Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի պատվիրակության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովի և Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովի հետ: Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված համագործակցությունն իսկապես արդյունավետ է և հաջողված, ինչը տարեցտարի գործնական նոր որակ է հաղորդում Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը: Առանձնակի կարևորելով համագործակցության ընդլայնումը նաև Երևանի վարչական շրջանների և Սանկտ Պետերբուրգի շրջանների միջև` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այն ևս կլինի հաջողված ու կառուցողական:

«Երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության 2015-2020 թթ. ծրագիրը մեկ անգամ ևս փաստում է, որ գործընկերային մեր հարաբերություններն իսկապես արդյունավետ են ու հեռանկարային: Այս հարցում, անշուշտ, իր դերակատարումն ունի մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և, իհարկե, երկու քաղաքների միջև հաստատված փոխգործակցության ծրագրի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ իմ գործընկերոջ՝ նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետևողականությունը: Շարունակական համագործակցության շրջանակում առանձնակի կարևորված է նաև Երևանի վարչական շրջանների և Սանկտ Պետերբուրգի շրջանների միջև փոխգործակցության ծրագրերի հաստատումը, ինչը, վստահ եմ, ևս կունենա արդյունավետ զարգացում»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և փոխանցելով նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ջերմագին ողջույնները` Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովն ու Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովը ընդգծել են, որ Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է, ինչն իր հերթին մեծապես կնպաստի Երևանի վարչական շրջանների հետ հաստատվող բազմոլորտ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս