Հնարավոր է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը պայմանավորված է քաղաքական մոտիվներով. Radio Vatican

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Radio Vatican ռադիոկայանի կայքն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը, գրելով, որ նույնիսկ մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո շփման գծում զինծառայողներ են զոհվում:

«ԼՂՀ-ում շարունակում են զինծառայողներ զոհվել՝ չնայած երկու պետությունների նախագահների՝ հակամարտության կարգավորման ցանկության մասին հայտարարություններին»,-ասվում է Radio Vatican-ի կայքում հրապարակված հոդվածում:

Լրագրող Ֆրանչեսկա Սաբատինին այդ թեմայով զրույցել է իտալական Osservatorio Balcani e Caucaso հետազոտական կենտրոնի վերլուծաբան Սիմոնե Զոպպելլարոյի հետ: Վերլուծաբանի խոսքով՝ նախագահների հանդիպումը կարևոր քայլ է, քանի որ վերջիններս վաղուց չեն հանդիպել, մասնավորապես, ապրիլից, երբ սկսվեց պատերազմի վատագույն փուլը՝ 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո: Նա նշել է, որ «1994թ.-ից ի վեր նման լարված ռազմական գործողություններ չեն եղել, ինչպես ապրիլի սկզբին, երբ երկու կողմից ավելի քան 300 զինծառայող զոհվեց»:

«Երկու երկրների նախագահները կրկին կհանդիպեն, և հույս կա, որ խաղաղության մասին համաձայնագիր կստորագրվի»,-հավելում է վերլուծաբանը:

Այն հարցին, թե ի՞նչն է խանգարում այդ համաձայնագրին, Սիմոնե Զոպպելլարոն ասել է. «Ադրբեջանը նավթով և գազով հարուստ պետություն է, որի ղեկավարությունը, սկսած 1969թ., գտնվում է մեկ ընտանիքի՝ Ալիևների կլանի ձեռքում: Այդ ընտանիքը Ղարաբաղայան հակամարտությունն օգտագործում է ազատության տարբեր սահմանափակումներն արդարացնելու համար»:

Վերլուծաբանը պատմել է նաև, որ այցելել է Թալիշ՝ «ուրվականների գյուղ», որի բնակչությունը ստիպված է եղել լքել իր բնակավայրը: «Դպրոցներն ու շենքերը փլուզված են, բազմաթիվ զոհեր և վիրավորներ են եղել, շատերը խոշտանգումների են ենթարկվել»,-ընդգծում է նա:

Լրագրողն ու վերլուծաբանը խոսել են նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան նախապատրաստվող այցի մասին: Զոպպելլարոն նշել է, որ դա «լավ նորություն է»:

«Ես հանդիպել եմ քաղաքացիական հանրության հետ, վարչապետի հետ: Նրանք բոլորը խոսում են Պապի այցի մասին՝ որպես կոնֆլիկտի լուծման մի մեծ հույսի շողի, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած հայ ժողովրդի և մուսուլման ադրբեջանական ժողովրդի կոնֆլիկտի: Հուսով եմ, որ Պապի այցը խաղաղության խորհրդանիշ կդառնա»,-ասել է վերլուծաբանը:




Լրահոս