ԱՂՄՈՒԿԻՑ ՀԵՏՈ ԳՈՒՄԱՐԸ ՏԵՂ ՀԱՍԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 6-ին հրապարակած «Երբ մարդկանց սրբությունը փողն ու պաշտոնն է» նյութում անդրադարձել էր «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության գործունեությանը: Տեղեկացրել էինք, որ նշված հիմնադրամն իրավական ոչ մի կապ չունի Կոտայքի մարզպետարանի հետ: Սակայն մարզի ղեկավարությունն իր ենթակայության տակ գտնվող պետական հիմնարկ-ձեռնարկություններից պահանջել էր հիմնադրամի հաշվեհամարին գումար փոխանցել՝ Արցախին օգնության համար գումար հավաքելու անվան տակ: Սա այն դեպքում, երբ դեռեւս ապրիլի 4-ին ԼՂՀ կառավարությունը հրապարակել էր այն հաշվեհամարները, որոնց միջոցով Արցախին օգնել ցանկացողները կարող են գումարներ փոխանցել: Նկատենք, որ Կոտայքում ու մարզկենտրոն Հրազդան քաղաքում գումարները սկսել են հավաքել ապրիլի սկզբից: Բայց Արցախին օգնությունը՝ 22 մլն դրամ, ԼՂՀ կառավարության հաշվեհամարին հիմնադրամից փոխանցել են մայիսի 10-ին, այսինքն՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից ուղիղ 4 օր անց: Եւ եթե «Ժողովուրդ» օրաթերթն այս պատմության մասին չբարձրաձայներ, դժվար է ասել, թե Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն ու Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը ինչպես կտնօրինեին հավաքված գումարը: Հիշեցնենք, որ լուրեր են պտտվում մարզում, որ գումարների մի մասը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում որպես ընտրակաշառք բաժանվել է բնակիչներին:
Այսպիսով՝ տեղի ունեցածը, բարոյականից բացի, ունի հստակ իրավական կողմ: Մարզի ղեկավարությունը միանշանակ ապօրինի գործողություն է ծավալել՝ վարչական լծակներն օգտագործել է ինչ-որ հիմնադրամի համար շրջանառու միջոցներ հավաքելու նպատակով: Իրավական եւ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունում նման արարքից հետո բոլոր պատասխանատուները պաշտոնանկ կարվեին, իսկ իրավապահներն էլ քրեական գործ կհարուցեին՝ պարզելու համար, թե մեղավոր պաշտոնյաներից ով ինչ նյութական շահագրգռվածություն է ունեցել: Սակայն սա Հայաստանն է, այստեղ կոռուպցիայի մասին միայն ճոռոմ ելույթներ են ունենում՝ եվրոպական կառույցներից դրամաշնորհներ ստանալու համար: Եւ վերջ:

 

 

 
Եկող երկուշաբթի խորհրդարանը կսկսի երկրորդ ընթերցմամբ քննարկել ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, որի վերջնական տարբերակը ՀՀ կառավարությունն արդեն ներկայացրել է ԱԺ-ին: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները մինչեւ վերջ չհրաժարվեցին ընտրությունների կեղծման հնարավորություն տվող համակարգերից, մասնավորապես, այդպես էլ չհամաձայնեցին ընտրական ցուցակները մաքրել եւ դրանցում թողնել միայն Հայաստանում առկա ընտրողներին: Եվս մեկ անգամ ՀՀ իշխանությունները ընդդիմությանը եւ հասարակությանը մարտահրավեր են նետում: Արդյոք ընդդիմությունը կկարողանա բոլոր տեղամասերը վերահսկել, արդյոք ընտրակաշառք վերցնող ընտրողները կհրաժարվեն իրենց կյանքի հինգ տարին հինգ կամ տասը հազար դրամով ծախելուց, պարզ կլինի 2017-ի ԱԺ ընտրություններից հետո: Արձանագրենք նաեւ, որ ԱԺ ընտրությունների համամասնական նոր ընտրակարգը ընդդիմադիր կուսակցություններին պարտադրելու է միավորվել եւ խոշորանալ կամ էլ ասպարեզից հեռանալ:

 

 

 
Իշխանական վերնախավում այս օրերին ամենաքննարկվող թեման բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխությունների հարցն է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գրեթե բոլոր նախարարները տարբեր ճանապարհներով նախագահի նստավայրից փորձում են իրենց հետագա ճակատագրի մասին տեղեկություններ պարզել: Բայց մեր երկրում Սերժ Սարգսյանը միանձնյա է որոշումներ կայացնում, եւ ում հետ ինչպես ցանկանա, կվարվի՝ հաշվի առնելով պաշտոնյաների՝ ուղնուծուծով կոռումպացված լինելու փաստը: Ուստի նախագահականում էլ տեղյակ չեն, թե ում ինչ է սպասվում: Այս անորոշ իրավիճակը Հայաստանի կառավարման համակարգի մի մասին, կարելի է ասել, անգործության է մատնել: Պաշտոնյաներից շատերը աշխատանքային օրն անցկացնում են մամուլի եւ համացանցի հրապարակումներին հետեւելով, որպեսզի տեսնեն՝ իրենց մասին ով եւ ինչ է գրում, որպեսզի հետեւություն անեն, թե ինչպես վարվել: Հավելենք, որ Սերժ Սարգսյանի ծրագիրը ենթադրում է ազատվել հին կադրերից:

 

 

 
Մայիսի սկզբից ՀՀ ՊԵԿ-ի հարկային տեսչության տարածքային կառույցներում տեղափոխություններ են ծավալվում` ռոտացիա: Մի տարածքից տեսուչներին տեղափոխում են մեկ այլ վայր: Իմաստն այն է, որ տեսուչներն իրենց տարածքներում «չհաստատվեն» եւ կոռուպցիոն գործարքների մեջ չմտնեն հարկատուների հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, տեսուչների տրամադրության տակ վաղուց առկա է բոլոր տարածքների հարկատուների մանրամասն ցուցակը, որում նշված է՝ ով ով է, «մուծվող է», «գործ տվող է», «տանիք ունի» եւ այսպես շարունակ: Նոր տարածք տեղափոխվելիս՝ նրանք պարզապես փոխանակում են իրենց ցուցակները: «Ժողովուրդ»-ը ՀՀ ՊԵԿ-ից փորձեց պարզել՝ արդյոք տեղափոխություններն իրականացվում են, եւ ինչպես է լուծվելու «թանկարժեք» ցուցակների խնդիրը: ՊԵԿ-ից պատասխանեցին. «Մայիսի 10-ից իրականացվել է Երեւանի հարկային տեսչությունների ընթացիկ հսկողության բոլոր բաժինների հարկային ծառայողների ռոտացիա: Ինչ վերաբերում է Ձեր նշած ցուցակներին, նման ընթացակարգ հարկային մարմիններում չի կիրառվում: Կոնկրետ փաստի առկայության դեպքում շնորհակալ կլինենք՝ այն մեզ տրամադրելու համար»:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ
Մինչ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վարչակազմերը հապաղում էին պաշտոնապես ընդունել կամ մերժել մայիսի 16-ին Վիեննայում հանդիպելու շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` նախօրեին արած առաջարկությունը, առաջիկա հանդիպման կայացման մասին հայտարարություններ հնչեցին նախ` Մոսկվայից` ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի շուրթերով, իսկ երեկ երեկոյան էլ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարեց, որ մայիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կլինի Վիեննայում, որտեղ իր ռուս եւ ֆրանսիացի գործընկերների հետ կանցկացնի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ու թեեւ ո՛չ մինչ այդ, ո՛չ էլ դրանից հետո Երեւանը եւ Բաքուն չհաստատեցին հանդիպմանը մասնակցելու իրենց պատրաստակամությունը, ԱՄՆ պետդեպի այդ հայտարարությունը արդեն իսկ դիտվեց որպես հանդիպման կայացման հաստատում:
Եվ, ահա, դրանից րոպեներ անց հայտնի դարձավ, որ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը: Ընդ որում, դատելով ադրբեջանական կողմի հայտարարություններից` հերթական անգամ կատարվածի պատասխանատվությունը փորձ է արվել դնել հայկական կողմի վրա, ինչը, բնականաբար, շատ արագ հերքվեց ԼՂՀ ՊԲ կողմից:
Բաքվի եւ Երեւանի այս լռության ֆոնին սահմանում վերստին թեժացած իրավիճակը խոսում է այն մասին, որ կողմերից ոչ մեկը այս փուլում չի ցանկանում շարունակել բանակցությունները, քանի դեռ չեն ապահովվել դրա համար իրենց կողմից առաջադրված պայմանները: Թե ինչ պայմաններ է առաջադրել Երեւանը, հայտնի է: Այդ մասին նախ՝ հայտարարեց Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում, ապա եւ` երկրորդեց ՀՀԿ խոսնակը: Եվ պետք է նկատել, որ Վիեննայում հանդիպելու առաջարկին կից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ որոշակիորեն ուրվագծվում էր այդ պայմանների շուրջ առնվազն կոնստրուտիվ քննարկումներ տանելու` միջնորդների պատրաստակամությունը:
Իսկ թե ինչ պայմաններ է առաջադրում Բաքուն, կարծեք թե որեւէ կերպ չի բերվել հոդաբաշխ ձեւակերպման` բացի «օկուպացված տարածքների», ընդհուպ անգամ ԼՂՀ-ի վերադարձի մասին բազմիցս չարչրկված հաթաթաները, որոնց իրագործման ուղղությամբ ապրիլյան քառօրյա պատերազմում Բաքուն ակնհայտորեն տապալվեց: Եվ այս իմաստով ակնհայտ է, որ Վիեննայում կայանալիք հանդիպումն առավել անցանկալի է հենց Ալիեւի համար, թեեւ առանց ԼՂՀ ներգրավման բանակցություններին վերադառնալու տարբերակը հայկական կողմի համար եւս ոչ լավ լուծում է:
Եվ ուրեմն արդյոք սահմանին մարտական գործողությունների վերսկսմամբ փորձ է արվում վիժեցնել այդ հանդիպումը, պարզ կդառնա արդեն առաջիկա երկու օրերին:




Լրահոս