ԾԱԾԱՆԵ՞Լ ԱՐՑԱԽԻ ԴՐՈՇԸ` ԹԵԿՈՒԶ ՈՐԱԿԱԶՐԿՄԱՆ ԳՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է՝ Հայաստանը պաշտոնապես նախազգուշացվել է Եվրոպական հեռարձակողների միության կողմից՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի 1-ին կիսաեզրափակչի ժամանակ Արցախի դրոշը ծածանելու պատճառով: Մեր երկիրը ներկայացնող Իվետա Մուկուչյանը նախ «Կանաչ սենյակում» ծածանել էր Արցախի դրոշը, ապա «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակությունը տարածել էր Իվետայի` Արցախի դրոշով լուսանկարը եւ մակագրել. «Հատուկ «ոմանց» համար…»: Մրցույթի կիսաեզրափակչից հետո տված ասուլիսի ժամանակ էլ, պատասխանելով դրոշը ծածանելու վերաբերյալ լրագրողների հարցին, Իվետան նշել էր, որ այդ քայլին գնացել է, քանի որ ինքը եւ Հայաստանը խաղաղություն են ուզում: Այդ ամենից հետո Հայաստանի ազգային հեռարձակողին` Հանրային հեռուստատեսությանը, Եվրոպական հեռարձակողների միությունից զգուշացրել են, որ եթե եզրափակչում էլ Արցախի դրոշը ծածանվի, Հայաստանը կկանգնի որակազրկման վտանգի առջեւ՝ այս տարի եւ ապագայում: Իսկ գրանցված միջադեպի առթիվ Հայաստանի պատիժը հայտնի կդառնա մինչեւ այս տարվա հունիսը:

Այժմ հայ հանրության շրջանում բուռն քննարկումներ են ընթանում` արժի արդյոք եզրափակչի ընթացքում էլ ծածանել Արցախի դրոշը, անգամ որակազրկվելու գնով, թե ավելի լավ է նման ռիսկային քայլի չգնալ: «Ժողովուրդ»-ը նախ փորձեց մեկնաբանություն ստանալ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից, սակայն hասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ այս պահին իրենք զերծ են մնում որեւէ մեկնաբանությունից:
Հայաստանի վաստակավոր արտիստ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե Արցախյան խնդրի մասին ողջ աշխարհի առջեւ եւս մեկ անգամ բարձրաձայնելու առիթ կա, պետք չէ այն ձեռքից բաց թողնել. «Գուցե պետք է ադրբեջանցի ոճրագործի կողմից կացնահարված Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի կամ Քյարամ Սլոյանի լուսանկարնե՞րն ի ցույց դնել: Բնականաբար, լրագրողները կհարցնեն, թե դրանք ում նկարներն են, եւ ազերիների դեմքը եւս մեկ անգամ պատռելու լավ առիթ կլինի: Ելքեր շատ կարող են գտնվել: Եվ հետո` կարծում եմ` շվեդահայերը կարող են դրոշներով դուրս գալ, ակտիվություն ցուցաբերել, իսկ Իվետա Մուկուչյանը, ում ես շատ եմ սիրում, եւ ով շատ լավ երգեց, թող նյարդայնանալու որեւէ առիթ չունենա, մտածի միայն իր ելույթի մասին, որպեսզի իր կատարումը նույնքան անզուգական լինի, որքան առաջին կիսաեզրափակչին: Մնացած խնդիրները թող իրենը չլինեն, այլ տեղի հայ համայնքինը»,- ասաց նա:
Բլոգեր Իզաբելլա Աբգարյանն էլ, առհասարակ, դեմ է մասնակցությանը մի մրցույթի, որն, իր խոսքով, ավելի վաղ Արցախի դրոշը դրել էր ԴԱԷՇ ահաբեկչական-ծայրահեղական խմբավորման դրոշի կողքին եւ արգելել դրանք ծածանել. «Ինձ համար ցավալի է գիտակցել, որ մեր հերոսների արյունով օծված խորհրդանիշը կարող է երգի մրցույթի հարթակում որեւէ կերպ շահարկվել: Կարծում եմ` պետք է հրաժարվել մասնակցությունից` համապատասխան հայտարարություն անելով, որտեղ կնշվեն դիվանագիտորեն մշակված փաստեր ու հռետորական հարցադրումներ»,-շեշտեց նա:
Իսկ դերասանուհի Թամար Հովհաննիսյանն այն համոզման է, որ Արցախի դրոշը եզրափակչին ծածանել-չծածանելու հարցը Իվետայի եւ նրա մենեջերի որոշելիքն է. «Քանի որ «Եվրատեսիլ»-ն ինքը որակազուրկ մի բան է, երեւի կարելի է ծածանել Արցախի դրոշը. դա ավելի մեծ բան կլինի, քան որակազուրկ մրցույթում որակ ունենալը: Մենք` որպես ազգ, մեր խնդիրները նման տեղերում չէ, որ պետք է լուծենք. Արցախին վերաբերող հարցերով շատ ավելի լուրջ ձեւով պետք է զբաղվել: Ամեն դեպքում, Իվետան խիզախ աղջիկ է, եւ եթե չարգելեն, ինքը կգնա այդ քայլին: Իսկ, առհասարակ, կարծում եմ` «Եվրատեսիլ»-ը աննշան միջոցառում է, բայց մեր աղջկա մասին շատ լավ կարծիք ունեմ»,-մեկնաբանեց նա:
Հիշեցնենք, որ ապրիլին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները հրապարակել էին իրենց, այսպես կոչված, դրոշների քաղաքականությունը, որով արգելում էին եվրատեսիլյան դահլիճ տանել որոշ դրոշներ, այդ թվում նաեւ` Արցախի Հանրապետության դրոշը:
Իսկ արդեն մայիսին Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի` «Եվրատեսիլ» երգի մրցույթի դրոշների քաղաքականությունը փոփոխության էր ենթարկվել: Մի շարք մասնակից պատվիրակությունների հետ կառուցողական զրույցներից հետո մրցույթի կազմակերպիչները որոշում էին կայացրել թուլացնել դրոշների քաղաքականության խստությունը եւ թույլատրել ազգային, տարածաշրջանային եւ տեղական դրոշների մասնակցությունը, այդ թվում` Արցախի դրոշինը:
Այս պարագայում առնվազն տարօրինակ է Եվրոպական հեռարձակողների միության կողմից Հայաստանին ուղղված վերջին սպառնալիքները: Համացանցի հայկական տիրույթում ծավալվող բուռն քննարկումների ընթացքում սոցցանցերի օգտատերերը Արցախի դրոշի ծածանման վերաբերյալ վերջին զգուշացումը համարում են ճնշումների հետեւանք:
Նշենք, որ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակ է հղել «Եվրատեսիլ-2016» երաժշտական մրցույթի կազմակերպիչներին` կապված ԼՂՀ դրոշի արգելքի հետ: Նա վճռական անհամաձայնություն է հայտնել մրցույթի կազմակերպիչների կողմից մայիսի 11-ին արված պաշտոնական հայտարարության վերաբերյալ, որում ղարաբաղյան հակամարտությունը պարզապես ներկայացվել է որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ: Նամակում ոչ ճշգրիտ եւ ԼՂՀ ժողովրդի համար վիրավորական է որակվել մրցույթի կազմակերպիչների կողմից Ղարաբաղյան հակամարտության նկարագրությունը: ԼՂՀ օմբուդսմենը հորդորել է Եվրոպայի հեռարձակողների միությանը չմտնել միջազգային քաղաքականության դաշտ:

 

 

 
ԿԻՐԿՈՐՈՎԸ ՀԱՎԱՆԵԼ Է ԿՅՈԿՉՅԱՆԻՆ ԵՎ ՀՐԱՎԵՐ ԱՐԵԼ

Երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանի համար մայիսի 21-ը պարտավորեցնող է, քանի որ այդ օրը տեղի է ունենալու նրա առաջին ստեղծագործական համերգ-երեկոն: Երգի պետական թատրոնի հարկի տակ կհամախմբվեն հայկական երգարվեստի բոլոր այն ներկայացուցիչները, որոնց համար Գրիգորը տարբեր տարիներին հեղինակել է երգեր: Նրանց թվում են Նարեկ Բավեյանը, Միհրան Ծառուկյանը, Սոնա Ռուբենյանը, Արամեն, Սարգիս Ավետիսյանը եւ այլք: Երեկոյի ընթացքում տեղի կունենան նաեւ պրեմիերաներ. կհնչեն Գրիգորի գրած նոր երգերը` Արփի Գաբրիելյանի, Սոնա Շահգելդյանի, Արսեն Սաֆարյանի եւ այլոց կատարմամբ:

«Մտահղացումը թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանինն է: Ի դեպ, նա եւս կլինի բեմում: Համերգի ընթացքում կհնչեն 20-ից ավել երգեր: Սա, կարելի է ասել, երգահանի իմ կարիերայի առաջին շրջանի ամփոփումն է: Վաճառքում կլինեն նաեւ միջոցառման տոմսեր, սակայն սահմանափակ թվով»,- «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Գրիգորը:
Նա, խոսելով առաջիկայի իր ծրագրերի մասին, հայտնեց, որ շուրջ մեկ ամիս առաջ միջազգային մրցույթի մասնակցելու առաջարկ է ստացել: Այն կազմակերպվում է առաջին անգամ` երգիչ, երգահան Ֆիլիպ Կիրկորովի պրոդյուսերական թիմի կողմից: Մրցույթի անունը դեռեւս չի հրապարակվում, այն կանցկացվի Սանկտ Պետերբուգում:
«Ինձ հետ կապ հաստատեց Կիրկորովի հայրը` Բուլղարիայի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը, ով զբաղվում է կազմակերպչական հարցերով, ասաց, որ ինձ տեսել եւ հավանել են «Նոր ալիք»-ում, հետո Ֆիլիպ Կիրկորովը հիշատակել է իմ մասին, ասել է, որ Հայաստանից կարելի է հրավիրել ինձ»,-պատմեց երգիչը:
Նա, սակայն, չի շտապում ընդունել նոր մրցույթի հրավերը. «Ես դեռ պետք է հասկանամ, թե այն որքանով է լուրջ, ոչ պակաս հեղինակավոր, քան, օրինակ` «Նոր ալիք»-ը: Դեռ պարզ չէ` այդ մրցույթի ընթացքում պարգեւատրումներ սպասվում են, թե ոչ, կամ ով է հոգում մասնակցության ծախսերը` հրավիրո՞ղը, թե մասնակցո՞ղը: Մինչեւ այս ամենը չհստակեցվի, ես իմ համաձայնությունը տալ չեմ կարող»,-մանրամասնեց Գրիգորը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում առիթ կունենանք իրեն տեսնելու առաջատար հեռուստաընկերություններից մեկի եթերում` ժամանացային-երաժշտական հաղորդման շրջանակում` որպես հաղորդավար: Թե կոնկրետ ինչ ծրագրի մասին է խոսքը, Գրիգորը դեռ փակագծերը չբացեց:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ




Լրահոս