Ինչպես հայտնի է՝ ջրամբարաշինական ծրագրերը ՀՀ-ում կենսական նշանակություն ունեն: Սակայն որքան էլ գործող կառավարությունը հավաստիացնում է, թե ոռոգման համակարգը շարունակում է մնալ պետական ներդրումային գերակայությունների շարքում, այս ոլորտում Հայաստանը այդպես էլ էական արդյունքներ չի արձանագրում:
Իսկ գյուղացին շարունակում է իր դժգոհությունը հայտնել ոռոգման համակարգերի անբարեկարգ վիճակից, ինչը շատ լուրջ խոչընդոտ է գյուղատնտեսության զարգացման ճանապարհին: Ոռոգման համակարգերի բացակայության, դրանց ոչ բարվոք վիճակում գտնվելու հետեւանքով գյուղատնտեսությամբ զբաղվողները ուղղակիորեն զրկված են բազմաթիվ հողատարածքներ մշակելու հնարավորությունից:
Ըստ Համաշխարհային բանկի՝ ներկայումս ջրային պաշարները բավարար են ՀՀ մարզերի մեծ մասում ոռոգումն ապահովելու համար, ինչը, սակայն, չի արվում: Մասնագետների պնդմամբ՝ խնդիրը ոչ թե Հայաստանի ջրային պաշարների սակավության, այլ գործող ոռոգման համակարգում առկա թերությունների մեջ է: Իսկ Հայաստանի տարածքում ոռոգման ծրագրերի իրականացման եւ վերահսկման համար պատասխանատու է գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն, որի նախագահը նախկին բնապահպանության նախարար, ոչ անհայտ Արամ Հարությունյանն է:
Եվ մինչ վերջինս դանդաղում է իր պաշտոնեական լիազորությունների իրագործման հարցում, փոխարենը մեծ ջանքեր ներդնում, օրինակ, Հրազդանում ընտրությունների կեղծման գործում, ոռոգման համակարգի հետ կապված խնդիրների հետեւանքով մի շարք հողատարածքներ մնում են անմշակ: Ըստ բնապահպանների՝ դրա արդյունքում անապատացման վտանգը մեծ է: Այս իրավիճակն է ստեղծվել, մասնավորապես, Արմավիրի եւ Արարատի մարզերում. ոռոգման ջրի խնդրի շուրջ նշված մարզերի բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացնում, ճանապարհներ են փակում, սակայն ապարդյուն: Գյուղեր կան, որտեղ ոռոգման նպատակով ջրամատակարարումն իրականացվում է գրաֆիկով, այսինքն՝ շաբաթվա մի քանի օրը նրանք կարողանում են իրենց հողատարածքները ջրել, իսկ մյուս օրերը՝ ոչ: Նշենք, որ այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Արարատի մարզի Վանաշեն, Այգեպատ, Դվին եւ այլ համայնքների բնակիչներից: Նրանց խոսքերով՝ ոռոգման ջրի ոչ կանոնավոր մատակարարման պատճառով իրենք մեծ վնասներ են կրում. անջրդիության արդյունքում փչանում է նրանց բերքը: Իսկ այս հարցով ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից անհրաժեշտ քայլեր այդպես էլ չեն ձեռնարկվում:
Հայտնի է, որ այս խնդրի լուծմանը կնպաստի նաեւ Հայաստանում ջրամբարների կառուցումը կամ վերակառուցումը: Սակայն փաստենք, որ անցած տարվա ընթացքում չեն ձեռնարկվել քայլեր նոր ջրամբարների կառուցման եւ գործողների վերակառուցման ուղղությամբ: Օրինակ՝ չեն սկսվել Կապսի եւ Եղվարդի ջրամբարների վերականգնման եւ վերակառուցման, ինչպես նաեւ Վեդու եւ Մաստարայի ջրամբարների շինարարական աշխատանքները:
Մասնավորապես Վեդու ջրամբարի կառուցումը Արարատյան հարթավայրի գյուղատնտեսության զարգացման վրա զգալի ազդեցություն կունենա: Ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա ոռոգել Արարատյան հարթավայրի շուրջ 3,2 հազ հա հողակտորները, որոնցից 2.8 հազ. հան` մեխանիկական ոռոգման փոխարինմամբ ինքնահոս ոռոգման եղանակի, ինչի արդյունքում տարեկան կխնայվի 12.0 մլն.կվտ.ժ էլեկտրաէներգիա:
Վեդու ջրամբարի հիդրոհանգույցի կառուցումը նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության եւ Զարգացման Ֆրանսիական Գործակալության կողմից տրամադրվող վարկային միջոցներով: «Ժողովուրդ»-ը ջրային տնտեսության պետական կոմիտեից տեղեկացավ, որ 29 մլն խորանարդ մետր ընդհանուր ծավալով Վեդու ջրամբարի կառուցումը նախատեսվում է սկսել 2016 թվականին եւ ավարտել 5 տարում:
Իսկ, ահա, Կապսի ջրամբարի կառուցումը նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության եւ Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցներով: Այս ջրամբարի կառուցումը Հայաստանի ամենաաղքատ՝ Շիրակի մարզում, կխթանի գյուղատնտեսության զարգացումը: Արդյունքում ինքնահոս եղանակով կոռոգվի շուրջ 1248 հա հողատարածք, ինչի հետեւանքով շրջանառությունից դուրս կգան ներկայումս գործող թվով ութ պոմպակայաններ եւ տարեկան կխնայվի 1,3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա:
Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում: Նշենք, որ Կապսի պատվարի շինաշխատանքները դադարեցվել են 1994 թվականին: Իրականացվել է միայն 20մ բարձրությամբ պատվարի մարմնի լիցք: Սակայն կիսավարտ պատվարը վտանգ է ներկայացնում, քանի որ թունելի փլուզման կամ մեծ վարարման դեպքում կիսակառույց ջրամբարում արտահոսք կլինի պատվարի վրայով եւ պատվարի ճեղքում, ինչն էլ մեծ վնասներ կհասցնի պատվարի ստորին հատվածին, այդ թվում կծածկի Գյումրի քաղաքի մի մասը: Ըստ ծրագրի՝ նախատեսվում է ավարտին հասցնել կիսակառույց պատվարը, օժանդակ կառույցները եւ վերականգնել թունելները:
Սակայն անցած տարվա ընթացքում այս մասով շինաշխատանքները չեն սկսվել, քանի որ Կապսի ջրամբարի վերականգնման նախագծի մրցութային փաթեթը ընթացքի մեջ է: Դրա հաստատումից հետո նախատեսվում է մանրամասն նախագիծն ավարտել այս տարվա երկրորդ կիսամյակում, որից հետո էլ կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ 2014 թվականի հունիսից սկսվել են Եղվարդի անավարտ ջրամբարի վերակառուցման նպատակով իրագործելիության ուսումնասիրությունները, որին պետք է հաջորդի մանրամասն նախագծման փուլը: Դրանք կավարտվեն մինչեւ այս տարվա մայիսը: Իսկ մանրամասն նախագծի եւ մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին, որից հետո արդեն կսկսվեն կառուցման աշխատանքները:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՈԼԻԿԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է, ԻՍԿ ՎԱՐՈՒՆԳԸ՝ ԷԺԱՆԱՑԵԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա ապրիլին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսը 1.5 տոկոսով նվազել է: Իսկ պարենային ապրանքների գները նվազել են 4.2 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 2.8 տոկոսով: Դրան հակառակ ծառայությունների սակագները 2.7 տոկոսով բարձրացել են:
Բանջարեղենի եւ կարտոֆիլի շուկայում այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 1 տոկոս գնաճ, իսկ այս տարվա մարտի համեմատ` բանաջարեղենն ու կարտոֆիը 4.3 տոկոսով էժանացել են: Այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, էժանացել է նաեւ վարունգը՝ 40.6 տոկոսով: Ինչը, բացի սեզոնային գործոնից, շատերի կարծիքով պայմանավորված է այլ երկրներից՝ Թուրքիայից, Իրանի Հանրապետությունից ՀՀ մեծ քանակությամբ վարունգի ներմուծումով: Սրան զուգահեռ էժանացել է նաեւ խառը կանաչին, սմբուկը: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է սնկի` 1.5, բողկի՝ 3, լոլիկի` 10, կաղամբի` 10.7, կանաչ պղպեղի՝ 11.2, գազարի՝ 12.2 տոկոս գնաճ: Ի դեպ, նշենք, որ նոր կարտոֆիլի գինը 7.8 տոկոսով է թանկացել: Ի տարբերություն լոլիկի եւ նոր կարտոֆիլի թանկացմանը՝ ձուն շարունակում է էժանանալ: Ըստ ԱՎԾ-ի՝ ձվի միջին գինը այս տարվա ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է 12.3 տոկոսով:
Ի դեպ, ՀՀ 8 քաղաքներում այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, ձվի գինը նվազել է 5.5 տոկոսով, իսկ 3-ում գրանցվել է 0.1-0.4 տոկոս գնաճ: Մայրաքաղաք Երեւանում ձվի գինը նվազել է 3.4 տոկոսով: ԱՎԾ-ի տվյալներով՝ գնանկում արձանագրվել է նաեւ կաթնամթերքի շուկայում: Այս տարվա ապրիլին, 2015 թվականի ապրիլի համեմատ, կաթնամթերքը էժանացել է 5.6 տոկոսով:
Էժանացել է նաեւ ձկնամթերքը՝ 4.4 տոկոսով: Այս գնանկումը հիմնականում պայմանավորվել է ստերլետ ձկնատեսակի՝ 1.4, ապխտած եւ աղ դրած ստավրիդա, սկումբրիա ձկնատեսակների 0.6 տոկոս գնանկումով: Այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, էժանացել են նաեւ սուրճը, շաքարավազը, ոգելից խմիչքը եւ ծխախոտը: Փոխարենը թանկացել է միրգը՝ 4.7 տոկոսով: Այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է ադամաթզի՝ 4.3, մանդարինի՝ 4.9, կիտրոնի` 5.6, ընկույզի միջուկի՝ 5.8, նարնջի՝ 6.7, խնձորի` 9.6, տանձի՝ 11.7 գնաճ: Երեւանում մրգի գներն աճել են 5.5 տոկոսով:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԱՐԿԵԼՈՎ
Մայիսի 11-ին Իջեւան քաղաքում՝ տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության սրահում, կայացավ «Ազգային միասնության» շարժման ներկայացուցիչ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի հանդիպումը Տավուշի մարզի տարբեր տարածաշրջանների ակտիվի հետ: Դահլիճում առավել մեծ թիվ էին կազմում Իջեւանի տարածաշրջանի գործարարները: Այդ շարժման՝ Տավուշի մարզի համակարգողն է իջեւանցի գործարար Արթուր Մարդանյանը: Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք նպատակ ունեն ներգրավել ներդնողների, որպեսզի Տավուշի մարզում գործարար ծրագրեր կյանքի կոչվեն, տնտեսական աշխուժություն լինի: Հետո ներկաները հարցեր ուղղեցին Արամ Սարգսյանին, որոնցից մեկն առնչվում էր Արթուր Բաղդասարյանի կողմից ստեղծված «Հայկական վերածնունդ» շարժման հետ «Ազգային միասնություն» շարժման հնարավոր համագործակցությանը:
Արամ Սարգսյանն այդ կապակցությամբ ասաց. «Արթուր Բաղդասարյանը ժամանակին՝ մի 20 տարի առաջ, երբ տղան փոքր երեխա էր, խնդրել է, որ Արա Աբրահամյանը դառնա այդ երեխայի քավորը: Նա էլ համաձայնել է: Հետո եկավ, հասավ, այդ տղան մեծացավ, հիմա հարսանիք արեց, քավորն իր պարտականությունը կատարեց: Հետո սկսվեց հետեւյալ կոմպանիան, որ Արթուր Բաղդասարյանը ամենատարբեր տեղերում արտահայտվում էր հետեւյալ կերպ՝ այո, մենք միասին ենք, մենք գնալու ենք քաղաքական առումով եւ այլն, եւ այլն՝ օգտագործելով այդ քավոր-սանիկ հարաբերությունները: Արա Աբրահամյանն իր պարկեշտությունից ելնելով՝ որեւէ կերպ չհերքեց դա: Բայց երբ այդ ամեն ինչը սահմանն անցավ, ստիպված եղանք ասելու, որ նա իր ճանապարհն ունի, Արա Աբրահամյանն՝ իր ճանապարհը, քաղաքական տեսանկյունից: Հիմա, որպեսզի ավելի պարզ լինի ձեզ, դուք ինքներդ տրամաբանեք՝ եթե Արթուր Բաղդասարյանը պատրաստվում էր միասին գնալ քաղաքական կոմպանիայով եւ նույն նպատակին ծառայելու, արդյո՞ք նա պետք է Մոսկվայում ժողով կազմակերպեր եւ ստեղծեր, իբր, համառուսաստանյան նոր հայկական հասարակական կազմակերպություն: Եթե կա Ռուսաստանի հայերի միությունը, որը ղեկավարում է Արա Աբրահամյանը, էլ ինչո՞ւ ես զուգահեռ մի հատ էլ նոր կառույց ձեւավորում: Սրանով հարցը փակվեց: Պա՞րզ է, չէ՞, որ արդեն միասնականության մասին խոսելն անիմաստ է: Հիմա շուտով գրասենյակ կբացեն: Որեւէ մեկը հարցրեց՝ հարգելիս, դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, Ռուսաստանում ո՞նց ես հասարակական կազմակեպություն, շարժում սկսում: Արա Աբրահամյանը Ռուսաստանի քաղաքացի է, նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ես կարծում եմ, որ հարցը պետք է ձեզ պարզ լինի, որ (համագործակցության) որեւէ հնարավորություն չկա»,- եզրափակեց Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալ Արամ Գասպարի Սարգսյանը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ