Երևանում հնչած կրակոցների հետևանքով 24-ամյա երիտասարդ է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. մայիսի 17-ին` ժամը 18:20-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ձախ ազդրի ներսային հատվածի և որովայնի երկկողմանի հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է ընդունվել Տարոն Կարենի Մադաթյանը (ծնվ. 1992թ.):

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Պարզվել է դեպքի վայրը, որի զննության արդյունքում հայտնաբերվել է 9մմ տրամաչափի մեկ պարկուճ:

Հարցաքննվել են դեպքի վայրին հարակից տների բնակիչները, տուժողի ընկերները, առգրավվել դեպքի վայրի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի տեսախցիկների տեսագրությունները:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատատեսաձայնագրային և դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս