Հայկական օրեր Տրանսիլվանիայի Գեորգեն քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տրանսիլվանիայի Գեորգեն (պատմական հայաբնակ` Ջուրջով) քաղաքում, սեպտեմբերի 6-8-ին, անցկացվել է Հայկական արվեստի փառատոն, որը կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության եւ Գեորգենի հայ կաթողիկե թեմի համատեղ ջանքերով։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառումների շրջանակում Գեորգեն է այցելել Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Դեսպանը հանդիպել է քաղաքային իշխանությունների հետ եւ քննարկել առաջիկայում Հայաստանի որեւէ բնակավայրի հետ համագործակցության կապեր հաստատելու, ինչպես նաեւ տեղի հայկական հարուստ պատմական ժառանգության պահպանման հարցերը:
Դեսպան Գասպարյանը մասնակցել է նաեւ Գեորգենի գործարարների հետ կազմակերպված հանդիպմանը, ուր նա ներկայացրել է հայ-ռումինական տնտեսական կապերի ընդհանուր պատկերը, տեղեկություններ հաղորդեց միջկառավարական հանձնաժողովի եւ Հայաստանի ու Ռումինիայի առեւտրաարդյունաբերական պալատների գործունեության մասին՝ հրավիրելով տեղի գործարարներին կապի մեջ մտնելու վերջիններիս հետ:
Եռօրյա փառատոնի շրջանակներում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ցուցադրվել են տեղի հայկական հնատիպ գրքերի եւ քարտեզների հավաքածուն, տրանսիլվանահայեր Գեորգի Կալամարի, Էմմա Կյոլլոյի եւ Ֆերենց Հորվաթի նկարների եւ ձեռագործ իրերի հավաքածուները։ Նույն կենտրոնում ցուցադրվեց Գասպար Կալամարի հեղինակած ,Հայաստանի խճանկարե ֆիլմը (2011թ.)։
Փառատոնի հագեցած օրակարգում ուրույն տեղ էին գրավում թեմատիկ հաղորդումները, որտեղ, մասնավորապես, ներկայացվեցին տրանսիլվանահայեր Մարտոն Լասլոյի եւ Ռոզալիա Ավետի ուսումնասիրությունները հունգահարահայերի եւ հայկական քաղաքակրթության վերաբերյալ, ինչպես նաեւ Յուլիա Բալինթի զեկույցը քաղաքի հայկական մարզական ավանդույթների մասին։ Գեորգենի հայոց պատմության, տեղի, ինչպես նաեւ լայն առումով Կարպատյան ավազանի տնտեսական ու մշակութային զարգացման մեջ հայերի ունեցած կարեւոր դերի մասին պատմող իր աշխատությունները ներկայացրեց պատմաբան, համալսարանական պրոֆեսոր Գարդա Դեսոն:




Լրահոս