաղաքական, տնտեսական եւ սոցիալական բազմաթիվ գերկարեւոր հարցերում հրատապ փոփոխությունների անհրաժեշտության մասին բարձրաձայնումներին եւ ի հակառակ դրա` զրոյական քայլերին, այս պահին կենտրոնանանք մեր դիվանագիտական ճակատում գրանցած արդյունքներին:
Անցած քառասուն օրերի ընթացքում հայկական դիվանագիտությանը, կամ ինչպես Էդուարդ Նալբանդյանն էր ասում՝ «արտաքին քաղաքականության զինվորներին» այդպես էլ չի հաջողվել գոնե մեկ այնպիսի հաջող քայլ անել, որը կարող էր համարժեք լինել մեր իրական զինվորների գործած սխրանքներին: Հայաստանի դիվանագիտությունն ինչպես կար կրավորական եւ իներտ, այնպես էլ շարունակում է այդպիսին լինել: Նալբանդյանն ամեն առիթով կրկնում է, թե ինքը ճառ ասող չէ, այլ զանգ կախող, սակայն այս օրերին մենք այդպես էլ որեւէ տեղից չենք լսում նրա կախած զանգի ձայնը:
Փոխարենը տեսնում ենք ադրբեջանական դիվանագիտական կորպուսի շատ ակտիվ եւ համակարգված աշխատանքը ամենատարբեր հարթություններում:
Վերջին օրինակը ադրբեջանցիների այն հայտարարություններն են, թե հայկական կողմը օգտագործել է միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներ: Մի քանի օր առաջ արված այդ հայտարարություններին հայկական կողմից արձագանքի բացակայությունից ոգեւորվելով` նախօրեին էլ Ադրբեջանի ԱԳՆ եւ ՊՆ ներկայացուցիչներն իրենց երկրում հավատարմագրված դեսպանատների ռազմական կցորդներին տարել են շփման գիծ` տեղում ցուցադրելով «արգելված զինատեսակների կիրառման ապացույցները»: Այս փաստին, սակայն, արձագանքել է միայն ՀՀ Պն մամլո խոսնակը` իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Ադրբեջանն անբարեկիրթ մոլորության մեջ է գտնվում: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված. «Սարսափի աչքերը մեծ են՝ ինչ որ չկա, այն էլ են տեսնում»: Թե ինչ ասել է` «անբարեկիրթ մոլորություն», եւ որն է բարեկիրթ մոլորությունը, հավանաբար գիտի ինքը` գրառման հեղինակը, սակայն ադրբեջանական կողմի այս քայլերի հետեւանքները թերագնահատելը եւս մոլորություն է: Իսկ մեր արտգործնախարարությունը ինչպես այս, այնպես էլ մնացած դեպքերում խորապես բարեկիրթ լռություն է պահպանում:




Լրահոս