Երբ երգիծանքի միջազգային օրը՝ ապրիլի 1-ին, ղարաբաղաադրբեջանական սահմանին աննախադեպ լարվածություն առաջացավ, սառը ցնցուղի էֆեկտ ունեցավ այն, եւ պարզվեց, որ ամենեւին էլ կատակ չէր տեղի ունեցածը: Աննախադեպ հարձակման օրերին Արցախի եւ Հայաստանի ռազմական ու քաղաքական ղեկավարները կոչ էին անում զերծ մնալ մեկնաբանություններից՝ հորդորելով դա անել խաղաղության գոնե հարաբերական հաստատումից հետո: Հիմա, կարծես թե, լարվածությունը էականորեն մեղմվել է, եւ ժամանակն է սթափ վերլուծելու իրավիճակը՝ հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ, եւ ինչպե՞ս էր հնարավոր կանխել արյունահեղությունը՝ չտալով մոտ 100 զոհ:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Արցախի հերոս, գեներալ, ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հետ:
-Պարո՛ն Բալասանյան, ապրիլյան դեպքերից հետո Դուք Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարզացրույցի ընթացքում հայտարարեցիք, որ Ադրբեջանին պետք չէ թերագնահատել, որովհետեւ իրենք բավականին պատրաստված էին, գրագետ տակտիկա էին իրականացնում, եւ նրանց հարձակումները պլանավորված էին շատ ավելիին հասնելու համար, բայց չհաջողվեց իրագործել ամբողջական ծրագիրը: Մենք արդյո՞ք չէինք հաշվարկել, որ այս տարիների ընթացքում թշնամին փոխելու է իր տակտիկան եւ ռազմական հնարավորությունները մեծացնելով՝ կարող էր այս քայլին գնալ: Ինչո՞ւ պարտաստ չէինք:
-Նախ մենք ասելով, դա վերաբերում է քաղաքական եւ ռազմական իշխանություններին, իսկ հասարակ ժողովուրը, այնպիսին, ինչպիսին ես եւ մյուսներն են, պետք է վերահսկեինք: Ժամանակ առ ժամանակ պետք է ստուգեինք այն հայտարարությունը, երբ Ադրբեջանը նախահարձակ լինի, մի քանի ամիս առաջ իմանալու էինք: Եւ ի պատիվ, ի շնորհիվ խրամատում կանգնած զինվորի՝ մենք կարողացանք կասեցնել այդ հարձակումը: Իհարկե, չի կարելի հակառակորդին թերագնահատել, բայց այնպես չէր, որ Ադրբեջանն այս տարիների ընթացքում զինվել, վերազինվել էր: Ես կարող եմ ասել, որ մենք ենք թուլացել: Չէի ասի պատերազմական գործողություններ, բայց կային գործողություններ: Այն ժամանակ ավելի վտանգավոր էր թե՛ տեխնիկայով, թե՛ թվաքանակով: Բայց այսօր մենք տեսանք, որ այն չէ, որ դեռեւս սպառազինությունը կարող է որեւէ հարց լուծել:
-Մենք քառօրյա պատերազմի ընթացքում ունեցանք 100 զոհ, ի՞նչ ունենք այդ կորուստների դիմաց, ի՞նչ ստացանք:
-Ես ուզում եմ այդ քառօրյա հասկացողությունը հանենք մեր բառապաշարից: Մենք 1994թ. ունեցանք մի փաստաթուղթ, որը շատ վտանգավոր է: Եվ այն ժամանակ էլ էի դեմ արտահայտվել այդ փաստաթղթին: Մեր մարտավարության ձեւը փոխվեց. հարձակվողական բնույթի մարտը փոխարինվեց դիրքային: Ուրեմն այսպես՝ 1994թ.-ից մինչեւ այս վերջին զարգացումները դիրքային պատերազմից, որը շատ վտանգավոր է, ընդհանուր բնութը փոխվեց անցավ հարձակողական մարտի: Եթե մինչեւ ապրիլը Ղարաբաղը ճանաչվեր, կճանաչվեր այլ սահմաններով, եւ քարտեզի վրա մատիտով կգծեին այդ սահմանները: Եթե այսօր ճանաչեն, ապա կտեսնեք արդեն շեղում կա:
-Հնարավո՞ր է վերականգնել այդ շեղումը:
-Ես՝ որպես զինվորականի մտածելակերպ ունեցող, կարծում եմ, որ չպետք է թույլ տայինք Ադրբեջանն այդքան վեր-վեր թռներ: Թող ինձ բոլորը ճիշտ հասկանան, ռազմական եւ քաղաքական իշխանությունը լուրջ պրոբլեմներ ունի: Պետք է բեկումնային փոփոխություններ անել: Պետք է մենք տեխնիկապես հագեցնենք մեր պետության սահմանները: Նախ պետք է մեր սահմանների ֆիզիկական անվտանգության հարցը լուծենք, եթե մեր սահմաններն ամրացված չեն, նոր մանկապարտեզներ ունենալն անիմաստ է:
-Դուք տեսնո՞ւմ եք այդ պոտենցիալը:
-Կամք է պետք: Ճիշտ մտածող մարդիկ կան, մենք ե՛ւ թվաքանակ ունենք, ե՛ւ մասնագետներ ունենք: Ասեմ, որ հայ պատմության մեջ հայ ազգը առաջին անգամ այսքան թվով ոտքի կանգնեց: Եվ այդ ժողովուրդը, որոնք մեզ հետ ոտքի կագնեցին՝ եզդիները, քրդերը, ինչու չէ՝ ռուսներն էլ: Մենք փոքրամասնություն կազմող ահագին ընկերներ ունենք, որոնք մեզ հարգում են եւ մեր երկրի համար միշտ էլ արյուն են տվել: Սա է իրականությունը:
-Այս պահին հնարավորություն տեսնո՞ւմ եք երկարատեւ հրադադարի պայմանագրի վերակնքման: Այսօր մի տեսակ անորոշ իրավիճակ է կարծես:
-Անկեղծ ասած՝ այս անորոշությունը շատ վտանգավոր է: Այս պահի դրությամբ բացառում եմ, որ Ադրբեջանը սկսի հարձակողական մարտ վարելը, որովհետեւ մենք համպատրաստ ենք եղել: Զորամասերը մարտական պատրաստություն բերված չէր: Խաղաղ բնույթ էր կրում, եւ կարճ ժամանակում զորքերը կարողացան վերակազմավորվել, եւ այդ հակահարվածներին համարժեք գնահատակ տրվեց: Ադրբեջանը բավականին կորուստներ ունեցավ, հիմա խրամատների դիմացի գյուղերում գրեթե ապրողներ չկան: Ադրբեջանի իշխանությունները շատ վտանգավոր մարդիկ են, որոնք իրենց սեփական ժողովրդի դեմ նման վերաբերմունք ունեն: Իրենք չեն պատկերացրել, որ հայկական կողմը կարող է պատասխան տալ եւ կրակակետը լռեցնել: Անորոշությունը սխալ է: Մենք պետք է այդ օրերին այդ կրակակետերը լռեցնեինք:
-Բայց կկարողանայի՞նք մեր արածների համար պատասխան տալ:
-Միանշանակ, մենք որեւէ խնդիր չէինք ունենա: Հիմա մենք պաշտպանվել ենք, պաշտպանությունից պետք է անցնենք հակահարձակողական գործողությունների: Եթե մենք չենք հարձակվել, ուրեմն մեկ ամսից նորից են կրակելու: Նորից էլի մի թիզ հող կվերցնի, նորից Պուտինը կզանգի, կասի, մի երկու օր սպասեցեք, նորից ինքը կուժեղանա, եւ այսպես թիզ-թիզ հողերը գրավելով՝ կգա, կհասնի Երեւան: Սա սխալ է ու շատ վտանգավոր: Պետք է համարժեք պատասխան տալ:
-Համարժեք պատասխան տալու համար մենք ունե՞նք ռեսուրսներ, ի վերջո, խոսվում է, որ Ադրբեջանը սպառազինության ժամանակակից տեխնիկաներով հարուստ է:
-Միանաշանակ, ծով է: Կարելի է 7 անգամ Ադրբեջանին ծնկի բերել: Կամք է պետք, մարդիկ չվախենան: Իսկ նրանք, ովքեր պաշտոն են զբաղեցնում, ասեմ, եթե չանեն, այդ մարդիկ հայտնվելու են պատմության աղբարկղում:
-Պարո՛ն Բալասանյան, ինչի՞ հասան ադրբեջանցիները իրենց 4-օրյա ագրեսիվ հարձակումով, եւ ի՞նչ ունենք մենք:
-Ադրբեջանցիները մի քանի հարց լուծեցին: Նախ՝ Թուրքիան թատերաբեմը փորձեց տեղափոխել այստեղ, դա Թուրքիային էր պետք, ներքաղաքական հարցեր լուծեց: Երբ ասում են Ալիեւի իշխանություն, բոլորը ամենավատ բաներն ասում են, երբ Ղարաբաղի հարցն է, բոլորը կանգնում են: Ինքը իր համար մի քանի հարցեր է լուծել: Ըստ իս, Ադրբեջանի իշխանությունները խայտառակ տակ են տվել: Մենք ոչնչի չհասանք: Մենք խոսում ենք, թե պլաններ ենք ձախողել, իմ համար դա զրոյական է: Հարձակվել են, մենք էլ համապատասխան պատասխան ենք տվել: Եթե սպանել էինք, ուրմեն պետք է առաջ գնայինք: Ես չեմ ընդունում այդպիսի բաներ:
-Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը շարունակում է պնդել, որ Ադրբեջանի կողմից զավթած տարածքները նշանակալի չեն: Արդյո՞ք կկարողանանք վերադարձնել դրանք:
-Ցանկացած տարածք մեծ նշանակություն ունի, կապ չունի՝ դա փոսումն է, թե սարի վրա: Նրանք, ովքեր ասում են, դա հիմարություն է: Միանշանակ կարելի է վերականգնել, բայց հիմա ամեն ռազմական գործիչ յուրովի է մտածում, որ հնարավոր է ամեն ինչ անել, ոչ թե վերականգնել:
-Ի՞նչ դասեր քաղեցի՞նք:
-Ես անձամբ դասեր քաղել էի, քաղում եմ ու, չեմ ուզում, հետագայում կքաղեմ: Բայց չգիտեմ՝ մնացածները քաղում են, թե ոչ: Հիմա շատ դժվար է իրենց տեղը պատասխան տալ: Ես միշտ տեսնում էի, միշտ բարձրաձայնում էի, միշտ ղեկավաներին ասում էի, թե ինչեր են կատարվում, եւ ինչ պետք է կատարվի: Ես միշտ զգացել եմ, որ պատերազմ պետք է սկսվի:
-Ի՞նչն է պատճառը, որ Ձեր տեսակետը գերշխող չի դառնում:
-Չեմ կարող ասել:
-Ձեր կանխատեսմամբ մոտավորապես ինչքա՞ն ժամանակ կլռի ադրբեջանական բանակը:
-Դժվար է խոսել, ասել, կարող է՝ 10 օր, 15, 20 օր: Կարող է վաղն առավոտյան նորից սկսեն: Զարգացումներն անկանխատեսելի են: Որեւէ մեկը չի իմանում: Ադրբեջանն ինքնուրույն չի այդ ամենն անում:
-Իսկ դիվանագիտությանը հավատո՞ւմ եք:
-Ոչ: Ես որեւէ փաստաթղթի չեմ հատավում, ես հավատում եմ, որ այս տարածաշրջանում պետք է գոյություն ունենա կա՛մ Ղարաբաղը, կա՛մ Ադրբեջանը: Ես համոզված եմ, եթե մենք համապատասխան համարժեք քայլեր ձեռնարկենք, Ադրբեջանը քաղաքական քարտեզից վերանալու է: Եթե անենք, եթե ոչ, ապա մենք լուրջ պրոբլեմներ ենք ունենալու: Իսկ ես պատրաստ չեմ իմ թոռներին թողնել դրանց զոհասեղանին:
Ես ուզում եմ որ մեր ժողովուրդը լրջանա, զգոն լինի: Մենք կենաց խմելու ազգ չենք, մենք մշտական պիտի լինենք մեր սահմանի եւ մեր զորքի կողքին: Պարտավորեցնենք նրանց, ովքեր պատասխանատու են եղել այս ամենի համար: Բոլորը անխտիր պետք է պատասխան տան օրենքի առաջ: Եթե ես եմ, ապա ինձ էլ է դա վերաբերում, եթե նախագահն է՝ ապա նրան էլ:
-Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ՊՆ երեք գեներալներ ազատվեցին աշխատանքից, սա բավարա՞ր քայլ չէ զգոնության, լրջության մեկնարկի համար:
-Այն չէ, որ կարելի է հրամանագրեր գրել եւ ազատել ինչ-որ մարդկանց պաշտոնից, եթե էդ մարդիկ մեղք ունեն, ապա ի՞նչ է նշանակում ազատել պաշտոնից: Պետք է քրեորեն հետապնդելի առարկաներ դառնան: Եթե էդ մարդիկ իսկապես զինվորի արյունով հաց կամ գումար են վաստակել, դրանք մարդ չեն, դրանք առարկա են կամ իր են: Մենք պետք է համապատասխան օրենքով պատժենք, ոչ թե կաբինետից ազատենք, հետո գնանք, ասենք, որ պաշտպանության նախարարը լրատվամիջոցներով հայտարարում է, որ կադրային ռեֆորմներ են ուզում անել եւ այլն: Ինձ համար դրանք անընդունելի են: Դրանք քրեորեն չեն հետապնդվելու: Ո՞վ է որոշելու՝ քրեորեն հետապնդվելու են, թե՞ ոչ:
Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՆ, ԹԵ ԶՐՈՅԱՑՆՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ «Հայբիզնեսբանկ»-ը հայտարարել էր, որ պատրաստ է զրոյացնել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորությունները: «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից «Ժողովուրդը» տեղեկացավ, որ ներկայումս իրենց բանկը զրոյացրել է 12 վարկային պարտավորություն, որից 6-ը հենց զոհվածների վարկերն են եղել, իսկ մյուս 6-ը զինծառայողների ընտանիքների անդամներից որեւէ մեկի անունով վարկեր են եղել: «Այս պահին ընդհանուր գումարի չափը չենք կարող նշել, որովհետեւ գործընթացը ընթացքի մեջ, փաստաթղթերն ենք ճշտում, որպեսզի կարողանանք իրավական առումով ձեւակերպել: Եւ որոշ ժամանակ անց մենք կամփոփենք եւ պաշտոնապես հանդես կգանք հայտարարությամբ»,- պարզաբանեցին բանկից: Ի դեպ, այս եւ մի շարք այլ բանկեր հայտարարել էին, որ կզրոյացնեն ապրիլի 1-ից 7-ը Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները: Սակայն մարտական գործողությունները շարունակվեցին նաեւ ողջ ապրիլի ընթացքում, եւ մինչ օրս էլ Արցախում զոհեր են լինում: Ուստի օրերս հանրությունը սկսեց քննարկել նաեւ այն հարցը, թե ինչ է լինելու ապրիլի 7-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքների վարկերի հետ: Այս հարցի պատասխանը մինչ օրս չի հնչեցվել:
ՔԿՀ ՄԻՋԱԴԵՊԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Երեկ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Արտյոմ Մխոյանը, նրա օգնականը եւ անվտանգության աշխատակիցը վիճաբանել են դատապարտյալների հետ: Արդյունքում, դատապարտյալները ցանկացել են միմյանց վնասել: Երեկ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց .«Ուսումնասիրվում են քրեակատարողական հիմնարկում միջադեպի վերաբերյալ հրապարակման մանրամասները»: Ի դեպ, նշենք, որ դատապարտյալները պահանջել էին, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրենց այցելի եւ զբաղվի իրենց իրավունքների պաշտպանությամբ: Այսօր ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները կայցելեն ՔԿՀ:
«ՅՈՒՔՈՄ»-ԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ապրիլի 25-ին «Յուքոմ» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ Վարազդատ Հովհաննիսյանը «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի անունով Հայաստան է ներմուծել բեռ: Սակայն ներմուծված ապրանքի մաքսային ձեւակերպումները պետք է իրականացվեին ոչ թե «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի անունով, այլ «Յուքոմ» ՍՊԸ-ի: 2016 թվականի մարտի 31-ից սկսած «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի իրավահաջորդ է համարվում «Յուքոմ» ՍՊԸ-ն, եւ ցանկացած ձեւակերպում պետք է իրականացվեր հենց «Յուքոմ» ՍՊԸ-ի անունով: Արդյունքում, մաքսային մարմինը որոշել է «Յուքոմ» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ Վարազդատ Հովհաննիսյանին տուգանել 50 հազար դրամի չափով: