ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ տեղի ունեցած կառավարության նիստից առաջ բավական ծավալուն ելույթով է հանդես եկել` հայտարարելով, թե իրենք որոշել են փոխել կառավարման համակարգը՝ այն դարձնելով ավելի կոմպակտ, խոստացել է ծախսերը կրճատել եւ պայքարել կոռուպցիայի դեմ: Այսինքն՝ կարելի է կարծել, որ կոռուպցիան մի անորսալի արարած է, որին բոլորը փնտրում, բայց այդպես էլ չեն գտնում: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանն էր կոռուպցիայի դեմ պայքարում: Այնքան պայքարեց, որ իր ընտանիքը դարձավ միլիարդատեր: Քոչարյանի թիմի անդամները, որոնց թվում էին ներկա պաշտոնյաները, դարձան միլիոնատեր: Հետո Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը սկսեցին կոռուպցիայի դեմ պայքարել, արդյունքում՝ նրանց ունեցվածքի մասին եւս այժմ լեգենդներ են շրջանառվում: Հովիկ Աբրահամյանը, որը կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիր չի եղել, բայց մշտապես «մարտիկների» շարքերում է եղել, այս ընթացքում հասցրել է դառնալ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ ՀՀ գործող վարչապետը նախորդներից ետ չմնալու համար է «ռեֆորմատոր» ձեւանում, սակայն իրականությունն այլ է: Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանը իշխանության վերնախավին տեղեկացրել է, որ պատրաստվում է փոխել կառավարությունը, քանի որ հին դեմքերից ազատվելու հանրային պահանջը գնալով ուժգնանում է: Հովիկ Աբրահամյանն էլ որոշել է հարձակման անցնել եւ «ռեֆորմատորի» կերպարով հանդես գալ՝ ցույց տալով, որ իրեն փոխելն այնքան էլ ճիշտ չէ: Ի վերջո, սիրուն չի լինի պաշտոնանկ անել մի պաշտոնյայի, որը հայտարարում է կոռուպցիայի դեմ պայքար սկսելու մասին: Բայց մյուս կողմից՝ Հովիկ Աբրահամյանը բոլոր նախադրյալները ստեղծել է, որպեսզի Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին, իրենից բացի, պաշտոնանկ անի:
Ինչպես ասում են՝ հետաքրքիր ժամանակներ ենք ապրում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հայտարարել են, որ մայիսի 16-ին Վիեննայում նախատեսված է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: «Բռնության վերջին բռնկման եւ լարվածության անհապաղ նվազման անհրաժեշտության ֆոնին մենք կարծում ենք, որ ժամանակն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն»,- նշված է համանախագահների հայտարարությունում: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երկու շաբաթ առաջ կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել էր՝ որպեսզի վերսկսենք բանակցությունները, անհրաժեշտ են վստահության միջոցառումներ, հասցեական գնահատականներ, երաշխիքներ միջազգային հանրության կողմից: Երեկ այդպես էլ ՀՀ իշխանությունները հստակ չպարզաբանեցին՝ նշված նախապայմանները կատարվել են, թե ոչ: Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից «ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ ի վերջո, Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին կգնա Վիեննա՝ հանդիպելու Ալիեւի հետ: Ի պատասխան՝ հնչեց ավանդական ձեւակերպում. «Նախագահի այցերի եւ հանդիպումների մասին տեղեկացնում ենք պատշաճ կարգով եւ ժամանակին»:
Մայիսի 20-ին կլրանա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի մեկ տարին: Ինչպես հայտնի է՝ մահափորձի գործով կալանավորվել եւ մինչ օրս անազատության մեջ են մնում Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը: Նրանցից Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանն իրենց մեղքը չեն ընդունում: Իսկ Հենրիկ Ավագյանը, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու մեջ, խոստովանել է մեղքը՝ հայտնելով, որ ինքն է կրակել, բայց ոչ թե սպանելու, այլ վախեցնելու նպատակով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի քննիչները այս ընթացքում ամեն կերպ փորձել են փաստեր գտնել, որոնք կապացուցեն, որ Արա Բուդաղյանը կատարվածի հետ կապ ունի, սակայն ապարդյուն: Անգամ գաղտնալսումը չի օգնել: ԱԱԾ ղեկավարությունը փակուղում է հայտնվել: Մեղադրանքը չի հաստատվում, ոչ էլ կարող են մարդուն տասը ամիս անազատության մեջ պահելուց հետո ազատ արձակել, կարծես ոչինչ չի պատահել:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ցանականում է վերացնել, այսպես կոչված, ֆիքսված հեռախոսակապի օպերատորների միջեւ մրցակցությունը: Բանն այն է, որ ՀԾԿՀ-ն պատրաստվում է ընդունել մի որոշում, որով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայություն մատուցող ընկերությունները, այսինքն՝ «ԱրմենՏելը», «Յուքոմը» եւ «Ռոստելեկոմը», պետք է միասնական սակագին սահմանեն իրենց ցանցերից դեպի բջջային կապի ցանցեր կատարվող զանգերի համար: Նկատենք, որ ներկայումս ընկերությունները տարբեր սակագներ են կիրառում, եւ այդ հանգամանքը նրանց միջեւ մրցակցությունը խթանող հիմնական գործոններից մեկն է: Այն, որ ՀԾԿՀ-ն ցանկանում է հեռախոսակապի օպերատորների միջեւ մրցակցությունը վերացնել, ամենեւին էլ պատահական չէ: Ի վերջո, Հայաստանի պետական կառույցները բազմիցս են ապացուցել, որ մրցակցության մասին միայն գեղեցիկ ճառեր են ասում, իսկ երբ հարցը հասնում է փեսաներին կամ եղբայրներին, մենաշնորհը հաստատվում է պաշտոնապես:
ՍՏԻՊՎԱԾ
Մայիսի 12-ին Երեւանում կայացել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների նոր իրավական հիմք ձեւավորելու շուրջ բանակցությունների հերթական` երրորդ փուլը։ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության բաժնի տնօրեն Դիրկ Շուբելի նախագահությամբ անցկացված բանակցությունների ընթացքում քննարկվել են քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատության եւ ազատությունների ոլորտներում համագործակցության գլուխների դրույթները: Այնուհետեւ տեղի է ունեցել լիագումար նիստ, որի ընթացքում ամփոփվել են ոլորտային ու առեւտրի եւ ներդրումների հարցերին նվիրված մինչեւ օրս եվրոպական կողմի հետ անցկացված բանակցությունների արդյունքները, ինչպես նաեւ նախանշվել են ապագա քննարկումների շրջանակն ու ժամանակացույցը։
Եթե եվրամիության հետ այս բանակցությունները ընթանային մինչեւ ապրիլը, բնականաբար Հայաստանում դրանց հանդեպ հետաքրքրությունը բոլորովին այլ կլիներ, քանի որ ԵՄ հետ հարաբերությունների խորացումը կարեւոր դերակատարություն կարող էր ունենալ մեր երկրի ապագայի համար: Մինչդեռ պատերազմական այս իրավիճակում ԵՄ հետ բանակցությունների մասին տեղեկատվությունը երեկվա լրահոսում երրորդական տեղ էր զբաղեցնում, քանի որ առկա իրավիճակը բոլորովին այլ առաջնահերթություններ է թելադրում:
Այս առումով դժվար է ասել՝ արդյոք իրավիճակը կլիներ այնպիսին, ինչպես որ հիմա է, եթե, այնուամենայնիվ, չլիներ 2013թ. սեպտեմբերի Սերժ Սարգսյանի «մեկ գիշերում» կայացրած որոշումը: Ինչ խոսք, Եվրոպական ինտեգրացումը շատ ավելի նախընտրելի ուղղություն էր եւ շարունակում է այդպիսին լինել Հայաստանի համար՝ հեռանկարային առումով: Մյուս կողմից էլ անցած մեկուկես տարին ցույց տվեց, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը զուտ տնտեսական առումով անշահավետ քայլ էր, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ այն նաեւ քաղաքական առումով միանգամայն անհեռանկար ուղղություն է: Այդքանով հանդերձ, սակայն, դժվար թե գլոբալ առումով մեր վիճակն ավելի լավ լիներ, եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Ի վերջո, Եվրամիությունը երբեւէ չի առաջարկել անվտանգության որեւէ երաշխիք կամ թեկուզ աջակցության մեխանիզմներ, որոնց կիրառմամբ Հայաստանը հնարավորություն կունենար հավասարակշռելու ռուսական ազդեցությունն այս հարցում: Իսկ ԵՄ առաջադրած՝ «կամ-կամ»-ի վերջնագիրն էլ պարզապես Հայաստանի իշխանություններին զրկեց մանեվրելու որեւէ հնարավորությունից:
Եվ ուրեմն Հայաստանը ստիպված էր անվտանգության՝ թեկուզ ոչ հաստատուն հնարավորություններ ընձեռող համակարգը գերադասել առհասարակ որեւէ համակարգի բացակայությունից: