Համո Բեկնազարյանը 1914 թ սկսել է նկարահանվել ռուսական ֆիլմերում։ Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքին։ Նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում։
1918 թ ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը (մինչ այդ պրոֆեսիոնալ մարմնամարզիկ է եղել)։ 1921 թ գլխավորել է Վրաստանի կինոստուդիայի կինոյի բաժինը, ապա դարձել Վրաստանի Պետկինոյի ռեժիսոր։ 1923 թ Համո Բեկնազարյանը հաստատվել է Հայաստանում և հիմնադրել «Հայֆիլմ» կինոստուդիան։ 1926 թ նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»ը։ Ականավոր ռեժիսորի թողած ստեղծագործական վիթխարի ժառանգությունից կարելի է դատել, որ նա անսահման հնարավորություններ ուներ դրսևորելու իր տաղանդի ահռելի ուժը։ Դրա վառ ապացույցն այն էր, որ 1920-ականներին ընդունել է Հայաստանի կառավարության հրավերը, քաջ տեղյակ լինելով, որ այնտեղ կինոարտադրության և ստեղծագործական գործունեության համար նույնիսկ նվազագույն հիմքեր չկան։ Այդ տարիներին նա սիմվոլիկ գումարներով նկարահանել է այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են «Զարե», «Շոր և Շորշոր» ։
Նրա ստեղծած առաջին հայկական ձայնային ֆիլմը՝ «Պեպո»ն, դարձավ ոչ միայն Բեկնազարյանի գլուխգործոցը, այլև տեղ գտավ ժողովրդական կինոյի ոսկե պահոցում։ Ավելի ուշ նկարահանել է հայ կինոյի 2 այլ հրաշալի ֆիլմեր՝ «Դավիթ Բեկ» (1943 թ) և «Զանգեզուր» (1938 թ)։ Վերջինի համար Ստալինի կողմից խրախուսական մրցանակի է արժանացել։ «Երրորդ քարավան» ֆիլմը, որն ամենայն հավանականությամբ դառնալու էր նրա կարիերայի ամենահաջողված ֆիլմը, մնում է անավարտ, քանի որ նկարահանումները կեսից արգելվում են, իսկ նախագիծը՝ փակվում։ Բեկնազարյանը խոր ցավով և կսկիծով լքում է «Հայֆիլմ» կինոստուդիան ու Հայաստանը և սկսում է ֆիլմեր նկարահանել միջինասիական հանրապետություններում։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը կնոջ՝ Սոֆյա Վոլխովսկայա-Բեկ-Նազարովայի շիրիմի մոտ։