ArmLur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հրաչյա Գ.-ն հայտնել է հիշյալ քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Հրաչյա Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հիշյալ հիմնարկի անվտանգության աշխատակիցը մտել է իր խուց, հայտնել, որ խցում ստուգումներ պետք է իրականացվեն և որպեսզի արգելված իրեր չհայտնաբերվեն, պետք է խցից հանի արգելված իրերը: Ինքը, վստահելով անվտանգության աշխատակցին, վերադարձնելու պայմանով թույլատրել է խցից հանել այդ իրերը, այդ թվում՝ իր մոտ գտնվող 125 հազ. ՀՀ դրամ կանխիկ գումարը, սակայն հետագայում վերջինս չի վերադարձրել վերցված իրերը:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: