«Այց առաջին քրիստոնյա երկիր». հաստատվել է Հռոմի պապի ՀՀ կատարելիք այցի կարգախոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաստատվել են hունիսի 24-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցի կարգախոսը եւ տարբերանշանը՝ համապատասխան նկարագրությամբ: Կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Այս մասին այսօր տեղեկացրել են նախագահական նստավայրից:

Տարբերանշանի նկարագրությունը.

Տարբերանշանը շրջանաձեւ է: Տարբերանշանի հիմքում Խոր Վիրապի վանքի եւ բիբլիական Արարատ լեռան պատկերն է: Ս. Գրիգոր Լուսավորիչը շուրջ 14 տարի եղել է բանտարկված Արտաշատի վիրապում, որի վրա եւ հետագայում կառուցվել է վանքը: Այնուհետ Սուրբ Գրիգորը դարձավ հայոց ազգի առաջին Հայրապետը, եւ Տրդատ Գ Մեծ թագավորի հետ համատեղ ջանքերով քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն:

Տարբերանշանի գույներն են մանուշակագույնը եւ դեղինը, որոնք արտացոլում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հռոմի Կաթողիկե Եկեղեցու պաշտոնական գույները: Տարբերանշանում նաեւ ներառված են երկու եկեղեցիների զինանշանները:

Շրջանակի երկայնքով գրությունն արտացոլում է բուն այցը՝ «Ֆրանցիսկոս Պապ. Հայաստան. 24-26 հունիս, 2016»:




Լրահոս