ՀԵՔԻԱԹ` ԲԱՐԻ ԳԻՇԵՐԻՑ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ կարելի է հայտարարել, որ Հովիկ Աբրահամյանը երկու տարի որպես ՀՀ վարչապետ պաշտոնավարելուց հետո, ի վերջո, չդիմացավ եւ ինքն էլ հայտարարեց կոռուպցիայի դեմ «խաչակրաց արշավանք» սկսելու մասին:

Այո՛, այո՛, ՀՀ կառավարության՝ երեկ տեղի ունեցած նիստի մեկնարկին Հովիկ Աբրահամյանն աշխարհացունց ելույթ ունեցավ: Նա նախ հայտարարեց, որ պատրաստվում է կրճատել պետական ապարատի ծախսերը: «Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն»,- ազդարարեց վարչապետը: Ծախսերի կրճատումն արտահայտվելու է նաեւ պետական ծառայողների թվակազմի կրճատումով. «Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Դա, իհարկե, մեկ օրվա խնդիր չէ, սակայն մենք օպտիմալացման նպատակով պետք է մինչեւ 2017 թվականի բյուջետային քննարկումների մեկնարկը ունենանք մանրամասն վերլուծություն: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաեւ տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Սակայն «ամենացնցողը» Հովիկ Աբրահամյանի խոսքի այն հատվածն է, որը վերաբերում է կոռուպցիային. «Կոռուպցիոն երեւույթներն, ըստ մարմինների, պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները եւ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետեւություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում… Մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին եւ պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Միանգամից նկատենք, որ Հովիկ Աբրահամյանի կողմից կոռուպցիայի դեմ պայքար ծավալելը էկզոտիկայի շարքից է: Ճիշտ այնպես, ինչպես նրա նախորդի: Օրինակ՝ երբ ժամանակին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության գրեթե բոլոր նիստերից առաջ մինի դասախոսություններ էր կարդում ներկա պաշտոնյաների համար, այդ թվում նաեւ կոռուպցիայի դեմ անողոք պայքարելու թեմայով, այդ տեսարաններին հանրությունն արդեն ընտելացել էր: «Եթե մենք առաջին հերթին խստապահանջ չլինենք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ապա ակնհայտ է, որ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարելը կլինի չափազանց դժվար կամ անհնարին։ Երկրորդ կարեւորագույն ուղղությունը կառուցվածքային բարեփոխումներն են, որ առնչվում են պետական կառավարման մարմիններին»,- սա էլ Աբրահամյանի նախորդի` Տիգրան Սարգսյանի դեռեւս 2009-ի դեկտեմբերին հնչեցրած ելույթից է:
Բայց Սերժ Սարգսյանն էլ գեղեցիկ ելույթներից հետ չի մնացել: Նա առնվազն տարին մեկ անգամ հայտարարում է կոռուպցիայի դեմ անողոք պայքար սկսելու մասին: Օրինակ՝ այս տարի փետրվարի 12-ին ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն Գեորգի Կուտոյանին ներկայացնելիս նա ասել էր. «Այս ընթացքում ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ մի կողմից կոռուպցիոն երեւույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը»: Նույն օրը նախագահականում հնչեցրած իր ելույթում Սերժ Սարգսյանն ասել էր, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը. «Տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովման եւ հովանավորչության վերացման մասին է, պետական, համայնքային բյուջեների եւ վարկային միջոցների անձեռնմխելիության մասին է, խաղի նոր կանոնները անխտիր բոլորի վրա հավասարապես տարածվելու մասին է»: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել:
Հայաստանը պաշտոնյաների սիրուն խոսքերի, խոստումների, բոլոր տեսակի արատավոր երեւույթների դեմ անողոք պայքարելու մասին հայտարարությունների պակասություն երբեք չի ունեցել: Ավելին՝ մեկը մյուսից ճոռոմ եւ երկարաշունչ է եղել, բայց դրանից երկրում ոչինչ չի փոխվել: Մոտ 40 պաշտոնյաներ, այդ թվում նաեւ ելույթ ունեցողների ընտանիքները շարունակում են տնօրինել Հայաստանը` մեջ-մեջ անելով պետության ստեղծած բարիքները:
Բայց ողջ խնդիրն այն է, որ ներկա իրողության մեջ կոսմետիկ ձեւափոխություններով հանրությանն այլեւս չես խաբի, եւ ՀՀ իշխանությունները պետք է գիտակցեն, որ ինչքան շուտ իրենք իրենց առաջնորդի` Սերժ Սարգսյանի հետ իշխանությունից հեռանան եւ թույլ տան, որ Հայաստանը զարգանա, այնքան լավ կլինի երկրի եւ իրենց համար: Այդ դեպքում իրենց թալանածի մի մասը գուցե կկարողանան որպես գործարարներ տնօրինել: Թե չէ Սերժ Սարգսյանի կողմից հիշատակված օդի տատանումների են նմանվում նման ելույթները, որոնց 1 տոկոսն անգամ կյանքի չի կոչվում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

ՀՈԽՈՐՏԱՑԵԼ ԵՆ ՈՒ ՓԱԽԵԼ
Երեկ Կոտայքի մարզի Գառնի գյուղում կրկին լարված իրավիճակ էր ստեղծվել. գառնեցիները փակել էին Երեւան-Գառնի ավտոճանապարհը: Բանն այն է, որ երեկ Գառնի են այցելել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ այլ պաշտոնյաներ՝ Ազատ գետից ջուր վերցնելու մասին ծրագրի քննարկմանը մասնակցելու նպատակով: Սակայն նշված պաշտոնյաները մտել են մշակույթի տուն՝ քննարկման, իսկ գյուղացիներին թողել են դրսում կանգնած: Այնուհետեւ հրահանգել են, որ գյուղացիներից ընդամենը մի քանի հոգի մասնակցի քննարկմանը, արդյունքում գառնեցիները հրաժարվել են ներս մտնել եւ պահանջել են, որ պաշտոնյաները դուրս գան եւ բոլորի հետ խոսեն: Պաշտոնյաները՝ տեսնելով, որ գառնեցիները իրենց չեն ենթարկվում, փորձել են թիկնապահների միջոցով ստիպել ներս մտնել: Արդյունքում էլ թիկնապահների եւ գյուղացիների միջեւ քաշքշուկ է ստեղծվել: Զայրացած գառնեցիները փակել են Երեւան-Գառնի մայրուղին: «Ժողովուրդ»-ը գառնեցիներից տեղեկացավ, որ Գառնի ժամանած պաշտոնյաները գյուղապետի օգնությամբ շրջանցիկ ճանապարհներով աննկատ հեռացել են: Հիշեցնենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման միջոցով նախատեսվում է Գառնիի ջրերը տեղափոխել Արարատի մարզի 12 գյուղերի ոռոգումն ապահովելու համար:

 

 

ԱՌԱՆՑ «ԼԻԱԶՈՐԱԳՐԻ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հայտարարեցին, որ եկող շաբաթ՝ մայիսի 16-ին Վիեննայում նախատեսվում է Սարգսյան-Ալիեւ հանդիպում: «Ժողովուրդ»-ը երեկ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից փորձեց պարզել՝ արդյոք ԼՂՀ-ն Հայաստանին լիազորե՞լ է բանակցություններում իր անունից հանդես գալու համար:
«Այդ բանակցության գործընթացը, ինչպես գիտեք, մտել է գրեթե փակուղի Ադրբեջանի քաղաքականության եւ այս պատերազմի պատճառով: ՀՀ նախագահը ասել է` ինչ պայմաններում պետք է վերսկսվի բանակցային գործընթացը: Եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարության մեջ, որ ժամանակն է հանդիպում կազմակերպել նախագահների միջեւ, փաստորեն բոլոր պայմանները նշված են, որ պետք է պատերազմ չլինի, որ պետք է խաղաղ կարգավորում տեղի ունենա եւ այլն: Բայց եթե այդ հանդիպումը դրական ազդեցություն չի ունենա կայունության եւ խաղաղության հաստատման համար, այդ հանդիպումից ակնկալել ինչ-որ կարեւոր քաղաքական որոշումներ` վերջնական կարգավորման վերաբերյալ, ճիշտ չէ: Բայց եթե այստեղ գոնե սկսվի այդ մեխանիզմների ներդրման գործընթացը, դա արդեն կլինի շատ կարեւոր մի զարգացում»,- պատասխանեց Բաբայանը:

 

 

ՆԱԽԱԳԻԾՆ ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿԵՆ
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր պետք է քննարկի ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, որը նախատեսվում է եկող երկուշաբթի ներկայացնել խորհրդարանի քննարկման՝ երկրորդ ընթերցմամբ քվեարկելու համար:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԱԿԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋ
«Մինչեւ տարածքային հարցեր առաջ քաշելը, Ադրբեջանը առնվազն պարտավոր է վերադարձնել ԼՂՀ օկուպացված շրջանները եւ ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Ինչո՞ւ: Որովհետեւ ճանաչելով՝ նա կունենա այն սուբյեկտը, որն իրավազոր է քննարկել նմանատիպ հարցեր: Հայաստանի Հանրապետությունը չի կարող այդպիսի հարցեր լուծել Ղարաբաղի փոխարեն: Սա է ամենակարճ ճանապարհը, որով Ադրբեջանը կարողանա հասնել իր բաղձալի նպատակին»,- երեկ հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Լրագրողի հարցին, թե որ տարածքների հանձնման մասին է խոսքը, Քոչարյանը նշել է. «Դա Մարտունու շրջանն է, Մարտակերտի շրջանի հատվածներն են, դա Շահումյանի շրջանն է, իսկ ինչ ենք մենք հանձնելու, թող մտահոգի ադրբեջանցիներին, ինձ դա չի մտահոգում»:

 

 

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ
«Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության սրումը նվազեցնելուն եւ Հայաստանին ու Ադրբեջանին փոխզիջման որոնման համար երկխոսությունը վերականգնելուն միտված ցանկացած քայլ»,- երեկ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը` հաջորդ շաբաթ Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու անհրաժեշտության մասին: Պեսկովը, սակայն, հավելել է, որ կոնկրետ այդ հանդիպման մասին առայժմ ասելիք չունի:

 

ԵՏՄ-Ի ՇՆՈՐՀԻ՞Վ
2015թ-ին Հայաստանը ԵՏՄ միակն երկիրն էր, որի տնտեսական աճի տեմպը ոչ միայն չի նվազել, այլ նույնիսկ աճել է. այդ մասին երեկ ասել է ԵՏՄ Կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի եւ ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան, ով այդ շարունակական աճը պայմանավորել է նաեւ ԵՏՄ անդամակցությամբ: «Չկան մաքսային սահմանափակումներ, ամեն ինչ կա ընդլայնելու համար, հիմա հարցը արդեն բիզնես դաշտում է, եւ կա մեծ հնարավորություն շահավետ պայմաններով ապրանքներ արտահանելու ինչպես ՌԴ, այնպես էլ մյուս անդամ երկրներ: ՀՀ-ում շատ տնտեսվարողներ արդեն իսկ օգտվում են այդ հնարավորությունից»,-ասել է Վալովայան:




Լրահոս