Արփինե Հովհաննիսյանը ԱԺ-ում ներկայացրեց օրենքի նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը Ազգային ժողովում ներկայացրեց ՛՛Հեղինակային և հարակից իրավունքի մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով սահմանվում է, որ լրատվամիջոցները պարտավորվում են այս կամ այն լրատվամիջոցից փոխառված նյութը չտեղադրել ամբողջությամբ, այլ նպատակն արդարացնող ծավալով:
“Լրատվական դաշտում հնչում են մտահոգություններ, որ լրատվական նյութերը փոխառնվում են, երբեմն առանց հղում կատարելու, ծավալն այն չափով է արտահայտվում, որ բացակայում է անհրաժեշտությունը սկզբնաղբյուրը կարդալու համար: Այսօր շատ լրատվամիջոցներ պարզապես վարկանիշ ապահովելու համար են նյութեր տեղադրում և չեն պահպանում ոչ միայն լրագրողական, այլ մարդկային էթիկական կանոնները”,- նկատեց Արփինե Հովհաննիսյանը և հավելեց, որ հիմնական մտահոգությունը հնչեցվել է տպագիր լրատվամիջոցների կողմից:
“Այս օրինագծով ցանկացած վերարտադրություն պետք է լինի նպատակն արդարացնող ծավալով, որն այնքան պետք է լինի, որ նյութի էությունը չարտահայտի”,- ասաց նա և հավելեց, որ երկրորդ խնդիրը ակտիվ հղման գաղափարն է, որը չի կարող լինել նյութի ամբողջական վերարտադրության դեպքում։
Իսկ երրորդ փուլն արդեն հատուցման խնդիրն է։Նշված մեխանիզմներին չհետևելու դեպքում ըստ նրա, դատական կարգով տվյալ լրատվամիջոցը խախտող կայքի նկատմամբ հատուցում կարող է պահանջել, որի չափը նախատեսված է 100 000-200 000 դրամ և որը չի ենթադրում, ոչ վարչաիրավական և ոչ էլ քրեական հետևանք։ “Այսինքն՝ այդ գումարը մեկ սուբյեկտից դեպի մյուս սուբյեկտ է գնում”,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Այս օրենքի նախագիծը ենթադրում է կարգավորել հայկական լրատվամիջոցներում սկիզբ առած “copy-paste”-ը` փորձելով պաշտպանել լրատվամիջոցների հեղինակային իրավուքները և շահերը:




Լրահոս