«ԱՆՎԵՐՋՈՒԹՅԱՆ ԺԱՊԱՎԵՆ» ՔԱՆԴԱԿԸ ԿՐԿԻՆ ՎՆԱՍԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին «Ժողովուրդ»-ը գրել էր Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող, վանդալիզմի զոհ դարձած «Անվերջության ժապավեն» քանդակի ճակատագրի մասին: Ճանապարհաշինարարներին նվիրված հուշարձանի հեղինակը Դավիթ Բեջանյանն է: Քանդակի անմխիթար վիճակի վերաբերյալ բարձրաձայնել էր արձանի հեղինակի դուստրը` երգչուհի Էմմին` բաց նամակ հղելով ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին: Մարզպետն այն ժամանակ արձագանքել էր նամակին, քննարկել էր խնդիրը եւ խոստացել լուծում գտնել:

Թվում էր, թե խնդիրն ինչ-որ կերպ հանգուցալուծվել էր, սակայն պարզվում է` ոչ: Ավելին` քանդակը շարունակում է ենթարկվել վանդալիզմի, եւ աստիճանաբար ավելի է աղարտվում դրա տեսքը: Բոլորովին վերջերս լուսանկարիչ Գերման Ավագյանի ֆոտոխցիկը ֆիքսել է «Անվերջության ժապավեն»-ի ներկայիս վիճակը: Կնոջ եւ տղամարդու պատկերներով այս քանդակից տղամարդն, առհասարակ, բացակայում է, իսկ կնոջ քանդակի կեսը (ներքեւի հատվածը) արդեն չկա: Գ. Ավագյանը, տեղադրելով լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում, մակագրել է. «Մինչ մենք զբաղված էինք պատերազմով, աղմուկի ներքո տղամարդուն «վերցրին»: Սա ֆեմինիզմի բացարձակ հաղթանակն է Հայաստանո՞ւմ: Չէ՞ որ այս աշխատանքը ներառված է մշակույթ-փեշակույթի նախարարության տխրահռչակ ցուցակում: Ինչպե՞ս էր Չերչիլն ասում. ինչո՞ւ ենք մենք պատերազմում, եթե ոչ` մշակույթի (երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չերչիլի հաստատմանն են ներկայացնում երկրի բյուջեն, նա տեսնում է, որ զինված ուժերին մեծ գումարներ են հատկացված, իսկ մշակույթը գրեթե անտեսված է: Այդ ժամանակ նա ասում է՝ եթե մենք չֆինանսավորենք մշակույթը, ապա էլ ինչի՞ համար ենք պայքարում, ի՞նչն ենք պաշտպանում-Ա.Բ.)»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Դավիթ Բեջանյանի կնոջ` երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ, ով նշեց, որ իրեն էլի են հասցրել զգուշացնել քանդակի աղավաղման հերթական դեպքի մասին. «Հիմա ճարտարապետներ են աշխատում` համագործակցելով Կոտայքի մարզպետարանի հետ: Աշխատանքներ են տարվում՝ Դավիթի երկրորդական էսքիզի համաձայն, որը նա ներկայացրել էր մինչեւ կյանքից հեռանալը: Ավել բան չեմ կարող ասել. մի քանի օրից կիմանամ` բանն ինչում է: Կոտայքի մարզպետարանից բացի` ուրիշ ոչ մի կառույց չզբաղվեց այդ գործով… Դե, ձմռանը չեն աշխատել… Ես նոր եմ վերադարձել Հայաստան, կիմանամ` ինչ փուլում են աշխատանքները»,- ասաց նա:
Քանի որ քանդակը գտնվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայության պահպանության ներքո, մենք զրուցեցինք նաեւ այդ ծառայության պետ Կամո Հակոբյանի հետ: Նա նշեց, որ ապրիլի 28-ից նկատել է քանդակի աղարտման նոր դեպքի հետեւանքները:
«Շրջայցերից մեկի ընթացքում տեսա, որ մի նոր մաս էլ չկա, պոկվել է, գրություն գրեցի Չարենցավանի ոստիկանություն, դրան կցեցի լուսանկարները, հիմա սպասում ենք պատասխանի: Բացի այդ` մեր գլխամասից գրություն է ուղղվելու նաեւ մշակույթի նախարարությանը, որպեսզի այնտեղից թույլ տան գոնե քանդակի պահպանված հատվածը տանենք, ապահով տեղում պահպանենք (նույն քանդակի մի հատված, որն անցած տարի քամին պոկել էր, արդեն իսկ պահպանում ենք): Այլապես այդ պահպանված մասն էլ քամին կտանի, կամ կգողանան: Չգիտեմ` նախարարությունից ինչ պատասխան կտան, կթույլատրեն, թե ոչ»,-տարակուսեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կ. Հակոբյանը մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ Չարենցավանի ոստիկանությունն ուժեղացրել է քանդակի պահպանությունը. «Ոստիկանությունից մեզ էլ էին ասել, որ օգնենք պահպանության հարցում, բայց որ չի ստացվել, ես ինչ ասեմ, թող ոստիկանությունը պատասխան տա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է խնդրի լուծման առնչությամբ մարզպետարանի միջամտությանը, Կ. Հակոբյանի խոսքով` ինքը դեռեւս տարիներ առաջ դիմել է այդ կառույցին, սակայն իրեն պատասխանել են, որ համապատասխան միջոցների բացակայության պատճառով քանդակի վերականգնումը հնարավոր չէ իրականացնել: Փոխարենը, մարզային ծառայության պետը տեղեկացրեց, որ 10-15 օր առաջ հայտնվել է հովանավոր` անհատ ձեռներեց, որը չի ցանկանում, որ իր անունը բարձրաձայնվի, բայց պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել քանդակի վերականգնման աշխատանքները:
«Դիմել էին մեր ՊՈԱԿ, որպեսզի տեսնեն` տվյալ նախագծի վրա որքան աշխատանք է արվելու, ինչ գումարներ են ծախսվելու: Այսինքն` հովանավորին պետք է էսքիզային նախագծերը ներկայացվեն, որպեսզի նա համապատասխան փոխանցումն անի»,-մանրամասնեց Կ.Հակոբյանը:
Ի դեպ, անհատ ձեռներեցը պատրաստակամություն է հայտնել վերականգնել նաեւ Խաչատուր Հակոբյանի` Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» քանդակը, որը չունի հուշարձանի կարգավիճակ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ԻՆ»
Մայիսի 10-ին «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի շրջանակում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն իր «LoveWave» երգի կատարմամբ, ինքնավստահ կեցվածքով ու գեղեցիկ, սեքսուալ արտաքինով գերեց եվրոպացի հանդիսատեսին` անցնելով եզրափակիչ փուլ: Նրա` բեմ դուրս գալուց հետո համացանցը պարզապես ողողվեց դրական մեկնաբանությունների տարափով. հանրության մի ստվար զանգված պնդում էր, որ սա «Եվրատեսիլ»-ի պատմության ընթացքում Հայաստանի լավագույն ելույթն էր:
Ռադիո եւ հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իվետայի ելույթը համապատասխանում էր եվրոպական բոլոր չափանիշներին. «Հայաստանն առաջին անգամ ներկայացավ «Եվրատեսիլ»-ին: Իհարկե, մեր նախորդ տարվա մասնակիցները եւս հիանալի են ելույթ ունեցել: Չմոռանանք Արամ MP3-ի ելույթը, որը եւս համապատասխանում էր եվրոպական ստանդարներին: Պարզապես Իվետայի կատարումն ավելի շքեղ էր»,- նկատեց նա:
Լուսինեի համոզմամբ` Իվետայի կողմից Արցախի դրոշը Եվրոպայի հանդիսատեսի առջեւ ծածանելը լավ մշակված քայլ էր, որի արդյունքում հայերս մեծ ոգեւորություն ապրեցինք:
Հաղորդավարուհին խոսեց նաեւ իր համար ֆավորիտ համարվող այլ երկրների մասնակիցների մասին. «Նրանց թվում է Ռուսաստանի ներկայացուցիչը, որի շոուի նման շոու «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ դեռ չէր եղել, այս տարի շատ ուժեղ են նաեւ եվրոպական ընտանիքի երկրների` Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի մասնակիցները: Ֆավորիտների շարքը, կարծում եմ, համալրում է նաեւ Ուկրաինայի ներկայացուցիչը»,- ասաց նա:
Լուսինեն, սակայն, խոստովանեց, որ անձամբ իրեն մրցույթի այս տարվա մասնակիցներից շատ է դուր եկել Նորվեգիայի ներկայացուցչի երգը, որը, սակայն, նրա խորին համոզմամբ, անգամ լավագույն տասնյակում չի ընդգրկվի. «Ինքս էլ հասկանում եմ, որ դա հիմար երգ է, բայց սիրտս կպել է այդ գործին: Ամեն դեպքում, ես օբյեկտիվ եմ նայում իրավիճակին եւ գիտակցում եմ, որ այն գուցե վերջին հորիզոնականը զբաղեցնի»,- անկեղծացավ հաղորդավարուհին:
Երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանն էլ, անդրադառնալով Իվետայի ելույթին, նշեց. «Այդ աղջիկը ոնց որ հայոց թագուհի լինի: Ինձ շատ է դուր գալիս նրա ինքնավստահությունը: Մենք հավատում ենք Իվետային եւ բացարձակ կասկած չունենք, որ նա նույնպիսի ելույթ կունենա նաեւ եզրափակչում, եւ մենք կրկին կվայելենք մեր երգչուհու ձայնի բերկրանքը: Ինձ դուր է գալիս նաեւ, որ Իվետան համոզմունքներ ունեցող մարդ է, չեմ զարմանա, եթե իմանամ, որ Արցախի դրոշը ծածանելու միտքը եղել է հենց նրանը, իսկ թե այդ առթիվ ինչ կմտածեն եվրոպացիները կամ կաշառված լրագրողները, ինձ բացարձակ չի հետաքրքրում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին նախատեսված է մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, իսկ «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 14-ին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս