Տեղի է ունեցել Գեվորգյան հոգեվոր ճեմարանի 2013-2014 թթ. ուստարվա բացման արարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) 2013-2014 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների, Ճեմարանի դասախոսական կազմի ու սաների:
Տերունական աղոթքից, Հայաստանի Հանրապետության և ճեմարանի օրհներգերից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Սրբազան հայրը, շնորհավորելով նոր ուսումնական տարվա բացումը, անդրադարձավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2012-2013 ուսումնական տարվա ընթացքին և արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև տեղեկացրեց արձակուրդային շրջանում քարոզչական, հովվական, կրթական և սոցիալական ծրագրերում ճեմարանականների ունեցած ակտիվ մասնակցության մասին: Վերատեսուչն իր խոսքում նշեց, որ նոր ուսումնական տարեշրջանը նաև հոբելյանական նշանակություն ունի հոգևոր կրթական հաստատության համար. 2014 թ. լրանում է Գևորգյան ճեմարանի հիմնադրման 140-րդ տարին: Այս առնչությամբ Սրբազանը տեղեկացրեց, որ նոր տարվա գործունեությունն ամբողջապես միտված է լինելու ըստ պատշաճի արժևորելու ճեմարանի անցած հարուստ ստեղծագործական ուղին, նրա ժառանգությունն ու ծանրակշիռ ազդեցությունը հայ կյանքի վերջին հարյուրամյակի վրա:
Հանդիսության ընթացքում ազգային երգերի կատարումներով և ասմունքով հանդես եկան ճեմարանի սաները, որից հետո ներկաներին իր հայրական օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 
Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ ճեմարանի հարկից բազում լուսավոր մարդիկ են դուրս եկել, որոնց աշխատանքը և մտքի արգասիքները ոչ միայն զորացրել են հայրենին ու լուսավորել հայ ժողովրդի կյանքը, պայծառացրել Հայոց Եկեղեցին, այլ նաև կերտել են փառքը հայ ժողովրդի: Խոսքն ուղղելով ճեմարանի սաներին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այդ փառավոր սերունդների ժառանգորդներ լինելու գիտակցությունը պետք է նպաստի` առավել նախանձախնդրությամբ նվիրվելու իրենց ուսման աշխատանքին` կրթության ջանասեր գործին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց, որ այս հոգևոր-կրթական հաստատության ուղենիշը լինի աղոթական կյանքը, խոնարհությունը, հնազանդության ոգին, կարգապահությունն ու ծառայանվիրումը, որոնք պետք է զարդարեն ճեմարանի շրջանավարտներին` ապագա եկեղեցականներին:
Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ճեմարանի տեսչությանը և դասախոսներին անձնվեր աշխատանքի համար` համոզում հայտնելով, որ մշակված նոր կրթական ծրագրերն ավելի զորեղ պիտի դարձնեն հոգևոր հաստատությունը` որպես գիտելիքի և հոգևոր նկարագրի կերտման դարբնոց:




Լրահոս