Ինչպես հայտնի է՝ երկու շաբաթ առաջ՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց միանգամից երեք բարձրաստիճան գեներալների՝ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին եւ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին: Բայց ինչպես երեւում է՝ ազատված գեներալներին «փրկում» են, իսկ նրանց ենթականերին կալանավորում:
Իսկ հիմա ամեն ինչի մասին սկզբից: Դեռեւս 2016 թվականի մարտի 21-ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով, եւ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Այս հրապարակումից գրեթե մեկ ամիս հետո՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանը աշխատանքից ազատեց ՊՆ փոխնախարար-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին: Ստացվում է, որ Արսեն Ղարիբջանյանը կալանավորված է, իսկ, ահա, նրա վերադաս Ալիկ Միրզաբեկյանը ընդամենը աշխատանքից ազատված:
Իսկ ինչ էր արել Ալիկ Միրզաբեկյանի ենթակայության տակ գործող գլխավոր մասնագետ Ղարիբջանյանը: Պարզվում է, որ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը տեղեկացել է, որ ՍՊԸ-ներից մեկը Պն-ին ապրանքը վաճառել է թանկ գնով: Ավելին՝ վերջինս իր վերադասից կոնկրետ հանձնարարական է ստացել՝ ստուգել ՍՊԸ-ի գործողությունները: Եվ, ըստ էության, վերջինս բացահայտել է, որ իսկապես ՍՊԸ-ն ապրանքը ՊՆ-ին թանկ գնով է վաճառել, եւ որպեսզի ՍՊԸ-ի ղեկավարությունը իրավապահների ձեռքը չհայտնվի, որոշել է նրանցից 5 միլիոն դրամ կաշառք վերցնել:
Այս պատմության մասին նա հայտնել է ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյան, որն էլ որոշել է օժանդակել Խաչատրյանին: Եվ, ահա, 2016 թվականի մարտի սկզբին Ղարիբջանյանը հանդիպել է ընկերության տնօրեն Ավագյանին եւ հայտնել գնդապետ Խաչատրյանի՝ 5 մլն դրամ կաշառք ստանալու պահանջի մասին, իսկ մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում անձամբ հանդիպել է նրան եւ ստացել պահանջված գումարը:
Չի բացառվում է, որ Ալիկ Միրզաբեկյանին աշխատանքից ազատելու պատճառներից մեկը եղել է հենց այս դեպքը: Միգուցե նրա գլխավոր մասնագետը ասել է, որ իր վերադասը՝ Ալիկ Միրզաբեկյանը, տեղյակ է եղել իր գործողություններից, իսկ, ահա, իշխանական վերնախավում որոշել են վերջինիս պատժել ընդամենը աշխատանքից հեռացնելով, քանի որ աշխատակցին արդեն իսկ կալանավորել են: Նկատենք, որ այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ Արսեն Ղարիբջանյանը կաշառք վերցրել է, ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում: Արդյո՞ք կաշառք վերցնող անձը կարող էր այդքան ակնհայտ գործել եւ հանդիպեր այն վայրում, որտեղ կարող էին նրան բռնել: Չի բացառվում, որ այն աստիճանի թիկունք է ունեցել` ի դեմս իր ղեկավարների, որ գործել է առանց վախի:
Դասեր չեն քաղում
Ինչպես նկատում ենք՝ միայն ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչությունում չէ, որ կաշառքի դրսեւորումներ են եղել: Ապրիլի 26-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը աշխատանքից հեռացրել էր նաեւ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին: Իսկ թե կոնկրետ ինչն էր եղել նրա հեռացման պատճառը, այդպես էլ չմանրամասնվեց: Սակայն ինչպես նկատում ենք՝ այս վարչությունը եւս տարիներ առաջ աչքի է ընկել աղմկահարույց յուրացման գործերով: Ինչպես պարզեցինք՝ 2003-2009 թվականներին ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետը եղել է ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Արմեն Բաբուրյանը: Նրա ղեկավարման տարիներին՝ մասնավորապես 2009 թվականին, պաշտպանության նախարարությունում հերթական գանձագողության եւ զենքի վաճառքի դեպքն էր բացահայտվել: Կապի վարչության պետ գեներալ-մայոր Արմեն Բաբուրյանը մեղադրվում էր կապի ժամանակակից միջոցների եւ կապի տեխնիկական միջոցների մաքսանենգ առուծախի ու հարյուր-հազարավոր դոլարների հանցավոր յուրացման մեջ: Ու թեեւ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, սակայն Բաբուրյանն ընդամենը հեռացվել էր պաշտոնից:
Այս դեպքից հետո ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնում նշանակվեց Կոմիտաս Մուրադյանը, որին Սերժ Սարգսյանը ապրիլի 26-ին ազատեց աշխատանքից առանց հիմնավորման:
Ըստ էության Կոմիտաս Մուրադյանի համար իր նախորդի դեպքը դաս չէր եղել, եւ ինչպես ցույց տվեցին զարգացումները, նրա ղեկավարած ոլորտում եւս այնպիսի չարաշահումներ են հայտնաբերվել, որ բավարարվեցին միայն նրան աշխատանքից ազատելով:
Ինչպես նկատում ենք՝ հերթական անգամ «մանր ձկները» գտնվում են կալանքի տակ, իսկ Սերժ Սարգսյանի կողմից հիշատակված «խոշոր ձկները» ազատության մեջ են:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍՊԻՆ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
Ինչպես արդեն հայտնել էինք՝ մայիսի 6-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շորթման կասկածանքով երկամսյա կալանքի որոշում կայացրեց Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի եւ նրա օգնական Վարդուհի Գիշյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ analitik.am լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ: Այնուհետեւ կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդուհի Գիշյանի պաշտպան Ստյոպա Ոսկանյանը հայտնեց, որ Վարդուհի Գիշյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, եւ իրենք Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը՝ Գիշյանին երկամսյան կալանքի ենթարկելու մասին, բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարանում:
Կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի պաշտպան Հայկ Սարգսյանը եւս հայտնեց որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. «Վերջինս կատարվածի մասով տվել է ցուցմունք եւ հայտնել է իր դիրքորոշումը»: Հարցին, թե մամուլում տեղեկություններ կան, որ նա խոստացել է անուններ տալ, պաշտպանն ասաց, որ նման բան չկա: Անի Հովհաննիսյանը նման հայտարարություն չի արել, եւ իրենք չգիտեն, թե որտեղից են այդ տեղեկությունները: Պաշտպան Սարգսյանից փորձեցինք պարզել, որ տեղեկություններ կան, թե Անի Հովհաննիսյանը ՔԿՀ-ում խնդիրներ ունի:
Բանն այն է, որ «Ժողովուրդ»-ը լուրեր ստացավ այն մասին, որ օրերս քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ցանկացել են Անի Հովհաննիսյանից բացատրություն վերցնել նրա մարմնի վրա առկա սպիներ մասին: Նշենք, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը գրեթե բոլոր դատապարտյալներից եւ կալանավորներից մարմնի վրա առկա դաջվածքների կամ սպիների մասով գրություն է վերցնում, թե երբ եւ ինչ պայմաններում է նրանց վրա առաջացել սպին: Այս քայլին ՔԿՀ ղեկավարությունը գնում է հետագա խնդիրներից խուսափելու համար: Եթե դատապարտյալները կամ կալանավորները երբեւէ հայտարարեն, որ իրենց ծեծել են կամ հարվածել են, ու դրանից սպի է առաջացել, ՔԿՀ ղեկավարությունը կարողանա ապացույց ունենալ՝ ներկայացնելով դատապարտյալի բացատրագիրը: Սակայն ինչպես տեղեկացանք՝ Անի Հովհաննիսյանը հրաժարվել է որեւէ բացատրություն տալ իր սպիի առաջացման մասին: Պաշտպան Հայկ Սարգսյանը, սակայն, ասաց, որ նման տեղեկություն չունի:
Լ. ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽԱԽՏԵԼ
Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Իսկ, ահա, ԼՂՀ սահմաններում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 եւ 82 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նռնականետից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
ԱՌԱՆՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
ԵԱՀԿ-ի առաքելությունը երեկ Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արեւմտյան ուղղությամբ: ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը դիտարկումն իրականացրել է Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից։ ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
ՑՈՒՑՄՈՒՆՔ ԿՏԱ
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատրաստ է ցուցմունք տալ «Անալիտիկ» կայքի խմբագրի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: «Ես օգտակար կլինեմ քննությանը եւ հանդես կգամ ցուցմունքներով, երբ որ այդ ցուցմունքների անհրաժեշտությունն ուղղված կլինի ավելի բարձր կանգնած հանցագործների նկատմամբ: Կարծում եմ՝ առաջիկա օրերին անշուշտ կլինի դա»,- երեկ լրագրողներին ասել է Ուրիխանյանը: