Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց կառավարության կողմից ներկայացված «Դեղերի մասին» եւ դրան կից օրենսդրական փաթեթը:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ փոքր դեղատները եւ դեղի մանրածախ առեւտրով զբաղվող ընկերությունները դժգոհ են «Դեղերի մասին» նոր օրինագծից, քանի որ դրանով ավելի բարձր հիմքերի վրա է դրվում ՀՀ-ում դեղերի շուկայի մոնոպոլիզացիան:
«Կան տերմիններ եւ ձեւակերպումներ, որոնք վարչարարության տեսանկյունից հնարավորություն են տալու ավելի լայն հայեցողություն կիրառել, որը կբերի կոռուպցիոն ռիսկերի: Հարց է առաջանում՝ այս օրենքի ընդունումից հետո Հայաստանում դեղերը կարո՞ղ են էժանանալ եւ հասնել այն գներին, որոնք կան Վրաստանում: Ես մարդիկ գիտեմ, որոնք իրենց հիվանդին թողած` գնում են Վրաստան, որ դեղ առնեն: Չեմ հասկանում՝ ընկերությունների համար ի՞նչ տարբերություն` դեղը ներմուծել են Հայաստան, թե՞ Վրաստան, չէ՞ որ կիլոմետրերի զգալի տարբերություն չկա: Այս թեմայով ես հարցում եմ արել նաեւ առողջապահության նախարարություն, սակայն պատասխաններն անհասկանալի են»,- ընդգծեց Մարուքյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ հակաքաղցկեղային շատ դեղեր եվրոպական երկրներում ոչ միայն ավելի լավ են ազդում, այլեւ շատ ավելի էժան են, քան Հայաստանում:
Այնուամենայնիվ, Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ սա պարզապես թղթի վրա փայլուն նախագիծ է:
«Իդեալական է թղթի վրա, բայց արդյո՞ք փարատելու է այն մտահոգությունները, որ կան, կամ արդյո՞ք դեղային մոնոպոլիստները դադարելու են կավիճ ներկրել»,-հռետորական հարցադրումներ արեց Զոհրաբյանը:
Այնուհետեւ Աժ արտահերթ նիստում քննարկվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը: Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է կարգավորել բաժնետիրական ընկերություններում շահագրգռվածությամբ եւ միաժամանակ խոշոր գործարք համարվող համաձայնությունների վերաբերյալ տեղեկատվությունների ներկայացման, հրապարակման եւ իրավական հետեւանքների հարցերը:
«Ներկայումս գործող օրենքը չի պահանջում մեկ միլիարդ դրամից ավել շրջանառություն ունեցող ընկերությունում շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարքներ կնքելու մասին Ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ վերստուգող հանձնաժողովի կողմից նախնական եզրակացության տրամադրում, գործարքի հրապարակայնություն եւ թափանցիկություն»,- ներկայացրեց Մինասյանը:
Նրա փոխանցմամբ, եթե միաժամանակ կանոնները չեն պահպանվում, ապա այդպիսի գործարքները հիմք են, որ ընկերության այլ բաժնետերեր կարողանան վիճարկել, որպեսզի դրա հիման վրա, եթե ընկերությանը պատճառվել է վնաս, ապա այդ բաժնետերերի կողմից վերականգնվի վնասը:
«Խոշոր գործարքներ են համարվում այն գործարքները, որոնք կնքվում են ընկերության ակտիվների 25 տոկոսից ավել գույքի կամ գույքային իրավունքների իրացման նպատակով եւ միաժամանակ դրա համար օրենքը նախատեսում է ընթացակարգ: Բայց հաճախ ընթացակարգերը խախտվում են, եւ բաժնետերերը, որոնք որ չեն մասնակցել ընդհանուր ժողովին կամ տեղեկացված չեն իրենց կողմից քվեարկության մասնակցության վերաբերյալ, հաճախ հայտնվում են վատ վիճակում, քանի որ նրանց բաժնետոմսերի արժեքն էականորեն նվազում է»,- նշեց նախարարը:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ առաջարկվում է մեկ միլիարդ դրամից ավել շրջառանություն ունեցող ընկերություններում գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը ընկերության աուդիտ անցկացնող անձի կամ վերստուգող հանձնաժողովի եզրակացությամբ զետեղել azdarar.am կայքում, որպեսզի բաժնետերերը կարողանան իրացնել իրենց իրավունքները:
«Ընկերությունը պարտավոր է շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարք կնքելու մասին որոշումը կայացնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, գործարքի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Գործարար միջավայրի վերլուծությունները ցույց են տալիս, որ երկրների օրենսդրական բացթողումներն ընկերությունների սեփականատերերին եւ տնօրեններին թույլ են տալիս կատարել այնպիսի գործարքներ, որոնք օրինական են, չեն պարունակում կեղծիք կամ խաբեություն, սակայն դրանք, այնուամենայնիվ, վնասում են ընկերության կառավարման գործում որոշիչ ձայնի իրավունք չունեցող բաժնետերերի շահերը»,-եզրափակեց Մինասյանը:
Նշենք, որ նախագծերի քվեարկությունը տեղի է ունենալու այսօր:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
«ՏԱՔՍԻ ՄԱՆԱՆԴ»-Ը ՍՆԱՆԿԱՑԵԼ Է
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեռեւս 2007 թվականին ստեղծված «Տաքսի Մանանդ» ընկերությունը անցած տարի սնանկ է ճանաչվել: Բանն այն է, որ «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն անցած տարվա ապրիլի 28-ին դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան «Տաքսի Մանանդ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով:
«Տաքսի Մանանդ» ընկերության պարտքը «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին անցած տարվա ապրիլի 18-ի դրությամբ կազմել է 44 մլն 523 հազար 259 դրամ: Նշենք, որ պարտքի 40 մլն 750 հազար 595 դրամը մայր գումարի եւ լիզինգային պայմանագրերով «Տաքսի Մանանդին» հանձնված 32 հատ մեքենաների գնահատված արժեքի տարբերությունն է: Եւ դատարանը անցած տարվա մայիսի 29-ին բավարարել է «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի դիմումը «Տաքսի Մանանդ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած պարտավորություններից բացի՝ «Տաքսի Մանանդ»-ը պարտք է նաեւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ 394 հազար 675 դրամ, եւ ՀՀ տրանսպորտային տեսչությանը՝ 150 հազար դրամ:
Տեղեկացնենք, որ «Տաքսի Մանանդ»-ի հիմնադիրն է Քաջիկ Կարապետյանը, ում անվան շուրջ մեծ աղմուկ է բարձրացել դեռեւս 2014 թվականի հունվարին: Սիրիայից 8-9 տարի առաջ հայրենիք տեղափոխված, մայրաքաղաք Երեւանում հաստատված Բրուտյանների ընտանիքը ավտոտեխսպասարկման եւ պահեստամասերի վաճառքի գործ էր ձեռնարկել: «Տաքսի Մանանդի» սեփականատեր Քաջիկ Կարապետյանի որդիները՝ Արթուր եւ Ռազմիկ Կարապետյաններն ու նրանց ընկերները ներխուժել էին վաճառքի կետ եւ ծեծել այնտեղ գտնվող Արմենակ Բրուտյանին ու նրա երկու որդիներին՝ Մանուկին եւ Քրիստին: Դեպքի առիթը եղել էր պահեստամասի գնի շուրջ անհամաձայնությունը: Արդյունքում ՀՀ ոստիկանությունը յոթ հոգու մեղադրանք էր առաջադրել սիրիահայ ընտանիքին՝ հորը եւ երկու որդիներին ծեծի ենթարկելու համար: Խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Նաեւ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Այդ յոթ հոգու մեջ էին նաեւ «Տաքսի Մանանդ» ծառայության սեփականատիրոջ երկու որդիները` Արթուր եւ Ռազմիկ Կարապետյանները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿԱՆԱՅՔ ԷԼ ԵՆ «ԽՈՊԱՆ» ԳՆՈՒՄ
Նախկինում Տավուշի մարզից Ռուսաստանի Դաշնություն սեզոնային արտագնա աշխատանքի էին մեկնում միայն տղամարդիկ: Նրանք մի քանի ամիս կամ մինչեւ կես տարի աշխատում էին Ռուսաստանում, աշնանը վերադառնում սահմանամերձ մարզ: Վերջերս Տավուշից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների մեջ լինում են նաեւ կանայք: Նրանք Ռուսաստանում աշխատում են հացի արտադրամասերում, սրճարաններում, սննդի փաթեթավորման ձեռնարկություններում եւ այլն: Տավուշցի կանայք Ռուսաստանի Դաշնությունում աշխատանք են գտնում հիմնականում իրենց բարեկամների, ազգականների միջոցով, աշխատանքի վայրում հաճախ աշխատում են նրանց կողքին: Չնայած Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող տավուշցի կանանց թիվը մեծ չէ, սակայն նրանց քանակը տարեցտարի ավելանալու միտում ունի:
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Ապրիլի 25-ի երեկոյան Իջեւանի զորամասերից մեկում հայտնաբերվել էր հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի դի: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Վաչիկի Պետրոսյանը՝ իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները։
Լոռու զինվորական կայազորի դատախազ Արթուր Զաքարյանից տեղեկացանք, որ զինվորի մահվան դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով («Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»): Ա. Զաքարյանը հայտնեց, որ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, կատարվել են հարցաքննություններ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ