Ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ լավատեղյակ է ներքաղաքական անցուդարձից եւ անչափ մտահոգված է մեր երկրի ճակատագրով:
-Մի անգամ Ֆեյսբուքում կարդացի ինչ-որ մի ռուսի հոդված, ով գրել էր, թե բավական է, իրենք այլեւս մեզ չեն օգնի, Ռուսաստանը մեզ ոչինչ պարտք չի, եւ որ մենք պետք է միանանք իրենց: Ես էլ, ի պատասխան դրան, գրեցի. ,Հարգելի՛ ընկեր, ես կարդացի Ձեր ուղերձը հայ ժողովրդին, ու, եթե մինչ այս մենք չէինք կարողանում որոշակիանալ, հիմա՝ Ձեր հոդվածից հետո՝ առավելությունը Եվրամիության կողմն է, որովհետեւ Եվրոպան ասում է՝ կլինես ինձ հետ, լավ կլինի, իսկ Ռուսաստանն ասում է՝ կլինե՛ս ինձ հետ, թե չէ ես քեզ ցույց կտամե: Ամբողջ պատմությունն ասում է, որ ռուսը մեզ երբեք չի օգնել:
-Այդ դեպքում ինչո՞ւ են շատերն արտագաղթում հենց Ռուսաստան:
-Այ, այստեղ հայի բնավորությունն է: Մենք միշտ գաղթական ենք եղել, ու ոչ մեկին պետք չի մեղարդել, անգամ թուրքերին: Հիմա այսօր մենք չենք կարողանում որոշել` եվրասիակա՞ն, թե՞ եվրոպական կողմն ընտրել: Իսկ ռուսը քեզ ասում է` արի՛, ստրկացի՛ր: Ու եթե ընդունեցինք եվրասիականը, մեր վիճակը շատ վատ կլինի, եթե ընդունեցինք եվրոպականը, էլի վատ կլինի, եթե մենք չդնենք մեր պահանջները: Ինչո՞ւ պետք է խեղճ, ողորմելի լինենք: Ռուսին տեսնում ենք, ժպտալով ասում ենք՝ “զդրավստվույտե”: Ռուսաստանում մի ալիք էին բացել հայերը, էդ ոնց էին ռուսերեն չրթում. ավելի մաքուր, քան ռուսն է խոսում: Զզվում եմ էդ տեսակ բաներից: Իսկ վրացին միտումնավոր չի փոխում իր ակցենտը, հպարտանում է դրանով:
Սա Հայաստանի հայաթափման ծրագիր է: Ես կարդացել եմ Լոուրենս Արաբիացու հարցազրույցը ամերիկյան մի լրագրողի հետ, “Հայրենիքի ձայն”-ում տպված էր մի ժամանակ: “Հայաստանն առանց հայերի” ծրագիր էր գրված: Նա ասում էր, որ հայերը շատ վտանգավոր ժողովուրդ են, նրանք աշխատեցնում են, բայց աշխատել չեն սիրում: Հիմա հայ կանայք են աշխատող, այստեղ-այնտեղ գնում են առեւտրի, իսկ տղամարդիկ, բակում նստած, նարդի են խաղում:
Ինչ վերաբերում է արտագաղթին, հիմա Գյումրիում ես ապրում եմ Շարլ Ազնավուրի անվան հրապարակում ու ամեն առավոտ, երբ դուրս եմ գալիս թատրոն գնալու, երեք ավտոբուս կանգնած սպասում է, որ մարդկանց տանի Ռուսաստան: Հայաստանը դատարկվում է: Թուրքերն ադրբեջանցիներին ասել են՝ առանձնապես մի՛ անհանգստացեք, շուտով հանգիստ կմտնեք, ամբողջ Հայաստանը կվերցնեք: Գնում են, իսկ ինչո՞ւ են գնում: Իսկ պետությունն ինչո՞ւ չի արգելում, ընդհակառակը, նպաստում է:
-Ըստ Ձեզ, պետությունն ինչո՞ւ է նպաստում:
-Որովհետեւ պարտքեր ունի, իսկ երբ երկիրը դառնում է միլիոնից պակաս, սնանկ է հայտարարվում, ու այդ պարտքերը վերանում են: Եթե իրավիճակը շատ բարդանա, իմացեք, առաջին հերթին հենց նրանք, ովքեր արդեն իրենց համար տներ ու ամառանոցներ են առել Շվեյցարիաներում, թողնելու են ժողովրդին ու գնան: Առաջինը հենց նրանք՝ էդ շները, այ, դրա համար դրանց ատում եմ` էդ կառավարություն կոչվածին, իշխանություններին:
-Դուք ոչ մի կուսակցության չեք հարո՞ւմ:
-Եղել եմ կոմունիստ, բոլորը վառեցին իրենց տոմսերը, իմը դրած է, ես չեմ սիրում ուրանալ: Եղել եմ ազնիվ կոմունիստ…
-Ո՞րն է, ըստ Ձեզ, այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրը:
-Արտագաղթը: Ու չեմ սիրում, երբ էդ արտագաղթածներն արդեն դրսից սկսում են վատաբանել, թե ինչ վատ էր Հայաստանում: Մի քանի անգամ եղել եմ ԱՄՆ-ում, Նյու Յորքում եմ բեմադրություն արել, Գլենդելում եմ եղել ու էնտեղ տեսել եմ, որ տղամարդիկ բակում նարդի էին խաղում, տեսա նաեւ կնոջ, ով բուրդ էր չփխում, նույնիսկ “Ղարաբաղ” խանութ կար: Հա ի՞նչ, գնում են ու սկսում հայրենիքը կարոտե՞լ: Աղջիկս 18 տարի ապրեց ԱՄՆ-ում, բայց նորից վերադարձավ:
Դեպք հիշեցի. երբ Լոս Անջելեսում էի, ինձ հրավիրեցին մի հաղորդման հյուր, հաղորդավարն ինձ հարցրեց՝ ի՞նչ կասեք Հայաստանի մասին: Ասացի՝ դե Հայաստանն է, մի երեխա է, նոր է սկսում քայլել, պետք է էնպես անենք, որ լավ քայլի: Ու, քանի որ ուղիղ եթեր էր, նաեւ զանգեր էին հնչում, մի կին զանգեց, ասաց. “Պարոն Ծատուրյան, որ ասում եք՝ լավ է, այդ ի՞նչն է լավ: Իմ տղան այնտեղ անգործ է, ու ես ամեն ամիս նրան 300 դոլար եմ ուղարկում, որ կարողանա ապրել”: Ես էլ ասացի. “Տիկին, եթե ինձ էլ 300 դոլար ամեն ամիս ուղարկեին, ես էլ չէի աշխատի”:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 609 համար