«Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 126-րդ նիստին.

«Ձերդ գերազանցություններ,
Գլխավոր քարտուղար,
Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ շնորհավորել Բուլղարիային` Նախարարների կոմիտեում արդյունավետ նախագահության կապակցությամբ, և շնորհակալություն հայտնել նախարար Միտովին՝ այս հանդիպման գերազանց կազմակերպման համար:

Ցանկանում եմ նաև մեր երախտագիտությունը հայտնել Գլխավոր քարտուղարին՝ «Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության» մասին իր երրորդ տարեկան զեկույցը ներկայացնելու համար: Մենք կիսում ենք պարոն Յագլանդի տեսակետը «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի վերաբերյալ, ըստ որի՝ ժողովրդավար երկրները քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն։ Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում։

Նման իրավիճակի ականատեսը դարձանք այս տարվա ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ եղան, տեղի ունեցան միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։

Ապրիլի սկզբին ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները քննարկվեցին երկու օր առաջ Վիեննայում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որին ներկա էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղարը, ովքեր ներկայացնում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները։

Իրենց համատեղ հայտարարության մեջ համանախագահող երկրները շեշտեցին 1994-1995թթ. զինադադարի մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ: Այս ամենը կարող է ճանապարհ հարթել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Մինչ այսօր Ադրբեջանը շարունակաբար խափանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նման առաջարկությունները և անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները:

Հարգելի գործընկերներ,

Եվրոպայի խորհրդի առաջնային նպատակն է պաշտպանել եվրոպական արժեքները և անհատի իրավունքները ողջ մայրցամաքում: Մենք կիսում ենք այս սրահում հավաքվածներից շատերի համոզմունքը, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անհատների իրավունքները չեն կարող պայմանավորված լինել մարդկանց բնակության վայրի կարգավիճակով: Այս առումով կարևորում ենք հակամարտության գոտիներում մարդու իրավունքների ապահովման թեմայի շուրջ քննարկումներ ծավալելու վերջերս առաջադրված նախաձեռնությունները:

Այսօր ահաբեկչության հանգեցնող բռնի ծայրահեղականությունը և արմատականությունն անմիջական սպառնալիքներ են հանդիսանում մեր արժեքների համար: Մենք վճռական ենք՝ պայքարելու այս զարհուրելի երևույթի դեմ: Հաջողության հասնելու համար պետք է առաջին հերթին սկսել դրանց խորքային պատճառներից: Այս առումով էական է ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարը: Հայաստանը մշտապես իր ձայնն է բարձրացրել՝ քննադատելու ատելության քարոզչությունը և այլատյացությունը, հատկապես՝ քաղաքական ելույթներում։ Այս երևույթների դեմ պայքարը Հայաստանի առաջնահերթություններից մեկն էր Նախարարների կոմիտեում նախագահության ընթացքում և այժմ էլ շարունակում է գտնվել մեր գերակայությունների շարքում։

2016թ. նշում ենք Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակը: Այս ժամանակահատվածը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում արգասաբեր համագործակցության տարիներ էին: Մի քանի օրից պաշտոնապես կմեկնարկի Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2015-2018թթ. գործողությունների ծրագիրը: Գործողությունների նոր ծրագիրն առավել կխթանի բարեփոխումների գործընթացը մեր երկրում:

Եզրափակելով՝ ցանկանում եմ նաև միանալ նախորդ ելույթ ունեցողներին՝ մաղթելով ամենայն հաջողություն Էստոնիայի գալիք նախագահությանը»:




Լրահոս