Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել սկսել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցով ուղիղ բանակցությունները: Ըստ այդմ, սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կհանդիպեն մայիսի 16-ին Վիեննայում, իսկ հանդիպմանն էլ ներկա կլինեն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
Սակայն ՀՀ նախագահի նստավայրից երեկվա դրությամբ հանդիպման մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չկար: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր հանդիպման մասին մենք կտեղեկացնենք պատշաճ կարգով», – ի պատասխան լրատվամիջոցների հարցմանը՝ երեկ նշել էր ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Իսկ Ադրբեջանի նախագահի վարչակազմից էլ հայտարարել էին, որ չգիտեն երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման օրը:
Առաջիկայում սպասվող հանդիպման հնարավոր ազդեցության եւ ԼՂՀ հակամարտության կարգավորման ներկայումս իրատեսական տարբերակների շուրջ «Ժողովուրդը» զրուցեց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ:
-Պարո՛ն Դուբնով, այս փուլում երկու երկրների ղեկավարների հանդիպումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հակամարտության լուծման վրա:
-Ես կարծում եմ, որ դա ավելի շուտ կլինի արձանագրային հանդիպում, որը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի արդյունքում, ովքեր փորձում են հաշտեցնել կողմերին կամ գոնե «հանգցնել» ապրիլի 2-ին Ղարաբաղում սկսված կրակը: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ սա ավելի շուտ հանդիպում կլինի հանդիպման համար, որը սակայն չի նսեմացնում դրա արժեքը: Ի վերջո, սա ավելի լավ է, քան թե ընդհանրապես հանդիպման բացակայությունը:
-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ այս հանդիպումը որեւէ էական ազդեցություն չի ունենա՞:
-Ո՛չ, որովհետեւ հակամարտող երկու կողմերի առաջարկները միմյանց համար ընդունելի չեն: Բնականաբար, Սերժ Սարգսյանը հանդիպման է գնում այնպիսի առաջարկներով, որոնք ընդունելի չեն լինի Ադրբեջանի համար եւ հակառակը:
-Սերժ Սարգսյանը բանակցությունների վերսկսման երեք նախապայման է առաջադրել: Ըստ Ձեզ՝ Ադրբեջանի դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի:
-Ես կարծում եմ, որ այս նախապայմաններից ոչ մեկն էլ Ադրբեջանի համար ընդունելի չէ: Ադրբեջանը ոչ մի դեպքում չի համաձայնի, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանին, դա ակնհայտ է: Այդ ուղղությամբ Հայաստանի նախագահի ցանկացած քայլ հակընդդեմ կլինի Ադրբեջանի ընդհանուր հռետորաբանությանը, որն այժմ առկա է երկրի ներսում:
-Ի վերջո, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ այս փուլում նախագահները կհամաձայնեն հանդիպել:
-Ես կարծում եմ, որ հանդիպման որոշումը երկու նախագահների համար էլ շատ դժվար է տրվել: Նրանցից յուրաքանչյուրը երկրի ներսում պետք է բացատրի, թե ինչու է համաձայնել գնալ հանդիպման, քանի որ նրանցից յուրաքնաչյուրն էլ չորսօրյա պատերազմում իրենց են հաղթող հայտարարել: Ես կարծում եմ, որ հանդիպման համաձայնությունը ձեռք է բերվել համանախագահների ճնշման ներքո: Երկու կողմերն էլ որպես հաղթող են գնում, վստահ, որ իրենք են հաղթել եւ այդ պատճառով էլ կարծում են՝ բանակցելու ոչ մի իմաստ չկա:
-Այդ դեպքում Դուք ինչպե՞ս եք տեսնում կոնֆլիկտի լուծումը:
-Ես մոտ ապագայում չեմ տեսնում կոնֆլիկտի լուծումը: Բանակցություններ, իհարկե, հնարավոր են, սակայն հետագայում պատերազմական գործողությունները բացառելու նպատակով միայն: Կոնֆլիկտի լուծման համար հիմա չկա ռեսուրս, քաղաքական կամք եւ օբյեկտիվ պայմաններ ոչ մի երկրի կողմից:
-Իսկ Դուք կրակի դադարեցման մասին նոր համաձայնագրի կարիք տեսնո՞ւմ եք:
-Կրակի դադարեցման մասին նոր համաձայնագիրը չի կատարվի այնպես, ինչպես չի կատարվում գործողը: Այդ պատճառով ես չեմ տեսնում այնպիսի մեխանիզմներ, որոնք նոր համաձայնագրի գործելու հնարավորություններ կստեղծեն:
-ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը Ձեզ գոհացնո՞ւմ է:
-Մինսկի խումբն այնպես չի գործում, ինչպես պետք է գործի: Այժմ այլ ձեւաչափ է անհրաժեշտ, որտեղ համանախագահները կկարողանան անհատապես աշխատել, իհարկե, միմյանց հետ կոորդինացնելով, որը հնարավորություն կտա չեզոքացնել միմյանց միջեւ առկա ակնհայտ անհամաձայնությունները:
-Այսինքն՝ նոր ձեւաչա՞փ է անհրաժեշտ: Վերջերս կրկին ակտիվացել են Գերմանիայի դերակատարության մեծացման շուրջ խոսակցությունները:
-Ոչ թե նոր ձեւաչափ է անհրաժեշտ, այլ այն անխուսափելի է, քանի որ հինն արդեն չի աշխատում: Սակայն այն փաստը, որ հինը չի աշխատում, երաշխիք չի տալիս, որ կհայտնվի նորը: Իհարկե, փորձեր կարվեն այլ տարբերակներ գտնելու, բայց ամեն ինչ կհանգեցնի Մինսկի խմբի գոյության անխուսափելիությանը: Որքան էլ այլ փորձեր կատարվեն, վերահսկողության փաթեթը կլինի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, մի փոքր էլ Ֆրանսիայի ձեռքում:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԸ
Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում քվեարկվեցին եւ ընդունվեցին նախօրեին քննարկված բոլոր նախագծերը, այդ թվում՝ «Հրազդան-ցեմենտ»-ի, «Կուտակային կենսաթոշակների մասին», «Հարկերի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:
Նկատենք, որ քվեարկությունից անմիջապես հետո նիստերի դահլիճը սկսեց դատարկվել, ինչին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Դահլիճը լքող ու կարեւոր տեղ շտապող պատգամավորներին կոչ եմ անում անաղմուկ լքել»,- նկատողություն արեց փոխխոսնակը:
Այնուհետեւ դահլիճում ներկա պատգամավորները սկսեցին երրորդ ընթերցմամբ քննարկել «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ երկրորդ ընթերցմամբ` «Պրոբացիայի մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով «Պրոբացիայի մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, նշեց, որ նախագծում մի շարք փոփոխություններ են արվել: Մասնավորապես ավելացվել է այն, որ պրոբացիոն ծառայությունը հաշտարարություն իրականացնող մարմին է դառնալու, իսկ պրոբացիոն ծառայողները՝ քաղաքացիական ծառայողներ, քանի որ նրանց գործառույթների մեջ են մտնելու վերաինտեգրման քայլերը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը իր ելույթում դրական գնահատեց այս նախագիծը: «Եկող տարվա պետական բյուջեի քննարկման ժամանակ պետք է համապատասխան միջոցներ հատկացնենք այս համակարգի կայացման համար, պետք է տնտեսումներ անենք, որ ՔԿՀ-ներում կարողանանք մարդկանց պահել: Պետք է այնպես անենք, որ սա չդառնա հերթական օրենք, որը թղթին կա, սակայն կյանքի կոչման ժամանակ չենք կարողանում այն ճիշտ ուղղությամբ զարգացնել»: Վերջինս նախարարից հետաքրքրվեց՝ որքանո՞վ այս ծառայությունը կթեթեւացնի ՔԿՀ-ների գերբեռնվածությունը: Արփինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այսպիսով կլուծվի ՔԿՀ-ների հարցը, եւ սոցիալական առումով դատապարտվածներն արագ կինտեգրվեն հասարակությանը:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ իր ելույթում նշեց, որ սա մի օրենք է, որի համար ՀՀ-ում երկար ժամանակ լոբբինգ է իրականացվել տարբեր ՀԿ-ների կողմից. «Հիմա այդ հնարավորությունը ստացել ենք: Իմ առաջարկների մեծ մասն ընդունվել է, որի համար շնորհակալ ենք: Հնարավորինս լավ նախագիծ ենք ստացել, ու արդեն փորձարկման ընթացքում, իրավակիրարկման ժամանակ ավելի կարեւոր փոփոխություններ տեղի կունենան: Սակայն այս փուլում նախագիծն իր լավագույն տեսքին է բերված: Կոչ եմ անում կողմ քվեարկել»,- եզրափակեց պատգամավորը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքելով Մարուքյանին՝ ասաց. «Ձեր կառուցողական առաջարկների համար շնորհակալություն, պարո՛ն Մարուքյան»:
Նշենք, որ այս նախագծի քննարկման ավարտից հետո սպառվեց նաեւ ԱԺ օրակարգը, իսկ երեկ քննարկված բոլոր նախագծերի քվեարկությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ՝ հերթական քառօրյայի սկզբում:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ
Ինչպես հայտնի է՝ մայիսի 6-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց եկամսյա կալանք կիրառել Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի եւ նրա օգնական Վարդուհի Գիշյանի նկատմամբ, որոնք շորթման մեջ են մեղադրվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Անի Հովհաննիսյանը այս օրերին հրաժարվում է ցուցմունք տալ: Ըստ նույն լուրերի՝ նա իրավապահներին բանավոր հայտնել է, որ շատ բան կպատմի, երբ պահը կգա: Առավել հավանական է, որ Անի Հովհաննիսյանը փորձում է հասկանալ, թե ովքեր կփորձեն իրեն սատարել, որպեսզի որոշի՝ ում մասին ինչ պատմի քննիչներին: Իրավապահները քննում են նաեւ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին հարցաքննության հրավիրելու տարբերակները: Ինչպես հայտնի է՝ նա եւս ցուցմունք չի տալիս:
63 ՀԱՄԱՐԻ ԵՐԹՈՒՂՈՒ ԳՈՐԾՈՎ
Թիվ 63 երթուղու ավտոբուսի պայթյունի դեպքից, որը տեղի ունեցավ ապրիլի 25-ին, անցել է քսան օր, բայց մինչ օրս իրավապահներին չի հաջողվել պարզել պայթուցիկի ծագման աղբյուրը: Իրավապահները մինչ այս օրը գիտեն միայն, որ պայթյունի պատճառը եղել տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութը: Իսկ որտեղից է այն հայտնվել Ռուբեն Բալյանի մոտ, դեռ մնում է անհայտ:
Հիշեցնենք, որ իրավապահների առաջ քաշած վարկածով պայթյունի մեղավորը եղել է 55-ամյա Ռուբեն Բալյանը, որը տեղում մահացել է: Արդյո՞ք նա կարող էր ինքնուրույն այդ նյութը պատրաստել, կամ եթե գնել է, որտեղի՞ց: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները իրավապահները դեռ չեն պարզել:
58 ԱՐԺԵՔ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության կողմից թույլատրվել է պետական սեփականություն համարվող 120 մշակութային արժեքի ժամանակավոր արտահանում: Բացի այդ՝ պետական 3 պահոցից, առանց համապատասխան արտահանման թույլտվության, ԵՏՄ անդամ երկրներ ժամանակավոր արտահանվել է 68 մշակութային արժեք: Անցած տարի տրվել է արտահանման իրավունքի 172 վկայագիր, որից 131-ի համար գանձվել է 655 հազար դրամ պետական տուրք: Պետական պահոցներից ժամանակավոր արտահանված 64 մշակութային արժեք անցած տարի վերադարձվել է եւ նույնականացվել, ըստ այդմ, 28 ակտով արձանագրվել է դրանց իսկությունն ու անվնաս վերադարձը: ԵՏՄ անդամ երկրներ արտահանված 68 մշակութային արժեքները նույնպես վերադարձվել են եւ նույնականացվել: Բայց պետական պահոցների 58 մշակութային արժեք դեռեւս շարունակում են մնալ արտերկրում: Անցած տարի թույլատրվել է քաղաքացիների սեփականություն համարվող 212 մշակութային արժեքի եւ 16 հազար 383 մշակութային նշանակության առարկայի արտահանում, իսկ 93 մշակութային արժեք եւ 246 մշակութային նշանակության առարկա էլ թույլատրվել է ժամանակավոր արտահանել: